Բաժիններ՝

«Նաիրիտում» կրճատումնե՞ր են սպասվում

168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, ինչը նշանակում է, որ գործարանը չի աշխատի և կտարվի սնանկության ու փակման: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման, և առաջնահերթ այդ ցուցակում ներառվում են ըմբոստ ու բողոքավոր աշխատակիցները:

Ըստ մեր աղբյուրների՝ 2013 թ. դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների միջև ստորագրված համաձայնագրերը, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը, առնչություն չունեն «Նաիրիտի» հետ: Խնդիրն այն է, որ բութադիենստիրոլային կաուչուկը նշանակում է միանգամայն նոր արտադրություն, որ երբևէ չի եղել ՀՀ-ում, և «Նաիրիտ» գործարանը չի համապատասխանում այս տեխնոլոգիային, իսկ «Նաիրիտի» մասնագետներն էլ չունեն այն որակավորումը, որն անհրաժեշտ է բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության համար: Այսինքն՝ այն վարկածը, հույսը, որ «Նաիրիտը» կվերագործարկվի «Ռոսնեֆտի» աջակցությամբ, հեքիաթ է: Նկատենք նաև, որ 3 ընկերությունների ստորագրած հուշագրում չի հիշատակվում «Նաիրիտի» մասին:

Մեզ հետ զրույցում «Նաիրիտի» լրատվական բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը հերքեց, որ գործարանում կրճատման ցուցակներ են կազմվում. «Որևէ ցուցակ այսօրվա դրությամբ չկա, դա ենթադրությունների ոլորտից է»: Ըստ նրա՝ «Ռոսնեֆտն» ինչ էլ անի, հիմնվելու է «Նաիրիտի» բազայի վրա, ստորագրված փաստաթուղթն ընդամենը հուշագիր է, իսկ կաուչուկի արտադրության ծրագիրը դեռ շատ քննարկման կարիք ունի:

Ա. Հարությունյանը նշեց, որ գործարանում ներկայումս կա 2437 աշխատակից, որոնցից մոտ 670-ն անընդհատ աշխատող են, մյուսները՝ հարկադիր պարապուրդում են, բայց ոչ մեկին չի ասվել կրճատման մասին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս