Բաժիններ՝

Մարտի 1-ից «Նաիրիտը» կարող է փակվել. վարչապետի հույսերը չեն արդարանում

«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության «սև օրերը» շուտով կավարտվեն: 168.am-ի տեղեկություններով՝ մարտի 1-ից գործարանը փակվելու է: «Նաիրիտի» անհաջողությունների շարանը, վերջին շրջանում դրանց ակտիվացումը հենց այդ մասին են վկայում: Այս օրերին գործարանի ղեկավարությունը բավականին անհանգիստ ու լարված վիճակում է: 168.am-ը գրել էր, որ գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, և պատրաստվում են աշխատանքից հեռացնել աշխատակիցների մեծ մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անցած շաբաթ գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը հանդիպել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Վերջինս հայտարարել է, թե՝ «աշխատավարձ չուզեք, այլևս չեմ տալու»:

Մինչ այս «Նաիրիտի» աշխատավարձը վճարվում էր «Երևան ՋԷԿ» և «Որոտան ՀԷԿ» պետական ընկերություններից վերցված փոխառություններով՝ չնայած դա հակասում է օրենքին, բայց այդ հակասությունը հարթում էր Արմեն Մովսիսյանի հրահանգը: Այժմ Մովսիսյանը «ձեռքերը լվանում» է աշխատավարձային հոգսերից ու, կարծես թե, «Նաիրիտից» ընդհանրապես: Առաջիկայում գուցե կրկին Հախինյան-Մովսիսյան հանդիպումներ լինեն, բայց օրակարգը, թերևս, այլ է լինելու:

Նաև գրել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ գործարանի շուրջ բանակցությունները տապալվել են, քանի որ «Ռոսնեֆտը» հրաժարվում է վերցնել գործարանն՝ իր ամբողջ պարտքերով (մոտ 400 մլն դոլար), իսկ ՀՀ կառավարությունն այդ խնդրի լուծման բանալին չուներ, և վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական կողմից ժամանակ էր խնդրել մինչև 2014 թ. հունվարի վերջ՝ որևէ ելք գտնելու համար: «Նաիրիտի» ճակատագրի առումով հուսադրող չէր նաև անցած տարեվերջին «Ռոսնեֆտ»-«ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան»-«Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների միջև ստորագրված հուշագիրը՝ ՀՀ-ում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման վերաբերյալ, քանի որ դա նշանակում է միանգամայն նոր արտադրություն, որին «Նաիրիտը» չի համապատասխանում, մեր մասնագետներն էլ չունեն պահանջվող որակավորումը: Թեև ՀՀ իշխանությունները փորձում են ամեն կերպ շահարկել ու «Նաիրիտի» անունը կապել «Ռոսնեֆտի» հետ:

Տարեվերջյան ասուլիսում վարչապետը հուսադրող նոտաներով 2 անգամ հնչեցրել էր «Նաիրիտի» անունը՝ գազի սպառման ծավալներն ավելացնելու և գինը նվազեցնելու, ինչպես նաև՝ ներդրումներին վերաբերող հարցերի համատեքստում:

Կարդացեք նաև

«…եթե լինեն նոր, մեծածավալ ներդրումներ ՀՀ-ում, մասնավորապես՝ «Նաիրիտի» գործարկումը կամ այն նոր համաձայնագիրը, որը «Ռոսնեֆտը» ստորագրեց իտալացիների հետ, այդ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել գազի սպառման ծավալների աճին, և դա էլ կարող է բերել գազի գնի նվազման։ … «Ռոսնեֆտն» իտալական ընկերության հետ եկել են համաձայնության, հաստատել են ներդրումային ծրագիրը Հայաստանում նոր ձեռնարկություն կառուցելու վերաբերյալ: Այդ ձեռնարկությունը ենթադրում է 400 մլն դոլարի ներդրումներ, որ «Ռոսնեֆտը» պետք է իրականացնի ՀՀ-ում: Դա վերաբերում է նոր գործարանին, որն արտադրելու է նաև անվադողեր, որի համար հումքը լինելու է կաուչուկը, որը պետք է արտադրվի Հայաստանում: Այսինքն՝ այս թիվն արդեն պաշտոնապես հնչեցվել է…»,- ասել էր Տ.Սարգսյանը:

Չնայած վարչապետը 400 մլն դոլարի մասին նշել էր՝ որպես սպասվող ներդրումներ, սակայն, ներքին աղբյուրների պնդմամբ, ռուսական կողմը պատրաստակամ է վճարել միայն 100 մլն դոլար՝ գործարանի գնահատված արժեքը, իսկ որոշ անձանց հաճույքների համար մսխված ու գործարանի վզին փաթաթված պարտքը՝ ոչ: Ըստ ամենայնի՝ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտի» պարտքը մարելու և ռուսներին «մաքուր» հանձնելու ելք այդպես էլ չի գտել ու հույս է փայփայում ինչ-որ կերպ այդ գումարը հենց «Ռոսնեֆտից» ստանալ: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, ռուսները շատ կտրուկ են տրամադրված ու մտադիր չեն «կուլ գնալ»:Դա է վկայում նաև Մոսկվայի արբիտրաժային դատարանի հունվարի 22-ի վճիռը՝ «Միջպետական բանկն՝ ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության» հայցով: Ի դեպ, Մոսկվայի արբիտրաժային դատարանը հայցի քննությունն այսքան ձգձգեց ռուսական ու հայկական կողմերի միջև ընթացող բանակցությունների պատճառով: ՀՀ իշխանությունների համար դրանց ոչ ցանկալի զարգացումների արդյունքում է նաև, որ դատարանը բավարարել է 107 մլն դոլարի հայցն՝ ընդդեմ բրիտանական օֆշորային ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն էր: Սակայն այստեղ էլ «Նաիրիտի» վարկային մութ գործերի ետևում կանգնած անձինք խիստ «ճարպիկ» էին դուրս եկել: Ինչպես հայտնի է, «Նաիրիտը» ձեռք էր բերել Rhinoville Property Limited-ի բաժնետոմսերը և, որպես ժառանգորդ, այժմ պետք է վճարի Rhinoville-ի պարտքերը: Ընդհանուր առմամբ՝ «Նաիրիտը» Միջպետական բանկին պարտք է մոտ 210 մլն դոլար՝ 2006թ. Միջպետական բանկը 70 մլն դոլարի չափով վարկային գիծ էր բացել (հիշեցնենք՝ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ Միջպետական բանկի խորհրդի նախագահն էր), իսկ 2009թ. բանկը «Նաիրիտին» ևս 100 մլն դոլար վարկ էր հատկացրել, որի համար որպես երաշխավոր՝ հանդես էր եկել Հայաստանի Հանրապետությունը՝ գործարանում իր 10% բաժնեմասով: 40 մլն դոլարն էլ Միջպետական բանկի հաշվարկած տոկոսներն են և տույժ-տուգանքները: Ու քանի որ Rhinoville Property Limited-ն արդեն խաղից դուրս է բերվել, մնացել են միայն «Նաիրիտն» ու դրա 10%-ի բաժնետեր ՀՀ կառավարությունը, գործարանն, ըստ էության, սնանկ է, պարտքը կմարվի բյուջեից: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիների գրպանից:

Իր տարեվերջյան ասուլիսում Տ.Սարգսյանը նաև ասել էր. «Առաջին փուլում մենք արդեն հստակ պատկերացում ունենք այդ նոր ձեռնարկության կառուցման մասին, երկրորդ փուլը պետք է վերաբերի հարաբերություններին «Նաիրիտի»` այս նոր ներդրման ծավալների հետ կապված»: Սա հաստատում է, որ «Նաիրիտը» «Ռոսնեֆտի» ծրագրերում գոնե առայժմ չկա: Գուցե ռուսական գազային հսկային հետաքրքրում է միայն «Նաիրիտի» տարածքը՝ նոր գործարան կառուցելու համար:

Մենք նաև գրել էինք, որ իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունը դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եթե գործարանը սնանկ ճանաչվի, ինչը խաղաքարտերի նման դասավորության պայմաններում շատ հավանական է, ապա կնշանակվի սնանկության կառավարիչ, բոլոր պահանջատերերը կգրանցվեն, ու եղած գույքը վաճառելուց հետո ստացված գումարով առաջնահերթ կվճարեն Միջպետական բանկին ունեցած պարտավորությունը: Իսկ ներկայիս վիճակում գործարանի արժեքը շատ մեծ չէ, եղած սարքավորումները խիստ հնացած են ու հիմնականում՝ որպես մետաղի ջարդոն կարող են իրացվել՝ առավելագույնը 100 մլն դոլար գնով:

Մոտ ապագայում դեպքերի նման զարգացում կանխատեսում են նաև գործարանի աշխատակիցներն ու ղեկավարությունը: Եվ գիտակցումը, որ ոչ միայն արդեն 15 ամսվա կուտակված աշխատավարձից են զրկվում, այլև աշխատանք ունենալու հույսից, «Նաիրիտում» ընդվզում է առաջացրել թե´ բանվորների, և թե´ ղեկավարության մոտ: Իսկ սա նշանակում է, որ կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ բողոքողների բանակի հետ մեկտեղ՝ փողոց դուրս կգան նաև նաիրիտցիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս