Վանանդ Շիրազ. «Որպեսզի արվեստը մարդկանց օգնի, նրան տեր կանգնել է պետք»

Նկարիչ Վանանդ Շիրազը չափազանց զուսպ ու համեստ արվեստագետ է, ով ամեն պատեհ-անպատեհ առիթներով չի պարտադրում իր նկարչությունը: Նա գեղագիտական դասակարգումների մեջ դասվելու ամբիցիաներ չունի, ներկայացնում է ֆիգուրատիվից` մինչև վերացական արվեստ, իսկ կոլաժների շարքն ուղղակի գանձեր են, որոնք նա համեստորեն փակել է իր արվեստանոցում: Ասում է՝ չի սիրում «իզմերի» պատյանի մեջ դասակարգվել, քանի որ էմպիրիկ, ենթագիտակցությանը հավատացող նկարիչ է:

Վ. Շիրազի կտավներն ասես և՛ այս իրականության մեջ են, և՛ անիրական են: Նրանք ազատ են ու ավարտված, որոնց գոյությունը նկարչի արվեստանոցում կարծես չբացահայտված հայտնագործություն լինի: Ազատ ու անկախ են այնքանով, որ չեն շտապում գնալ դիտողի ետևից, այլ՝ դիտողն է իրենց փնտրում ու գտնում: Այլ կերպ ասած՝ նրանք ապրում են աննկատ և իրենց կյանքով: Վանանդ Շիրազը Նկարիչների միության անդամ է, պարբերաբար ցուցադրվում է Փարիզում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Մենք փորձեցինք նրա հետ զրուցել արվեստի, հասարակական խնդիրների, շուկայի և այլ հարցերի շուրջ:

Vanand Sjiraz (11)

– Մեր օրերում գրեթե բոլոր նկարիչների դժգոհությունը հիմնականում վերաբերում է արվեստի նկատմամբ հասարակական անտարբերությանը, շուկայի բացակայությանն ու արվեստագետների` այլ երկրներում հաստատվելու մտահոգություններին:

Կարդացեք նաև

– Հայաստանում առայսօր չի ձևավորվել արվեստի նկատմամբ հասարակական մեծ պահանջ, որն ուղիղ կապ ունի արվեստի շուկայի բացակայության հետ: Պետությունը, ժողովուրդը պետք է արվեստի պատվիրատուն լինի: Ընդ որում՝ պատվիրատու ասելով` նկատի ունեմ և ուղիղ, և զարգացման իմաստով: Հայ մարդը պետք է սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակից դուրս գա, որպեսզի արվեստին ժամանակ տրամադրի: Այլ երկրներում այդպես է, մարդը խեղդված չէ կենցաղային հոգսերով և կարողանում է այցելել թանգարաններ, մասնավոր ցուցասրահներ: Արվեստի հետ շփման կուլտուրան իրենց առօրյայի մի մասն է: Հայաստանում քանի դեռ սոցիալ-տնտեսական իրավիճակը չի բարելավել արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, տեղում դոփելու է: Մարդը պետք է սոցիալապես պաշտպանված լինի, որպեսզի մտածի ինքնազարգացման մասին:

Հայաստանում արվեստ կա, հրաշալի նկարիչներ ունենք, բայց ցուցասրահներում մշտապես տեսնում ենք նույն կոնտինգենտին՝ նկարիչների ընկերները, բարեկամները, փոքր խմբեր, որոնց կարելի է բոլոր ցուցահանդեսներին տեսնել: Արդյունքում՝ արվեստագետները փակվում են իրենց արվեստանոց-խոռոչներում կամ հեռանում են՝ դրսում շուկա որոնելու:

Vanand Sjiraz (10)

Vanand Sjiraz (2)

– Ստացվում է՝ ստեղծվում է արվեստ, որի, կոպիտ ասած՝ «սպառողը» չկա:

– Իրականում սպառողը հենց ինքը՝ նկարիչն էլ է: Եթե Հայաստանում ապրում է 2-3 միլիոն մարդ, ուրեմն՝ բանաստեղծություն, նկար, մշակույթ, արվեստ կա ու լինելու է: Այնպես չէ, որ շուկա չկա՝ արվեստ էլ չկա, արվեստ կա՝ շուկա չկա: Արվեստը մարդու բնության մեջ է ու չի կարող չլինել:

– Եթե արվեստը մարդու բնության մեջ է, ապա ինչո՞ւ է այսօրվա մարդն այնքան կառչած սոցիալ-տնտեսական խնդիրներից, որ նույն միջավայրում գտնվող արվեստը մնում է աննկատ: Եթե արվեստը մարդու բնության մեջ է, բայց մարդն այսօր արվեստի պահանջ չունի, ուրեմն՝ մարդն ու բնությունն իրարից շատ հեռու են:

– Այո՛, այդպես է, ու հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այդպես: Եթե ես այդ ճանապարհներն իմանայի, մարդկանց կմոտեցնեի արվեստին:

Vanand Sjiraz (5)

– Արվեստի նկատմամբ հասարակական լոյալությունը մշտապես կապելով սոցիալական պաշտպանության խոցելի մոդելի հետ, մի տեսակ մոռացության ենք մատնում պետական մշակութային քաղաքականությունը, որի ոչ արդյունավետ կիրառությունն է գուցե այսօրվա իրավիճակը ստեղծել: Արդյոք չպե՞տք է պետությունն էլ իր հերթին` մարդուն արվեստին մոտեցնելու քաղաքականություն իրականացնի:

– Նախ՝ այդ ռազմավարությունները մշակողները, քաղաքականությունը վարողներն ու իրականացնողները պետք է բանիմաց մարդիկ, մասնագետներ լինեն: Բոլորիս է հայտնի, որ բոլոր ոլորտներում՝ պետական կառույցներում, հասարակական սեկտորում, պաշտոններ զբաղեցնում են մարդիկ, որոնց համար անհատի շահը պետության կամ ամբողջի շահից կարևորվում են: Միայն մշակույթի ոլորտում չեն անտեսվում, մոռացության մատնվում կարևոր բաները և առաջնահերթություն տրվում անկարևոր, էժանագին բաներին, դատարկություններին: Օրինակ, ինչո՞ւ է այսօր արվեստում զարգանում սալոնային, կոմերցիոն նկարչությունը, որովհետև այսօրվա բուրժուան դա է գնում: Հավանաբար, պետք է մի քանի սերունդ անցնի, իրենց երեխաները դրսում սովորեն, մարդու տեսք ընդունեն ու նաև իրենց սովորեցնեն` ինչ բան է իսկական արվեստը:

Vanand Sjiraz (12)

Vanand Sjiraz (9)

– Ի դեպ, ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ Գրողների, Կոմպոզիտորների, ժամանակ առ ժամանակ` նաև Կինոմատոգրաֆիստների միություններում իրար «միս» են ուտում, իսկ Նկարիչների միությունում արշալույսները միշտ խաղաղ են: Մի քիչ տխուր է. կոնֆլիկտ չկա՞, թե՞ եղբայրական խաղաղություն է տիրում:

– Այնպես չէ, որ Նկարիչների միությունում ամեն ինչ հանգիստ է, բոլորն իրար հետ համաձայն, համերաշխ են: Դեկտեմբեր ամսին համագումարն է լինելու, և մեզ մոտ նույնպես թեժ է լինում: Ոչ միայն արվեստի ոլորտում, այլ՝ նաև հասարակական տարբեր շերտերում այս կոնֆլիկտային պայթյունները նորմալ են անցումային շրջանում գտնվող երկրի համար, որովհետև այդ վերադասավորումների համար միշտ էլ դիմադրություններ ու մրցակցություն է լինում:

Vanand

– Հոգնեցինք ամեն ինչ անցումային շրջանով արդարացնելով: Չանցա՞նք այդ անցումային շրջանը: Եվ հետո քաղաքացիական կամ, առհասարակ, մեծ պատերազմներից հետո արվեստն ինչ-որ իմաստով մարդկանց օգնել, փրկել է, հասարակություններին ապրելու ուժ է տվել, ամրացրել է, իսկ մեզ մոտ…

– Մենք ուղղակի շտապում ենք լավ ապրելու համար: ԱՄՆ-ում 200 տարի իրար էին սպանում, մեծ դեպրեսիաներ էին: Որպեսզի արվեստը մարդկանց օգնի` նրան տեր կանգնել է պետք: Տեսե՛ք այսօր ինչ թափով է հայ արվեստը հոսում դեպի դուրս: Այս 20-30 տարվա մեր լավագույն արվեստագետների ստեղծած աշխատանքները չեն ֆոնդավորվում, գնում են դուրս: Իմ լավագույն նկարները գտնվում են օվկիանոսից այնկողմ, ես ստիպված եմ վաճառում, ու մեր շնորհալի նկարիչները բոլորն են դրսում վաճառում իրենց գործերը: Պետությունը չի ֆոնդավորում, արժեքավորում, արդյունքում` ընթացքը կտրվում է:

Vanand Sjiraz (4)

– Ի տարբերություն արվեստի մյուս ոլորտների՝ նկարիչներից շատերը մասնավոր զրույցներում ում և ինչ ասես քննադատում են, բայց հրապարակային կարծիք, այս կամ այն արատավոր երևույթի նկատմամբ սեփական դիրքորոշում արտահայտելուց վախենում են, ինչո՞ւ:

– Արտահայտում են, ուղղակի լսող չկա: Մենք բոլորս այս համակարգի մի մասնիկն ենք, այդ թվում նաև՝ Նկարիչների միությունն` իր անդամներով: Նկարիչներն ի՞նչ պահանջեն մի միությունից, որը գործում է նույն այս համակարգի մեջ: Ի դեպ, կինոյի, թատրոնի, գրականության ոլորտներին բյուջեով գումար է հատկացվում, բայց Նկարիչների միությանը` ոչ մի դրամ: Կարող է` Ազգային պատկերասրահին հատկացվում է, բայց, ի տարբերություն մյուս միությունների՝ Նկարիչների միությանը բյուջեից գումար չի տրվում: Այսինքն՝ պետությունը հնարավորինս իրենից հեռացնում է նկարիչների խնդիրը:

Vanand Sjiraz (3)

– Քաղաքացիական անհանգստությունները, հասարակական այս լարված իրավիճակը, ներվը որքանո՞վ է ազդում ստեղծվող նկարչության վրա:

– Չի կարող չանդրադառնալ նկարչության վրա, որովհետև նկարիչն այս հասարակության մեջ ապրող, այս երկրի քաղաքացին է: Կան մարդիկ, որոնք քաղաքականացնում են արվեստը, օրինակ՝ Ռուսաստանում ինչ կատարվում է՝ արտացոլվում է այստեղ, նույն այդ «art-պրոտեստները», և այլն:

Կարող եմ ընդունել դա՝ եթե անկեղծ է, բայց, երբ գրանտներով ուղղորդվում, թելադրվում է դրսի կողմից, և դառնում են նրանց խամաճիկները՝ ինձ համար անընդունելի է: Չեմ կարող անուն հիշել, որն արվեստի միջոցով քաղաքական, հասարակական հարց բարձրացնելով` գիտակցություն է փոխել:

Երևի միայն Շանթն էր գործողության մեջ անկեղծ, որը հասարակական գիտակցության մեջ ինչ-որ բան փոխեց: Ամեն տեղ էլ գեղագիտություն, արվեստ կա, այդ թվում՝ Շանթի հեղափոխության մեջ, որտեղ արվեստ և՛ կա, և՛ չկա: Ուրիշ իրականության մեջ, օրինակ՝ հեքիաթի, ամեն ինչ հնարավոր է, հեքիաթն արդեն արվեստ է: Շանթն էլ հեքիաթի նման է, պրագմատիկ քաղաքական գործիչ չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը երկու տարի 200.000-300.000 ժողովուրդ պտտեցրեց, պտտեցրեց ու հանգիստ գնաց տուն:

– Խոսենք նաև նկարի գնային համակարգից: Ինչպե՞ս է մշակվում նկարի գնային քաղաքականությունը, մանավանդ, որ մեզ մոտ նկարի գինը շատ դեպքերում ոչ թե որոշվում է փորձագետի եզրակացությամբ, այլ՝ նկարչի ինքնաբուխ սահմանած գնով: Արդարացվա՞ծ է` այսօր ժամանակակից որևէ նկարի գին սահմանել 10.000-15.000 դոլար այն դեպքում, երբ պետականորեն նվազագույն աշխատավարձը 32.000 դրամ է: Նկարիչ-գնորդ այս անհամաչափության պայմաններում ինչպե՞ս կարող է շուկա ստեղծվել:

Vanand Sjiraz (1)

– Այդ 10.000-15.000 գին սահմանող նկարիչը կամ դրսում է շուկա փնտրում, կամ նույն հասարակության տարբեր շերտերում: Իսկ տարբեր շերտերում գնորդ փնտրող նկարիչը տրամաբանորեն` որպես արվեստագետ, փչանում է, դառնում է «խալտուրչիկ»: Հիմնականում գիտի` ով փող ունի, իսկ փող ունեցողը մեծամասամբ անճաշակ է, հետևաբար նկարում է` նկարչությունը հարմարեցնելով փող ունեցողի ճաշակին: Հիմա սրահներում նման նկարներն են շատ, որովհետև փող ունեցողը մտնում է այնտեղ ու ուզում է այն նկարը, որի վրա շատ աշխատանք կա՝ ճոխ, պլպլան, որ իր ռոկոկո տան մեջ լավ նայվի: Ու նկարիչը կամաց-կամաց գնում է այդ դաշտ՝ դառնալով «դզող-փչող»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս