ՀՀ-ում երեխաների մոտ գերքաշություն է նկատվում. նախարարությունը վերանայել է սննդի նորմատիվը

Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում, այդ պատճառով վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարությունից նշում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:

«Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա»,– պարզաբանել են նախարարությունից:

Չի թույլատրվի

  • Կրեմային հրուշակեղեն,
  • Քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,
  • Շոկոլադ,
  • Շոկոլադապատ արտադրանք,
  • Աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),
    Կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ): Բացի այդ, նախարարության փոխանցմամբ` արդեն իսկ ավելի քան 2 անգամ նվազեցվել է օգտագործվող աղի քանակը։

«Ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով: Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում»,- ընդգծել են ԱՆ-ից:

Տեսանյութեր

Լրահոս