
Պետության վերաթաղումը ճշմարտության գերեզմանափոսում

Հայաստանի քաղաքական իրականության մեջ կա գործնականում ամեն ինչ, բացի ազնվությունից ու անկեղծությունից և որպես հետևանք՝ ճշմարտությունից։
Իշխանությունն անազնիվ ու կեղծավոր է իր հակապետական քաղաքականության մեջ, նրա դեմ պայքարողներն անազնիվ են ու ոչ անկեղծ պետության պաշտպանության՝ գոնե հայտարարվող իրենց քաղաքականության պարագային։ Իսկ սուտը, որ իշխանության մենաշնորհն է, ընդիմադիրներից ոմանց դեպքում արտահայտվում է պակաս տաղանդավոր խաբեությամբ, ոմանց մոտ՝ չարյաց փոքրագույնի սկզբունքով՝ որպես կիսաճշմարտություն։
Մի քանի տարի հայտարարվում է գոյութենական սպառնալիքի, պետության լինելիության հրամայականի մասին, բայց դրա համար պայքարը մղվում է սովորական քաղաքական մրցակցության միջոցներով, ինչը բացահայտում է, որ պայքարողները պայքարում են ոչ միայն և երևի ոչ այնքան՝ պետության, որքան՝ այն նույն իշխանության համար, որը պահպանելու նպատակով դրա ներկայիս ուզուրպատորը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ։ Այդ թվում՝ պետությունը, որը պահպանելու համար պայքարողները պայքարում են այնպես, ինչպես ընդունված է պայքարել իշխանության գալու մարտերում։
Պետության պահպանման համար պայքարում չեն կարող լինել մանր քաղաքական հաշվարկներ, մինչդեռ իշխանության համար գզվռտոցը հենց ճղճիմ հաշվարկների զբաղմունք է։ Հիմա, այդպիսի հաշվարկներով փորձ է արվում փրկել պետությունը, որը՝ որպես նպատակադրում, որևէ հաշվարկից վեր պիտի լիներ։ Ինչպես որ անկախությունն ու ինքնիշխանությունը։
Այսօր դրանք ոտնատակ տվողն անկախության ու ինքնիշխանության վաճառքը փաթեթավորում է մտավարժանքներով, հասկացությունների նենգափոխմամբ։ Դիմացիններն անգամ դա չեն անում՝ առանց ամաչելու հպարտանալով սեփական քաղաքական կողմնացույցի միայն հյուսիսային սլաքով ու այնտեղից ստացվելիքի մասին երազներով, որը, ինչպես կյանքն է ցույց տալիս, լավագույն դեպքում ավարտվում է երազախաբությամբ։
Ընթացիկ քաղաքական աղմուկում այս հարցերը գուցե ժամանակավրեպ են թվում, բայց այս հասկացությունների որոշակիացումը, այդուհանդերձ, կարևոր է։ Որովհետև մի բան է պետության պաշտպանությունը, բոլորովին այլ ժամավաճառություն է իշխանության մասնաբաժնի համար մղվող պոլիտիկանությունը, որով զբաղվողների դեպքում, ինչպես գործողների պարագային, կարևորն իշխանությունն է՝ անգամ պետության բացակայության պայմաններում։ Հասկացությունների ու պայքարի առարկաների որոշակիացումը կարևոր է ոչ միայն՝ որովհետև անկեղծ լինելն ավելի բարոյական է, այլ՝ քանի որ կա նաև մեթոդական խզում։
Իշխանությունը՝ այդ թվում պետության հաշվին վերարտադրվելու ճանապարհին, հենվում է ոչ թե հասարակության, այլ պետական կառավարման ուղղահայաց համակարգի վրա։ Իշխանության դեմ պայքարողները, սակայն, օբյեկտիվ պատճառներով կարող են հենվել միայն հասարակության վրա, որը, սակայն, եթե անգամ տեսականորեն պետության փրկության համար կարող է քայլ անել, ապա գործնականում անհաղորդ է լինելու և է իշխանության համար պայքարի պարագային։
․․․Հովհաննես Թումանյանը հայտնի «Անկեղծ չենք» հոդվածը հրապարակել է անցած դարասկզբին՝ պետության բացակայության պայմաններում։
Այսօր՝ շուրջ 120 տարի անց, մենք կրկին կանգնած ենք անկեղծության համատարած բացակայության խնդրի առաջ՝ արդեն ունենալով պետություն, որի կորուստն այս պահին ավելի քան հավանական է թվում։ Որովհետև, ինչպես անցած դարասկզբին, այնպես էլ ու առավել ևս այսօր՝ անկեղծ չենք և անհատապես ու հավաքականորեն, իրարից ու բոլորից ավելի, ատում ենք ճշմարտությունը։
Հարություն Ավետիսյան