Առանց ընտանիքի

Հայերիս համար որբության թեման առանձնահատուկ է` մեր ժողովրդի գոյության ընթացքում անվերջ պատերազմները, Ցեղասպանությունը, 88-ի երկրաշարժը, սոցիալական տգետ քաղաքականությունը ստիպել են բոլոր դարերում ունենալ որբերին խնամող հաստատություններ: Այսօր Հայաստանում գործում է 16 մանկատուն: Հայաստանի մանկատների, որբության թեման ամենայն բարեխղճությամբ ուսումնասիրել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն, երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանն` իր «Հայաստանի մանկատները» աշխատությունում: Մանկատների և մանկատան սաների մասին գրքեր («Մանկատներ և երեխաներ») ու հոդվածներ ունի նաև գրող, լրագրող Մհեր Արշակյանը, որի մանկության, պատանեկության հուշերը կապված են Գավառի մանկատան հետ:

– Որբության թեման հայկական մշակույթում էական դեր ունի. այն արծարծված է նաև մեր էպոսում: Հիշենք, որ առանց ծնողների էր մեծանում մեր էպոսի առանցքային կերպարը` Սասունցի Դավիթը: Մհեր, Դուք գրականության մարդ եք. ի՞նչ եք կարծում, Դավթի` առանց ծնողների մեծանալը որքանո՞վ է պայմանավորում նրա բնավորությունը:

Մհեր Արշակյան- Եթե չեմ սխալվում, Սասունցի Դավթին չէին լքել: Հետևաբար` դա այն որբությունը չէ, որի մասին խոսելու ենք: Դավիթն ինքնակազմակերպվող որբությամբ մեծացող տղա էր: Ինքը սկսվում է ծնողների բացակայությունից և ոչ թե` ծնողների կողմից լքված լինելուց:

– Դրանք երկու մեծ տարբերությո՞ւն են:

Կարդացեք նաև

Մհեր Արշակյան– Դրանք մեծ տարբերություն են: Թեև իմացության հարց է` եթե գիտես որբությանդ պատճառը, տարբերություն առաջանում է, եթե չգիտես` նույն բանն է:

Աննա Մնացականյան– Որբությունը, որպես երևույթ, միշտ եղել է և, կարծում եմ, կլինի, ինչպես եղել են ու կան գողությունը, մարմնավաճառությունը… Երեխայի համար չափազանց էական է, թե ինչ պատճառով է ինքը հայտնվել մանկատանը` ծնողների մահվա՞ն, թե՞ իրեն լքելու. դա երեխայի սոցիալականացման վրա մեծ ազդեցություն է թողնում: Օրինակ` 88-ի երկրաշարժից հետո ունեցանք մոտ 3000 որբ երեխա, բայց այդ երեխաներից գրեթե ոչ ոք չհայտնվեց մանկատներում, թեև մանկատներում երեխաների թիվն աճում էր:

– Ձեր կարծիքով` երեխային մանկատուն հանձնելու համար սոցիալական խնդիրները վճռորո՞շ են, թե՞ դա, այդուհանդերձ, անհատական որոշում է:

TerlemezyanԱննա Մնացականյան– Անհատականը հանգամանքներն են, մնացածը սոցիալ-մշակութային դրսևորումներ են: Օրինակ` քրիստոնեության տարածման շրջանում, երբ փորձում էին երեխաներին քրիստոնեությանը մոտեցնել, նրանց հեռացնում էին քրմերի ընտանիքներից: Եվ այդ երեխաները դառնում էին ծնողազուրկ:

– Մհեր, Ձեր մանկությունն անցել է Գավառի մանկատանը: Այդ թեմային նվիրված գրքեր ունեք, հոդվածներ: Մեկում բարձրացրել էիք «ի՞նչ է մանկատան երեխան» հարցը: Կարծում եք` այդ ձևակերպումն էականորեն տարբերվո՞ւմ է «ի՞նչ է երեխան» հարցից:

Մհեր Արշակյան– Ինքս չեմ հիշում այդ հոդվածը, սակայն, հավանաբար, նկատի եմ ունեցել, որ երեխան ձևավորվում է սիրուց: Ոչ թե սիրո արդյունք է, այլ ծնվելու պահից նա սկսում է ձևավորվել սիրուց: Մանկատան երեխան սիրելու օբյեկտներ չունի:

– Իսկ ինքը սիրո սուբյեկտ չէ՞ մանկատանը:

Մհեր Արշակյան– Սովորաբար` ոչ: Ինձ չեն սիրել. հազիվ թե ես սիրելու բան էի:

Աննա Մնացականյան– Ուղղակի վստահ եմ` Մհերը սիրո պտուղ է: Հակառակ դեպքում նա այսպիսի լուսավոր կերպար չէր լինի: Նրա գիրքը մանկատան երեխաների մասին չափազանց հետաքրքիր գրական հայացք էր: Ի դեպ, երեխաներին մանկատուն հանձնած ծնողների մեծամասնությունն ունի լուրջ խնդիր` դեգրադացված մարդիկ են:

Մհեր Արշակյան– Իմ կարծիքով` մանկությունը պրոցեդուրա է. ծնվում ես, մոր գրկում մեծանում, հետո զգում ես ծնողներիդ վերաբերմունքը` զայրույթը, սերը, քնելիս մայրդ գալիս է, համբուրում, հետաքրքրվում` հո քաղցած չե՞ս… Մանկատան սանը լիարժեք երեխա լինելու ողջ պրոցեդուրայից դուրս է: Ինքը հաշմանդամի կատեգորիայի մեջ ձևավորվող երեխա է` սոցիալական հաշմանդամ: Հիմա, երբ ինքս երեխա ունեմ, տեսնում եմ, թե ինչ սեր է ինքը տեսնում: Այդ ամենից ես, մյուս սաները դուրս ենք մնացել:

Պաշտոնապես ասում եմ` մանկատանը գրեթե ոչ մի երեխա չգիտի` ինչ է մայրական սերը: Եվ հեքիաթ է ձևակերպումը, թե երեխաները ցավ են ապրում, որ ծնողներն իրենց հետ չեն: Ես երբևէ մոր կարիք չեմ զգացել: Մոր կարիք զգում ես, երբ գոնե մի ակնթարթ իր հետ ես եղել: Երբ կա ակնթարթի հիշողությունը: Եթե երեխան մեկ օր լիարժեք մանկություն է ապրել` ընտանեկան միջավայրում, այդ հիշողությունը նրան կստիպի հիշել մորը: Մանկատան ոչ մի երեխա չգիտի` ինչ է նշանակում` մայրական, հայրական սեր:

– Այսօր երեխաներից հրաժարվելու, մանկատուն հանձնելու հիմնական պատճառներից մեկը հաշմանդամ երեխայի ծնունդն է: Ծնողը` մնալով միայնակ իր խնդրի հետ, որպես լուծում ընտրում է երեխայից հրաժարվելը: Մինչդեռ ԱՄՆ-ում, Եվրոպայում, որդեգրելիս ծնողները նախապատվությունը տալիս են հիվանդ, խնամքի կարոտ երեխաներին:

Մհեր Արշակյան– Հիվանդ երեխային մանկատուն հանձնելն անհատական ռասիզմ է:

Աննա Մնացականյան– Հիվանդ երեխային մանկատուն հանձնելը, կարծում եմ, սոցիալական արմատներ չունի: Դա ազգային հոգեկերտվածք է. հայերս սովորաբար ձգտում ենք կատարյալի: Երբ դու ունես անառողջ երեխա և նաև առողջ երեխաներ, վերջիններիս ամուսնացնելիս կանգնում ես խնդրի առաջ` ընտանիքի հիվանդ երեխան ստվեր է ձգում առողջների ճակատագրի վրա: Ամեն դեպքում, իմ ուսումնասիրություններում կա, հիմնականում լքում են քաղաքներում: Գյուղերում հաշմանդամ երեխաներին մեծացնում են, հարևանները հոգ են տանում: Ամեն գյուղում, գիտեք, մի խենթուկ կա:

– Գյուղում ամոթի խնդիրն է ավելի զորեղ, և նաև` չգիտեն մանկատուն հանձնելու ճանապարհը:

Աննա Մնացականյան– Հասարակական կարծիքի գործոնը կա: Իսկ մանկատան ճանապարհը բոլորը գիտեն: Փոքր համայնքներում համայնքային պատասխանատվության զգացումն ավելի բարձր է: Մինչդեռ քաղաքում կարող ես զանցանք գործել, և այդ մասին ոչ ոք չի էլ իմանա:

– Նախկինում մանկատնից դուրս եկած երեխան հասարակության մեջ գրեթե նույն արձագանքն էր գտնում, ինչ ազատազրկման վայրից դուրս եկած կալանավորը: Կար կարծրատիպ, որ մանկատան տղաները պոտենցիալ հանցագործներ են, աղջիկները, թող ներեն ինձ, հակված են մարմնավաճառության:

Mher ArshakyanՄհեր Արշակյան– Այդ կարծրատիպը ոչ թե մանկատնից դուրս եկող երեխայի, այլ հասարակության խնդիրն է: Մանկատան երեխաների կրթությունը, դաստիարակությունը գուցե այն չեն, սակայն մանկատան ոչ մի երեխա հանցագործ չէ: Մանկատան երեխան ոչինչ այնքան շատ չի ուզում, որքան ազատություն: ԽՍՀՄ փլուզումից հետո ամենահեշտ խոցելի խումբը մանկատան երեխաներն էին: Հատկապես աղջիկները: Նրանք ուղղակի շփոթված էին: Մանկատան երեխայի ամեն քայլն ազատության ճիչ է: Ինքն էլ չգիտի` ինչի՞ է ուզում ազատություն, բայց ուզում է: Թեև, երբ դուրս է գալիս փողոց, հասկանում է, որ ազատություն բացարձակ անիմաստ է ուզել: Պարզվում է, որ ազատության ձգտման հաշվին նա շատ բան չի նկատել, չի կարևորել: Դա ինձ էլ է վերաբերում:

– Աննա՛, մանկատների, որբության խնդիրն ուսումնասիրել, դիտարկել եք մեծ ժամանակահատվածում: Դիցուք, 5-րդ դարում և հիմա երեխաներին մանկատուն հանձնելու մոտիվները տարբե՞ր են:

Աննա Մնացականյան– Տարբեր ժամանակներում, տարբեր հաստատությունները, որոնք հոգ են տարել երեխայի համար, ունեցել են որոշակի նպատակ: Համաձա՞յն ենք այդ նպատակներին, թե՞ ոչ, սակայն երեխան եղել է պահանջված` լինի կրոնակա՛ն համատեքստում թե խորհրդային շրջանում, երբ այդ երեխաների վրա զուտ տնտեսական հաշվարկներ էին անում. նախ` երեխան մանկատնից հետո հայտնվում էր պրոֆտեխուսումնարանում, հետո` գործարանում, և սոցիալականացման խնդիր չէին ունենում: Երեխան ցանկանում է լինել պահանջված որևէ օղակի կողմից: Ընտանիքում երեխան պահանջված է ծնողների կողմից: Մանկատան երեխան նախկինում պահանջված էր եկեղեցու կամ պետության կողմից, իսկ այսօր նա պահանջված չէ: Եվ մանկատների պայմանական ազատությունը նման է անտերության:

– Չբերության տոկոսը մեծ է` 17-18 տոկոս: Շատ զույգեր երազում են զավակ ունենալ, գոնե որդեգրել: Սակայն կա թե՛ հոգեբանական գործոնը, թե՛ որդեգրման գործընթացն է բավականին սրտմաշուկ:

Աննա Մնացականյան– Չբերության 17-18 տոկոսը սարսափելի թիվ է: Ինքս գիտեմ ծնողներ, ովքեր Աստծուն աղերսում են երեխա ունենալ: Եվ վերջերս ցույց տվեցի 23-ամյա մի կնոջ, ով հինգ երեխայի մայր էր, և այդ երեխաներին պահում էր սարսափելի հակահիգիենիկ պայմաններում: Պետք է նկատեմ, որ այսօր մանկալքության տոկոսը ցածր է. հիմնականում հրաժարվում են հաշմանդամություն ունեցող երեխաներից:

– Մանկատան երեխայի համար սպասվա՞ծ պահ է, որ իրեն որդեգրեն:

Մհեր Արշակյան– Պատկերացրեք, ես այդ փորձն էլ ունեմ: Ինձ էլ են փորձել որդեգրել, երբ 14 տարեկան էի: Եվ այդ մարդկանց հետ շփվելիս ծիծաղում էի, չէի հասկանում` ի՞նչն է մեզ միմյանց կապում: Նրանք ասում էին.«Մենք ուզում ենք, որ դու մեզ համար լինես որդի»: Բայց 14 տարեկանում արդեն ուշ է` լինել որդի: Այնպես չէ, որ երեխաները գիտեն` ինչ է նշանակում` հայր կամ մայր, սակայն նրանք ցանկանում են լինել մանկատնից դուրս: Եվ որդեգրությունը մանկատնից դուրս լինելու ձևերից մեկն է:

Աննա Մնացականյան– Կարծում եմ` 14 տարեկանում երեխային որդեգրելն ինքնին խնդրահարույց է: Անգամ մայրերն իրենց 14-ամյա որդիների հետ խնդիրներ են ունենում` սեռահասունացման տարիք է, և այլն, և այլն:

– Սակայն այդ բարդ տարիքն ավելի հեշտ է հաղթահարել ոչ միայնակ, սիրող մարդկանց միջավայրում:

Մհեր Արշակյան– Պարզապես, այդ տարիքում գուցե ինչ-որ աղջկա սիրո մասին մտածեի, սակայն 70-ամյա ամուսինների սիրո մասին չեմ մտածել: Ասեմ մի բան` ես իմ մանկության ոչ մի րոպեի համար չեմ ափսոսում: Ես երջանիկ եմ, որ մեծացել եմ մանկատանը:

Աննա Մնացականյան– Չկա որևէ համակարգ, անգամ ամենակատարյալը, որը կարող է փոխարինել ընտանիքին: Մանկատունը կարող է իրեն արդարացնել, երբ պետական լուրջ, մտածված քաղաքականության արդյունքում ստեղծված կառույց է: Ուսումնասիրությունն անելիս` եղա Ջավախքում և հետաքրքրվեցի` արդյո՞ք այնտեղ երբևէ մանկատներ եղել են: Պատասխանն էր` ոչ: Ասացին, որ վերջերս Բոգդանովկայում է բացվել մանկատուն, որտեղ ապրում են բացառապես վրացի երեխաներ:

Վրացական իշխանությունները Ջավախքը վրացիներով բնակեցնելու խնդիր ունեն և մանկատանը վրացի երեխաների են բնակեցնում, որ այդտեղ արմատներ գցեն: Եվ վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոններ է կազմակերպում, և Ստեփանակերտում սկսել են բացվել հաստատություններ: Ես շատ եմ ցավում, քանի որ, երբ հաստատությունը բացվում է, այն շատ դժվար է փակել: Գնում է վերարտադրման, գոյատևման, աշխատող անձնակազմի խնդիր:

Այսինքն` եթե հաստատությունն աշխատում է, նա սկսում է այդ կատեգորիան հավաքել: Ստացվում է` եթե անգամ նման երևույթ չկա, այդ երևույթն առաջանում է: Եթե սահմանամերձ գյուղերում վերաբնակեցման խնդիր դնեին և այնտեղ բացեին մանկատներ, կհասկանայի նպատակ` գյուղը պահպանելու խնդիր է: Բայց, ի սեր Աստծո, Ստեփանակերտում ինչո՞ւ են բացում մանկատուն: Թեև հասկանում եմ, որ Սփյուռքից մանկատան անվան տակ գումար հավաքելը հեշտ է…

– Սակայն, եթե ծնողը պատրաստ է երեխային հանձնն մանկատուն միայն այն հիմնավորմամբ, որ այն իր տնից երկու կանգառ այնկողմ է, գուցե երեխայի համար ռիսկայի՞ն է նման ծնողների հետ ապրելը, գուցե ավելի ապահով է մնալ մանկատա՞նը:

Մհեր Արշակյան– Մանկատանը մեծացած աղջիկը` Ռոզա Ալոյանը, սպանեց իր երկու երեխային: Ես նրան ճանաչում էի: Ո՞ր տարբերակն է ճիշտ` որ այդ երկու երեխաներն ի սկզբանե լինեին մանկատա՞նը, թե՞ իրենց մոր մոտ:

Աննա Մնացականյան– Սակայն կա նախապատմություն. Ռոզա Ալոյանի աչքի առաջ իր հայրը ժամանակին սպանել էր մորը: Հորը ձերբակալեցին, և Ռոզա Ալոյանին` իր երկու եղբայրների հետ, տեղավորեցին մանկատանը: Ռոզայի եղբայրն ավելի ուշ հայտնվեց կալանավայրում և այնտեղ ինքնասպան եղավ, Ռոզան սպանեց իր երկու երեխաներին: Նա հիմա հոգեբուժարանում է:

Մհեր Արշակյան– Մանկատուն, ցանկալի է, ընդհանրապես չլիներ, որպեսզի երեխայից ձանձրացող կամ կիսաաղքատ մարդիկ երեխաներին մանկատուն չտանեին: Սակայն, քանի որ մանկատներ, այդուհանդերձ, կան… Բայց այդ հարցի պատասխանը` երեխային ավելի հարմար է համեմատաբար ապահով մանկատո՞ւնը, թե՞ անկանխատեսելի ծնողները, ես չգիտեմ: Այսօր ինքս անգամ հաճույքով եմ այցելում մանկատուն: Ես երջանիկ եմ, որ մեծացել եմ մանկատանը: Ես ծնվել եմ, ինչի համար շատ շնորհակալ եմ մորս: Դատապարտել այն, որ ես մեծացել եմ մանկատանը, նշանակում է` դատապարտել մորդ: Ես չեմ պատրաստվում դատապարտել մորս:

– Փնտրե՞լ եք նրան երբևէ:

– Հանդիպել եմ… Նորմալ կին էր… Ինձնից հետո երկու երեխա է մեծացրել:

Տեսանյութեր

Լրահոս