Եվգենի Կասպերսկի. «Ես վախենում եմ…»

Եվգենի Կասպերսկին՝ կիբեռ-հանցագործությունների եվ կիբեռ-զենքի մասին
Հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) 80-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Կասպերսկու լաբորատորիա» միջոցառումների շարքը:

Այս կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին` իր թիմով: Հոկտեմբերի 17-ին ընկերության փորձագետները հանդիպեցին Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողների հետ ու պատասխանեցին մասնագիտական որոշ հարցերի: Հանդիպմանը ներկա էր նաև Եվգենի Կասպերսկին, ով ասաց, որ արդեն հասցրել է մի քանի հայերեն բառեր սովորել: Հոկտեմբերի 18-ին Եվգենի Կասպերսկին ստացավ Հայաստանի առաջատար տեխնիկական կրթական հաստատություններից մեկի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում, ինչպես նաև ՀՊՃՀ-ում բացվեց «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության ուսումնական կենտրոնը:

Ե. Կասպերսկին և ընկերության տեղեկատվական անվտանգության ոլորտի առաջատար փորձագետները հանդիպեցին կրթական, գործարար հանրույթի, տեխնիկական բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և ներկայացրեցին աշխարհում ու Հայաստանում գոյություն ունեցող արդիական կիբեռսպառնալիքները, ինչպես նաև` դրանց դեմ պայքարի միջոցները:

«Կասպերսկու լաբորատորիայի» ուսումնական կենտրոնը՝ ՀՊՃՀ-ում
Եվգենի Կասպերսկու խոսքով` կիբեռսպառնալիքների քանակն աշխարհում անընդհատ աճում է, ուստի առավել կարևոր է դառնում դրանցից պաշտպանվելու գործընթացն ապահովող մասնագետների պատրաստումը: Այդ իմաստով նա կարևորեց Պոլիտեխնիկում իրենց ընկերության ուսումնական կենտրոնի բացումը` նշելով, որ կիբեռվտանգներից լավագույնս պաշտպանվելու համար անհրաժեշտ է ոչ միայն խորը գիտելիքներ, այլև գործնական ունակություններ ու առաջին հերթին` նորարար գաղափարներ:

Կարդացեք նաև

Eugene Kaspersky01

«Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբեռանվտանգության թեմայի հանդեպ և պատրաստ են կատարելագործվել ու զարգանալ այս ոլորտում: Ես կրկնակի ուրախ կլինեմ, եթե «Կասպերսկի լաբորատորիան» կարողանա օգնել նրանց այդ հարցում»,- ասաց Ե. Կասպերսկին` նշելով, որ այդպիսով` ուսանողների կրթությունն իրենք կդարձնեն ավելի կիրառական և կիբեռանվտանգության ոլորտի ապագա մասնագետներին թույլ կտան դեռևս ուսումնառության ընթացքում ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու «Կասպերսկի լաբորատորիայի» ծրագրին համապատասխան որակավորում ստանալ:
Ե. Կասպերսկիի այցի առանցքային իրադարձություններից մեկը նրան գիտության մեջ նշանակալի ներդրման համար պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունն էր:

Eugene Kaspersky

«Մենք երբեք չենք համագործակցի հարձակման միջոցների մշակման համար, մենք պաշտպանություն ապահովող ընկերություն ենք»
Եվգենի Կասպերսկին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր ղեկավարած լաբորատորիան հեռու է մնում քաղաքական խնդիրներից, և այդպիսով իրենց գործունեությունը չի կարող կապվել քաղաքականության, կրոնի կամ ազգային խնդիրների հետ, որովհետև իրենք անվտանգությամբ զբաղվող ընկերություն են: «Մենք երբեք չենք համագործակցի հարձակման ցանկացած միջոցների մշակման համար, մենք պաշտպանություն ապահովող ընկերություն ենք»,- ասաց նա` նշելով, որ հասկանում է՝ Հայաստանի համար ազգային կիբեռ համակարգերի պաշտպանությունը գլխավոր գերակայություններից է, ու հենց այդ պատճառով էլ իրենք օգնում են և կշարունակեն օգնել, որպեսզի Հայաստանի կիբեռտարածությունն ավելի հանգիստ և պաշտպանված լինի: «Սակայն Ձեր համակարգերի պաշտպանության համար իրականում բացառիկ տեխնոլոգիաներ ու արտադրանք չեն պահանջվում, իրականում բոլոր երկրների համար խորհուրդները նույնն են` միջազգային համագործակցություն, ազգային կարգավորում, տեխնոլոգիաներ, անվտանգ սերվերներ ու կրթություն»,- ասաց Ե. Կասպերսկին:

«Ես այդ ամենը բացատրում եմ` որպես կիբեռ-դժոխքի 7շրջան…»
Ե. Կասպերսկին պատմեց վիրուսների և կիբեռվտանգների մասին` նշելով, որ ժամանակի ընթացքում համակարգչային սպառնալիքները լուրջ զարգացում են ապրել, իսկ ամենավտանգավոր սցենարները երբեմն իրականություն են դառնում իրական կյանքում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լի է վտանգներով, բոլորին հայտնի է, թե ինչ վնասներ կարող են հասցնել համակարգչային «հաքերները»: Ըստ բանախոսի՝ ամեն տարի համակարգչային հանցագործությունների արդյունքում` համաշխարհային տնտեսությունը կրում է մոտ 100 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս:

«Ես այդ ամենը բացատրում եմ` որպես կիբեռ-դժոխքի 7 շրջաններ, խոսքն այս դեպքում, իհարկե, համակարգչային դժոխքի մասին է, ու, եթե առաջին շրջանում վտանգներն այսքան լուրջ չեն, ապա արդեն վերջին շրջաններում դրանք պարզապես սարսափելի են»,- ասաց Ե. Կասպերսկին` նշելով, որ համակարգչային տեխնիկայի զարգացմանը զուգահեռ` սկսեցին նաև ի հայտ գալ ամենաառաջին համակարգչային վիրուսները, որոնք սկզբում ստեղծվում էին ոչ թե հանցագործների կամ խուլիգանների կողմից, այլ` հետաքրքրասեր ուսանողների ու ծրագրավորողների, որոնք ուսումնասիրում էին, թե ինչպես են աշխատում ծրագրային մոդուլները: Այդ ժամանակ, ըստ բանախոսի` այն փաստը, որ համակարգչի մեջ կարող է անգամ վիրուս հայտնվել, շատերի մոտ նույնիսկ շոկ էր առաջացնում, իսկ այն ստեղծողներն իրականում որևէ վատ նպատակ չունեին, մինչդեռ տարիների ընթացքում այդ ամենը փոխվեց, ու արդեն այդ հետաքրքրասեր մարդկանց փոխարինելու եկան խուլիգաններն ու հանցագործները:

«Եթե 15-20 տարի առաջ գրեթե բոլոր համակարգչային վիրուսները գրվում էին ուսանողների, դպրոցականների և ընդհանրապես երիտասարդների կողմից, ու, այդպիսով նրանք ցանկանում էին ինչ-որ բան ապացուցել, և հպարտանում էին, եթե համակարգչային վիրուսների հանրագիտարանում գրվում էր իրենց մասին, ապա այսօր պրակտիկորեն նման հանրագիտարաններ գոյություն չունեն, իսկ նման վիրուսներ ստեղծում են ոչ թե հետաքրքրասեր երիտասարդները, այլ համակարգչային հանցագործները, ովքեր նյութական հետաքրքրություն ունեն վիրուսային այդ ծրագրերի տարածմամբ»,- ասաց Ե. Կասպերսկին` նշելով, որ ամենասարսափելին այն է, որ այդ ամենի արդյունքում նաև ֆիզիկական վնասներ են կրում շատ ընկերություններ և մարդիկ: Այսինքն` կիբեռ տարածքի հասցրած վնասներն իրական կյանքում ազդեցություն են ունենում, իսկ վերջին շրջանում դրանք, ըստ փորձագետի, պարզապես սարսափելի ծավալների են հասնում:

Հետագայում վիրուսային ծրագրերը դարձան ավելի բարդ ու վտանգավոր, և համակարգչային խուլիգանները վերածվեցին համակարգչային հանցագործների` օգտագործելով համացանցը որպես եկամուտի լավագույն միջոց: Շատ հաճախ արդեն գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ, որն իրականացվում է անհատ անձանց կամ խմբավորումների կողմից: Համացանցի միջոցով նրանք տարածում են իրենց ստեղծած վնասակար ծրագրերը, անհատներից կամ կազմակերպություններից կորզում են գաղտնի տեղեկատվությունը կամ ֆինանսական միջոցները: Շատ հաճախ նրանք դա անում են երրորդ կողմի պատվերով, արդյունքում` այդ հանցագործները տարեկան միլիարդավոր դոլարների վնասներ են հասցնում:

Համակարգչային վիրուսները և վնասակար ծրագրերը գնալով ավելի են կատարելագործվում և զարգանում, և դրանց դեմ պայքարող կազմակերպությունների արտադրանքը նույնպես պետք է անընդհատ զարգանա: Եթե նախկինում հակավիրուսային ծրագրերը շատ ավելի պարզ էին, ապա այժմ դրանք գնալով ավելի ու ավելի բարդ են դառնում:

«Համակարգչային հանցագործությունը գնալով ավելի գրագետ է կատարվում, իսկ այդ վիրուսներից պաշտպանվելու համար մենք պետք է կանխատեսենք, կանխագուշակենք, թե դեպի ո՞ւր է գնալու համակարգչային հանցագործությունը»,- ասաց Ե. Կասպերսկին: Ըստ փորձագետի` իրականում երբեմն այդ հանցագործությունը կատարելու հիմքում ընկած է ոչ թե ֆինանսական մոտիվացիան, այլ քաղաքական, կրոնական և այլ հարցերը, իսկ նմանատիպ հանցագործներն ավելի վտանգավոր են: «Նմանատիպ հարձակումներից պաշտպանվելը, ցավոք սրտի, ավելի դժվար է, քան սովորական վիրուս ստեղծողներից պաշտպանվելը»,- ասաց Ե. Կասպերսկին` նշելով նաև, որ համակարգչային գաղտնալսման, լրտեսության մակարդակը ժամանակակից աշխարհում գերազանցում է բոլոր ցուցանիշները:

«Հերթական լրտեսական հարձակումը գնահատելուց հետո, երբ մենք տեսանք օպերացիայի մասշտաբը և զոհերի ցանկը, ես ասացի հետևյալը. այս աշխարհի ամբողջ տեղեկատվությունն արդեն գողացված է ու գողացված է նվազագույնը 2 անգամ»,- ասաց Ե.Կասպերսկին:

Համակարգչային լրտեսությունն այսօր արդեն գործում է ոչ միայն անհատների ու կազմակերպությունների դեմ, որքան` ամբողջ աշխարհի երկրների դեմ: Լրտեսական այդ խմբավորումների թիրախը ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվությունն է: Նրանք կարող են ոչնչացնել կամ խաթարել պետական կարևորագույն համակարգերի աշխատանքը: Դրանք կոչվում են կիբեռ-զենքեր: Ըստ բանախոսի՝ առաջիկա տարիներին այն կարող է վերածվել մարդկության համար ամենավտանգավոր զենքի, քանի որ կիբեռ-զենք պատրաստելը շատ ավելի հեշտ է ու էժան, քան ֆիզիկական ռազմամիջոցները:

Բայցև, կիբեր-զենքի հասցրած վնասը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ ժամանակակից աշխարհում բոլոր ենթակառուցվածքները` էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական ոլորտներ, ռազմական համակարգ, բոլորն էլ սերտորեն կապված են համացանցի ու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Ավելին, եթե պետությունները կարող են միմյանց միջև պայմանավորվել նմանատիպ զենք չկիրառելու մասին, ապա կան օղակներ, որոնց հետ հնարավոր չէ պայմանավորվել:

Ովքե՞ր են կանգնած այդ հարձակումների հետևում

«Ցավոք սրտի, երբեմն նմանատիպ հարձակումների հետևում կանգնած են բազմաթիվ պետություններ, որոնք նմանատիպ հարձակումներ կազմակերպելու համար ունեն ռեսուրսներ: Իրականում լավ լրտեսական հարձակումը բավականին թանկ արժե: Նմանատիպ հարձակում մշակելու և ներդնելու համար զոհի մոտ պետք են հատուկ ջանքեր` ի տարբերություն ուղղակի սովորական հարձակումների, բացի այդ, դրանք տեխնոլոգիապես ավելի լուրջ են, որոնց հիմքում ընկած են շատ մեծ գումարներ»,- ասաց Ե.Կասպերսկին` նշելով, որ դրա համար միլիոնավոր կամ տասնյակ միլիոնավոր դոլարներ են պետք, իսկ դրանցից պաշտպանվելը շատ ավելի դժվար է:

«Ավանդական հակավիրուսային ծրագրերը չեն աշխատում նման նպատակային հարձակումների դեպքում, և դրանցից պաշտպանվելու համար պետք է կիրառել ավելի լուրջ և ավելի հզոր լուծումներ: Բացի այդ, այստեղ լուրջ ջանքեր է պահանջվում նաև ադմինիստրատորներից և ՏՏ մասնագետներից, որոնք և պետք է ցանցային միացումների ավելի խիստ կանոններ մշակեն, օրինակ, եթե աշխատակցին պետք չէ էլ.փոստը, ապա այն պետք է անջատված լինի»,- ասաց Ե.Կասպերսկին:

Անվտանգությունը և ազատությունը հազվադեպ են համատեղելի
«Որքան մեծ է ռիսկը, այնքան փոքր է ազատությունը: Ցավոք սրտի, անվտանգությունը և ազատությունը հազվադեպ են համատեղելի միմյանց հետ»,- ասաց Ե.Կասպերսկին: Ինչ վերաբերում է գլոբալ առումով կիբեռհարձակումներին, ապա, ըստ փորձագետների` նման ռեսուրսներ ունեցող երկրները պետք է միմյանց հետ համաձայնություն ձեռք բերեն` այդ զենքը չկիրառելու համար:

«Ես վախենում եմ, որ շուտով բազմաթիվ համակարգչային հարձակումները կգնահատվեն` որպես ահաբեկչական հարձակումներ: Հարձակումներ, որոնք գալիս են` հայտնի չէ, թե որտեղից, հայտնի չէ, թե ումից, իսկ դրանց արդյունավետությունն իրականում տեսանելի է, ու դրանց հասցրած վնասը զգալի է: Ես վախենում եմ, որ ահաբեկչությունն ու քրեական մարմինները` օրինակ` թմրանյութերի ապրինի շրջանառությամբ զբաղվող քրեական տարրերն ու խմբավորումները, կսկսեն օգտագործել կիբեռհանցագործներին ու հաքերներին` վարձելով կամ ստիպելով նրանց իրենց համար կիբեռ-զենք ստեղծել ու հարձակումներ իրականացնել: Ցավոք սրտի, այսօր իրական աշխարհը կախում ունի կիբեռաշխարհից, և դրանցից պաշտպանվելու համար անհրաժեշտ է անընդհատ ամեն ինչ անել` նաև մեր հմտությունները լավացնելու համար»,- ասաց Ե. Կասպերսկին:

Նշենք, որ արդեն 16 տարի է, ինչ «Կասպերսկի լաբորատորիան» խոշոր կորպորացիաներին, միջին և փոքր բիզնեսին, տնային օգտատերերին առաջարկում է արդյունավետ պաշտպանության լուծումներ: Ընկերության հաջողության հիմնական գործոններից է նորարարական մոտեցումը տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում: «Կասպերսկի լաբորատորիայի» տեխնոլոգիաները և առաջարկները պաշտպանում են 300 միլիոնից ավելի օգտատերերի՝ աշխարհի գրեթե 200 երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս