
ԱԺ ընդդիմություն, գնացե՛ք թոշակի, եթե անգամ այս պատմական փուլում ոչինչ անել չեք կարող. Դավիթ Անանյան
«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավը հետապնդում է երկու նպատակ՝ հայի ինքնութենական վերջին պատվարի վերացում և էլեկտորատի խնդրի լուծում։
Այս երկու նպատակի կյանքի կոչման համար է, որ արդեն իսկ հրապարակվել է եկեղեցու դեմ գործողությունների մասին ճանապարհային քարտեզ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Դավիթ Անանյանը։
«Նա կիրակի օրը ժողովրդին կարող է տանել Եկեղեցու բակում ուղղակի բախման՝ Վեհարանում տեղապահ նշանակելու հարցում իր պլանավորած տակտիկական քայլերն իրականացնելու համար»,- շարունակեց Անանյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կանխել այդ պլանը, Անանյանը պատասխանեց՝ առաջին հերթին հոգևոր առաջնորդություն ստանձնելով։
«Հոգևոր առաջնորդություն է պետք։ Եկեղեցին ժողովրդին պետք է կոչ անի դուրս գալ փողոց, գնալ Էջմիածին։ Հայ եկեղեցու հավատավոր ժողովուրդն այսպես թե այնպես գնալու է Էջմիածին, հետևապես, լավ կլինի, որ հոգևոր հայրերը ստանձնեն հոգևոր առաջնորդություն և անեն համախմբման կոչ»,- ասաց Դավիթ Անանյանը՝ շեշտելով՝ հոգևոր առաջնորդությունն իրենից ենթադրում է հավատավոր ժողովրդի կոնսոլիդացիա։
Հարցին՝ հոգևոր առաջնորդություն ստանձնլուց բացի, ի՞նչ պետք է անեն քաղաքական գործիչները՝ խնդիրների լուծումը միայն հոգևորականներին չթողնելու համար, Անանյանը պատասխանեց՝ առաջին հերթին այս հարցում անելիքներ ունի խորհրդարանական ընդդիմությունը։
«Ինչո՞ւ, որովհետև ունեն համակարգեր և լծակներ։ Իրենք կոնտր էլիտա են՝ քաղաքական իշխանության մի մաս։ Նրանք ներկայացնում են մեր բոլորի ձայնը։ Մենք ակնկալում ենք իրենց համախմբումը, իսկ եթե չկա այդ համախմբումը, ապա պետք է դրան տանք մեր գնահատականը։ Իրենք եթե իրար հետ չեն կարողանում լեզու գտնել անգամ այս փուլում, որը պատմական է, ապա այս երկու ընդդիմադիր խորհրդարանական ուժին էլ պետք է քննադատեմ՝ որպես նրանց ընտրող։ Եթե այս փուլում էլ ընդդիմությունը չի համախմբվում, ուրեմն ասում եմ՝ ընդդիմություն, գնացե՛ք, մի քիչ էլ դադար առեք, բայց հիշե՛ք՝պատմությունը բոլորիդ դնելու է իր տեղը։ Պարտավորություններ ունե՛ք, բարի եղեք կատարե՛ք, համախմբե՛ք բոլորին, եթե չեք անում, ուրեմն քաղաքականության էջը թերթե՛ք ու գնացե՛ք պատմության գիրկը, բայց պատմության գիրկը չգնաք՝ «ես գնում եմ, բայց ինձ չմոռանաք» ասելով։ Կանգնե՛ք, ասե՛ք, որ ձեր մոտ ոչիչ չի ստացվում ու գնացե՛ք թոշակի՝ ընդմիշտ թոշակի»,- ասաց Դավիթ Անանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։