«Ընդդիմադիրները վիճում են չսպանված արջի մորթու համար»
Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին Հայաստանում զգայուն, բայց ոչ միանշանակ արձագանքեցին: Երկրի ապակայունացումը, մարդկանց մահն այն գինը չէ, որը պետք է վճարի պետությունը` հանուն եվրոպական կողմնորոշման: Սա տեսակետներից մեկն է: Մյուսը` ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից, և, այո՛, երկրի ապակայունացման, մարդկանց կյանքի գնով է միայն հնարավոր հասնել երկարաժամկետ ու որակյալ խաղաղության: Մշակութաբան Վարդան Ջալոյանն այսպես է գնահատում Ուկրաինայի զարգացումները.
– Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, բնութագրական է և տիպական: Բազմաթիվ երկրներում կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք բխում են օլիգարխների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական հաստատությունների շահերից և ոտնահարում են բնակչության լայն խավերի շահերը: Իսկ երբ բնակչության այդ խավերը հասկանում են իրենց իսկական շահերը, ապա պատրաստ են դրանք պաշտպանելու, ինչո՞ւ չէ, նաև կյանքի գնով: Դա պետության և բնակչության շահերի բախումը չէ, այլ արևելյան Ուկրաինայի օլիգարխների և բնակչության դիմակայությունը, իսկ ոստիկաններն այս դեպքում հասարակ վարձկաններ են: Մայդանի հիմնական իմաստը հենց այստեղ եմ տեսնում. ունենալ պետություն, որն իսկապես դեմոկրատական է և պաշտպանում է լայն խավերի շահերը:
– Հայաստանում Ձեր նկարագրած վիճակն է, սակայն` առանց դիմադրության. «հեղափոխություն» և «արյուն» բառերն ընկալում ենք` որպես հոմանիշ:
– Ժամանակակից հեղափոխությունները բոլորովին էլ արյունալի չեն: Արյունալի նրանք դառնում են, երբ վերածվում են քաղաքացիական պատերազմի: Եթե վերնախավի համար հեղափոխությունը նշանակում է` արտոնությունների կորուստ, բնակչությանն անպատկառ կերպով «պլոկելու» իրավունքի կորուստ, ապա այն կգնա ժողովրդական բողոքն արյունի մեջ խեղդելու ճանապարհով: Արգենտինայում 12 տարի առաջ տեղի ունեցավ խաղաղ հեղափոխություն, որը ոչ մի կյանք չխլեց: Իսկ խունտայի յոթնամյա տիրապետությունը խլեց 30 հազար կյանք: Հեղափոխությունն արգելակ է, որը կանգնեցնում է անընդհատ և ամենօրյա բռնությունը և սպանությունները, այլ ոչ թե` բռնության ալիք, ինչպես վախեցնում են իշխանություն ունեցողները: Այս առումով Հայաստանին հեղափոխություն պետք է:
Մյուս կողմից` մոտակա ժամանակներում հեղափոխություն Հայաստանում սպասել պետք չէ: Ղրղըզստանում ժողովուրդն իր մեջ ուժ գտավ վերջին 10 տարում երկու անգամ հեղափոխական եղանակով իշխանափոխություն իրականացնել: Կարելի է բերել նաև Վրաստանի օրինակը: Խնդիրը, կարծում եմ, ընդդիմադիր առաջնորդների մեջ է, որոնք ունեն կեղծ գաղափարներ և կեղծ պատկերացումներ:
– Մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքը, ըստ Ձեզ, խորհրդանշական, տխուր հիշողությունների գիրկն ընկնելու միջոցառո՞ւմ է լինելու, թե՞ կոնկրետ գործողությունների սկիզբ:
– Մարտի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ քաղաքական իրադարձության շարժիչ ուժը հասարակ մարդկանց զայրույթն է, այլ ոչ թե քաղաքական գործիչների պլանները: Մարտի 1-ի նշանակությունն այն էր, որ Մյասնիկյանի հրապարակում ծնվեց ինքնուրյուն, դիմադրության ընդունակ անհատը, այսինքն` քաղաքացին իր բուն իմաստով:
Մոտակա հանրահավաքը հավաքելու է տարասեռ զանգված: Ոմանք գալու են, որովհետև ընտրությունները կեղծվել են, և իրենք իշխանություն չեն, մյուսները` իրենց բողոքն արտահայտելու, բայց երրորդ խումբը` զայրացածները, գալու են, որպեսզի դիմեն իրական քայլերի, իրական գործողության: Ինչպես միշտ, ինչպես վերջին 15 տարում:
Եթե գտնվեն վճռական մարդիկ, որոնք, բացի գեղեցիկ ճառեր ասելուց, ընդունակ են նաև առաջնորդել, ապա այդ հանրահավաքը կարող է նկատելի քաղաքական նշանակություն ունենալ:
– Ձեր կարծիքով` «Դեմ եմ» շարժումը կվերաճի քաղաքացիական անհնազանդությա՞ն` առանց լիդերի, թե՞ քաղաքական ուժերը կփորձեն այն կառավարել` ըստ նպատակահարմարության:
– Հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացված է կղերա-պահպանողական իշխանությամբ և հիմնականում լիբերալ հայացքներ ունեցող ընդդիմությամբ: Իսկ լիբերալ մտածողությունը սևեռված է իրավունքների, բայց հատկապես «արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների» սևեռուն գաղափարի վրա: Կուտակային կենսաթոշակների խնդիրը սոցիալական է և այդ պատճառով հասու չէ մեր լիբերալ ընդդիմադիրներին:
– Այնուամենայնիվ, քաղաքական 4 ուժեր («Ժառանգությունը»,ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն) պայքարում են ընդդիմադիր դաշտում առաջնահերթ դիրք զբաղեցնելու ուղղությամբ: Դուք Հայաստանում ընդդիմություն` դասական ընկալմամբ, տեսնո՞ւմ եք:
– Դասական, որքան գիտեմ, նշանակում է` անտիկ հունա-հռոմեական: Առաջինը տվել է դեմոկրատիայի գաղափարը, երկրորդը` օրենքի իշխանության գաղափարը: Սրանք են դասական քաղաքական արժեքները: Կրո՞ւմ են ձեր թվարկած ուժերը դասական այս արժեքները. կարծում եմ՝ միայն մասամբ: Ընդդիմադիր քաղաքական ուժերը միշտ իրար հետ վիճում են չսպանված արջի մորթին բաժանելու համար: Բայց նրանցից ոչ մեկը չի պատրաստվում գնալ արջաորսի: Արջին սպանելու պատիվը լիբերալ էլիտան թողել է «բռի մասսային»:
– Ընդդիմադիր ուժերը պնդում են, թե ընդդիմության հասցեին հնչած թերագնահատությունն իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է: Ձեզ որքանո՞վ են անկեղծ թվում ընդդիմադիրները, երբ նրանց թիրախում երկրի նախագահը չկա, միայն կառավարությունն է:
– Իսկական ընդդիմադիր ուժը, ըստ իս, տնտեսական և սոցիալական ճգնաժամից տառապող ժողովրդական լայն զանգվածներն են: Այն, որ լիբերալ ուժերն իրենց թիրախը նախագահից փոխել են վարչապետի անձի վրա, խորհրդանշական է: Նրանք հասկանում են, որ երկրի համար մեկ հարցը տնտեսական է և սոցիալական: Բայց նրանք գնում են ինքնաբուխ ժողովրդական շարժումների պոչից և ընդունակ չեն նախաձեռնության:
Լայն զանգվածները հիասթափված են լիբերալ ընդդիմությունից, որովհետև այն անընդունակ է արմատական փոփոխությունների և արմատական գործողությունների: Իսկ իրադրությունը փրկելու համար հենց արմատական քայլեր են պետք:
– ԲՀԿ նախագահը կուսակցության համագումարին հայտարարեց, թե ինքը պատրաստ է ցանկացած սցենարներին` արժանանալով ՀՀԿ-ականների հեգնանքին, իսկ ՀԱԿ-ում այսպիսով տեսնում են «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ծիլերը:
– ԲՀԿ-ն հայտ է ներկայացնում ձևավորելու երկկուսակցական համակարգ, երբ իշխանության փոփոխությունն արմատական փոփոխություններ չի բերի: Սակայն ՀՀԿ վերնախավը համաձայն չէ և պատրաստվում է ամրապնդել իր միահեծան իշխանությունը: Այստեղից էլ` հեգնանքը:
Փաստորեն, ԲՀԿ-ն խնդրում է կիսվել իշխանությամբ, այլ ոչ թե ցուցադրում է իր վճռականությունը: Իսկ ՀՀԿ-ն սանձել կարող է միայն վճռական և դեմոկրատական ուժը: ԲՀԿ-ն ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը:
– Ձեզ` իբրև մշակութաբանի, ի՞նչ ինֆորմացիա է հաղորդում երկրի նախագահի, գեներալիտետի, օլիգարխների լեքսիկոնը, հրապարակային խոսքը:
– Լենինն ասել է, որ երկիրը կարող է ղեկավարել նույնիսկ խոհարարուհին, եթե, իհարկե, նրան սովորեցնեն երկիր ղեկավարել: Հիմա մեզ ղեկավարում են «խոհարարուհիները», որոնք չեն սովորել երկիր ղեկավարել: Այսինքն՝ ղեկավարում են բռնության և հալածանքների միջոցով: Բայց բռնությունը և հալածանքն արդարացում են պահանջում: Հայտնվում են կախարդական բառեր` «անվտանգություն», «ազգասիրություն» և այլն:
Հետևաբար, մենք «վտանգի մեջ» ենք, որից պաշտպանվելու համար անհրաժեշտ է արտակարգ իրադրություն: Արդարացնելու համար արտակարգ իրադրությունը` նրանք հղում են անում Ադրբեջանի սադրանքներին, համաշխարհային ճգնաժամին, եղանակային պայմաններինգ Արտակարգ իրավիճակում իշխանությունը սեփական երկիրը դիտում է նվաճված մի «բանակի» կողմից, որի ինքնահռչակ գեներալներն իրենք են: Այստեղից էլ նրանց խոսքի «սալդաֆոնական» երանգը: Կռվում էին Ադրբեջանի դեմ, բայց զավթեցին Հայաստանը:
– Հայկական մտածողության առանձնահատկություններից մեկն այսպես է հնչում` հայերս ամենաօրհասական իրավիճակներից ելք գտել ենք, տեսեք` ինչ քաղաքակրթություններ են անհետացել աշխարհի երեսից, մենք կանք և այս փուլն էլ կհաղթահարենք:
– 1500 տարի առաջ Մերձավոր Արևելքն ուներ մի քաղաքակրթություն, որի ինքնատիպությունը որոշում էր միաբնակ քրիստոնեությունը: Նրա 20 միլիոն բնակչից 15 միլիոնը պատկանում էր հենց այդ դավանական ուղղությանը: Դա մի քաղաքակրթություն էր, որի մասն էին` կոպտերի, սիրիացիների և այլ ժողովուրդների հետ, նաև հայերը: Այժմ 250 միլիոնից ընդամենը 10 միլիոնին կարելի է համարել այդ քաղաքակրթության հետնորդները: Միաբնակ քրիստոնեությունը ռելիկտ է, որը վաղուց գրանցված է անհետացող տեսակների կարմիր գրքում: Իսկ այս փուլը կարելի է համարել որպես այդ քաղաքակրթության վերջին ակորդը, վերջին ջղաձգությունը` մեռնելուց առաջ: