«Չէ, բացարձակապես կապ չունի». «Անուշակ»-ի տնօրենը հերքում է Տիգրան Սարգսյանի առնչությունը՝ մեղրի բիզնեսին
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր եղբոր՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ միասին նոր բիզնես է նախաձեռնել՝ մեղրի և մեղվամթերքի արտադրություն ու արտահանում: Ընդ որում՝ արտադրանքն արտահանվում է Չինաստան և այդ նպատակով այս տարի ստեղծվել է «Անուշակ» հայ-չինական ընկերությունը:
«Անուշակի» տնօրեն Սևակ Դավթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը սկսել է օրգանիկ մեղր և մեղվամթերք արտահանել Չինաստան, սակայն հերքեց, որ Սարգսյաններն առնչություն ունեն «Անուշակին»:
«Չէ, բացարձակապես կապ չունի, ուղղակի դեսպանը մասնակցել է Չինաստանում մասնաճյուղի բացմանը»,- ասաց Ս.Դավթյանը:
Նա նշեց, որ Չինաստանն ավանդական բժշկության մեծ փորձ ունի և հայկական մեղրն ու մեղվամթերքն օգտագործվելու են բժշկության մեջ՝ որպես դեղանյութ. «Մեղրը մեր լեռնային դեղաբույսերի օրգանիկ մեղր է: Այժմ 200 փեթակ մեղու ունենք: Առայժմ ծավալները քիչ են, հետագայում կավելանան, թեև ամենամեծ ցանկության դեպքում էլ Չինաստանի պահանջարկը բավարարելն անհնար կլինի: Բայց եթե կարողանանք մուտք գործել չինական շուկա, արդեն դա դրական կլինի»: