
Եթե իշխանությունները հրաժարվում են պաշտպանել մեր իրավունքները, մենք պետք է դա անենք․ ԱՀ պետնախարար

Այս օրերին միջազգային տարբեր հարթակներ աջակցություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերին`պաշտպանելով նրանց վերադարձի իրավունքը։
Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 87 անդամներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ ներգրավվել՝ ապահովելու ԼՂ հայերի «հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը»։ Այս նախաձեռնությանը նախորդել են Բելգիայի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնության առաջադրումը։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավոր նույնպես իրենց աջակցությունն են հայտնել։
Միջազգային հանրությունն այս քայլերով փաստացի արձանագրում է, որ հայկական Արցախի էջը փակված չէ, որ էթնիկ զտումը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին խոսքը։
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը 168․am-ի հետ զրուցում նշեց՝ հավաքական մեծ վերադարձի համար անհրաժեշտ է միասնական, հետևողական և համառ պայքար։
«Մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք մեր խնդիրը՝ տեղեկացնելով ողջ աշխարհին։ Ամեն օր, ամեն տեղ, բոլոր հարթակներում և յուրաքանչյուր ամբիոնից պետք է խոսենք Արցախի ու արցախցիների իրավունքների մասին։
Վերադարձը հնարավոր չէ՝ առանց հստակ և ամուր միջազգային անվտանգային երաշխիքների, որոնք կապահովեն արցախցիների անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքը։
Շնորհակալ ենք բոլոր միջազգային կառույցներին ու հարթակներին, որոնք չեն լռում և իրենց աջակցությունն են հայտնում արցախցիների վերադարձի իրավունքի հարցում։ Նման նախաձեռնությունները մեծ արժեք ունեն մեր պայքարում և իրական աջակցություն են արցախցիներին»,- նշեց Արցախի Հանրապետության պետնախարարը։
Միջազգային հարթակներ կարո՞ղ են այդ օրակարգը ձևավորել՝ անկախ ՀՀ գործող իշխանության՝ Արցախի էջը փակելուն ուղղված միտումների՝ մեր հստակեցմանն ի պատասխան՝ Նժդեհ Իսկանդարյանը ցավով արձանագրեց, որ իշխանությունների մոտեցումը վաղուց պարզ է՝ չկա արցախցի, չկա նաև Արցախի խնդիր, և հետևաբար՝ այդ հարցը պատշաճ կերպով կկարողանա բարձրացվել իշխանափոխությունից հետո միայն։
«Սակայն դա չի նշանակում, որ այդ օրակարգը չի կարող գոյություն ունենալ կամ առաջ մղվել։ Մենք՝ արցախցիներս, պարտավոր ենք ինքնուրույն ձևավորել ու ամրապնդել այն հարթակները, որտեղ մեր ձայնը կհնչի՝ անկախ իշխանությունների կամքից։ Միջազգային գործընկերների, սփյուռքի համայնքների, տարբեր կազմակերպությունների հետ ուղղակի կապն ու հետևողական աշխատանքը կարող են թույլ տալ, որ Արցախի խնդիրը չմոռացվի, այլ դառնա լուրջ միջազգային քննարկման առարկա։ Հետևաբար, եթե իշխանությունները հրաժարվում են պաշտպանել մեր իրավունքները, մենք պետք է դա անենք ինքներս՝ միասնական, արժանապատիվ և հետևողական պայքարով՝ ամեն հարթակում բարձր պահելով մեր օրակարգը»,- ամփոփեց նա։