«Հայռուսգազարդի» գործարքով Հայաստանը փակեց 155 միլիոն դոլարի պարտքը
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրի ստորագրման արարողությունից հետ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է՝ ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի մասնաբաժինը ռուսաստանյան ընկերությանը փոխանցելու որոշումը:
«Որպեսզի «Գազպրոմ» ընկերության ներկայությունը ավելի շատ ապահովենք, ու քանի որ, ինչպես տեսաք, պայմանավորվեցինք, որ գազը Հայաստանի Հանրապետություն կներկրվի ռուսական ներքին գներով՝ ավելացրած տրանսպորտային ծախսերը», – պարզաբանել է նախարարը, – «Եվ որպեսզի ավելի շատ շահագրգռվածություն ունենան, այստեղ և՛ գազի գնի հետ կապված, և՛ շահագործման որակի հետ կապված»:
«Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ այդ 20 տոկոսը փոխհատուցում էր գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման դիմաց»՝ հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանել է – «Ոչ: 20 տոկոսը տալու գաղափարը մի կողմից փոխհատուցումն էր նախկին, գոյություն ունեցող պարտքերի: Մյուս կողմից, ինչպես ասացի, որպեսզի գինը և շահագործման որակը համապատասխանի ընդհանուր ստանդարտներին: Ինչ վերաբերում է 30 տոկոսին, ապա դա 30 տոկոսի հետ կապ չունի: Այսինքն, էներգետիկ մաքսատուրքի հետ կապ չունի: Դա առանձին որոշում էր, որը կայացվեց Հայաստանի համար»:
Հարցին, թե որքա՞ն էր կազմում այդ «գոյություն ունեցող պարտքը»՝ նախարարը պատասխանել է` «155 միլիոն դոլար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: