
2100թ. Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 25 միլիոնի

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը հայտարարել է, որ երկրում ծնելիության ցուցանիշը պատմական անկում է ապրում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը զուգահեռ նշում է, որ «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) ցածր հավանականության կանխատեսմամբ՝ 2100 թվականին երկրի բնակչությունը կկազմի 54 միլիոն մարդ, իսկ ՄԱԿ-ի ցածր հավանականության սցենարի համաձայն՝ այդ թիվը կարող է նվազել մինչև 38 միլիոնի։
Վերջինս չի բացառել նաև ՄԱԿ-ի մեկ այլ՝ ավելի ցածր հավանականության սցենարը, ըստ որի, բնակչության թիվը նույնիսկ կարող է հասնել մինչև 25 միլիոնի:
«Ծնելիության միջին գործակիցը կազմում է 1․48, ինչը մեր պատմության մեջ ամենացածրն է: Բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ նվազագույնը 2․1 գործակից»,-ասում է Գյոքթաշը:
Նրա խոսքով, եթե 2014 թվականին այդ շեմից ցածր էին 52 նահանգ, ապա այժմ դրանց թիվը 71-ն է:
Նախարարի բնորոշմամբ՝ այս ներկայումս Թուրքիայի բնակչության 88 տոկոսը բնակվում է այնպիսի քաղաքներում, որոնք չեն կարող ապահովել բնակչության վերարտադրումը:
Այս ամենին զուգահեռ նշվում է նաև, որ բնակչության տարեկան աճի տեմպը ևս նվազել է. եթե 2021-ին այն 12.7 պրոմիլ էր, ապա 2022-ին կազմել էր 7.1, իսկ արդեն 2024-ին՝ 3.4 պրոմիլ:
Նախարար Գյոքթաշն ահազանգում է, որ իրավիճակի պահպանման պարագայում առաջիկա 5 տարում նախակրթարաններ հաճախող երեխաների թիվը կկրճատվի մոտ 900 հազարով։