Բաժիններ՝

Ինչպես Հայաստանը փաստացի դարձավ Մաքսային միության անդամ և որտեղից առաջացավ 155 միլիոն դոլարի պարտքը

Պարզվում է՝ Հայաստանն արդեն Մաքսային միության անդամ է։ Ոչ թե իրավական առումով, քանի որ փաստաթղթային որոշակի ընթակարգեր է անհրաժեշտ անցնել, այլ՝ փաստացի։ Նման եզրակացության կարելի է հանգել՝ կարդալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հարցազրույցը մի քանի լրատվամիջոցների հետ։

Մասնավորապես, պատասխանելով Tert.am-ի հարցին՝ Մաքսային միության, գազի գնի և «ՀայՌուսգազարդի 20%-ը Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ, Վիգեն Սարգսյանն ասել է. «Երեկ ստորագրված փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնությունը կատարեց շատ կարևոր գործընկերային մի քայլ, այսինքն՝ մինչև ՄՄ մտնելն անգամ իր կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների համար, որոնք մեր տնտեսության համար կարևոր են, արդեն զրոյացրեց արտահանման տուրքերը: Այլ խոսքով՝ եթե դա պետք է տեղի ուներ Հայաստանի անդամակցությունից հետո միայն, այս պարագայում ունեցանք իրավիճակ, երբ ընդամենը երկկողմ հարաբերությունների մակարդակում այդ քայլը կատարվեց»:

Ստացվում է, որ Հայաստանն արդեն ստանում է այն տնտեսական օգուտը, որը պետք է ստանար ՄՄ անդամ դառնալուց հետո։ Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանին արդեն իսկ դիտարկում է որպես Մաքսային Միության անդամ և զրոյական մաքսատուրքեր կիրառում։

Ընդ որում, սա բավականին ուշագրավ է, քանի որ ըստ տրամաբանության՝ պետք է առաջացներ ՄՄ մյուս անդամների՝ Բելառուսի և Ղազախստանի խանդը։ Այս երկրները, ինչպես ներկայացվում է, այնքան էլ խանդավառված չեն Հայաստանին ՄՄ շարքերում տեսնելու մտքով։ Բացի այդ, ՌԴ նախագահը, խոսելով ՄՄ-ին անդամակցության գործընթացի մասին՝ ասել էր, որ դա կախված է ոչ միայն Հայաստանից ու Ռուսաստանից, այլ նաև ՄՄ անդամ մյուս պետություններից։ Սակայն ստացվում է՝ որ մինչ այդ երկրները կարագացնեն կամ կդանդաղեցնեն Հայաստանի անդամակցության պրոցեսը, Հայաստանն արդեն լիարժեք օգտվում է ՄՄ անդամներին տրված արտոնություններից։

Կարդացեք նաև

Վիգեն Սարգսյանը նաև հետաքրքիր խոստովանություն է արել՝ ՀայՌուսգազարդի 20%-ի վերաբերյալ։ Նա ասել է. «Այն 20 տոկոսը, որի մասին հիշատակեցիք, փոխանցվել է ռուսական կողմին՝ փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը մենք վճարում էինք որպես մատակարարվող սահմանի վրա և հաշվարկում էինք սակագնի հաշվարկի մեջ ստանալով, գանձելով այդ գումարը սպառողից»:

Այսինքն՝ «ՀայՌուսգազարդի» մեր մասնաբաժինը տրվել է ռուսական կողմին՝ գազի դիմաց (կամ՝ գազի պարտքի դիմաց)։ Սա ոչ այլ ինչ է, քան հերթական գույք՝ պարտքի դիմաց։ Իհարկե, մեծ հաշվով դա նորություն չէր (ԶԼՄ-ներն այդ մասին վաղուց էին գրում), սակայն առաջին անգամ է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով նման բան է ասվում։

Ընդ որում, այստեղ մի մեծ հարց է առաջանում՝ Վիգեն Սարգսյանի դիվանագիտական ձևակերպումներից չի երևում, մենք երբվանի՞ց ենք սկսել պարտք կուտակել գազի դիմաց։ Արդյո՞ք այս տարվա ապրիլի 1-ից, երբ ռուսական կողմը պաշտոնապես թանկացրեց գազի գինը։ Արդյոք հնարավո՞ր էր 8 ամսվա մեջ կուտակել 155 միլիոն դոլարի պարտք (հիշեցնենք, որ  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել էր, թե «ՀայՌուսգազարդի» գործարքով Հայաստանը փակեց 155 միլիոն դոլարի պարտքը )։

Դա հնարավոր չէր։ Այսինքն՝ 155 միլիոն դոլար պարտքը գազի դիմաց կուտակվել է վաղուց։ Ավելի կոնկրետ՝ 2011 թվականի կեսից, երբ բոլոր ԶԼՄ-ները գրում էին, որ մաքսային տվյալներով գազի գինը թանկացել է, իսկ պատկան մարմիններն ամեն կերպ լղոզում և հերքում էին դա։

Եվ վերջապես, Վիգեն Սարգսյանը խոսել է նաև ռուսական 500 միլիոնանոց վարկի մարման մասին։ «Միգուցե աննկատ անցավ մեր հասարակության համար, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն վարկը, որը ճգնաժամի ժամանակ՝ 2009-ին ստացանք ՌԴ-ից որպես արտոնյալ վարկ»,- ասել է Վ.Սարգսյանը՝ ավելացնելով, որ այդ վարկը թույլ տվեց այդ տարիներին բազմաթիվ խնդիրներ լուծել, չիջեցնել սոցիալական վճարները, աշխատավարձերը, թոշակները և այլն։

Ասել է թե՝ ռուսական վարկը «պուպուշ» վարկ էր և շատ անհրաժեշ օգնություն՝ ճիշտ ժամանակին։ Նախ նշենք, որ վարկը միգուցե անհրաժեշտ էր, անունն էլ՝ արտոնյալ էր, սակայն ամենևին էլ «պուպուշ» չէր։ Այն տրամադրվել էր Libor+3% տոկոսադրույքով, ինչը համարվում է բավականին թանկ վարկ։ Այսինքն՝ ռուսական վարկին չի կարելի վերաբերվել որպես լավություն։ Վերջապես, եթե այդ վարկն ավելի թեթև լիներ, ապա Կառավարությունը եվրոպարտատոմսերից ստացված գումարով այն չէր մարի։

Երկրորդ՝ 2012 թվականին Ռուսաստանը ԿԺԴՀ-ին ներեց 11 միլիարդ դոլարի պարտքը, Ղրղզստանին՝ կես միլիարդ դոլարի պարտքը, աֆրիկյան երկրներին՝ 20 միլիարդանոց պարտքը։ Որոշ գնահատականներով, 2000 թվականից ի վեր, Ռուսաստանը ներել է մոտ 100 միլիարդ դոլարի պարտք։ Սակայն ներվածների մեջ մենք չկանք։ Հայաստանից տեղը տեղին ետ են ստանում 500 միլիոնը, իսկ գազի դիմաց կուտակված պարտքի դիմաց՝ վերցնում են մեր 20% մասնաբաժինը։ Այսինքն՝ գործընկերության և բարեկամության մասին խոսելիս կարելի է երբեմն որոշ զուգահեռներ անցկացնել։

Եվ վերջապես, Վ. Սարգսյանը ասել է, որ այդ պահին վերցված վարկը չավելացավ մեր արտաքին ընդհանուր պարտավորությունների զամբյուղի մեջ, այլ կատարեց իր դերը և վերադարձվեց ռուսական կողմին:  Իսկ այստեղ պարծենալու բան ընդհանրապես չկա, որովհետև ռուսական պարտքը մարվել է եվրոպարտատոմսերի տեղաբաշխման հաշվին։ Մենք, դասական իմաստով, դարձել ենք պարտքով պարտք փակող։ Դրանով կարող է հպարտանալ միայն մեր կառավարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս