
Պարտքերով են կերակրում. 6 ամսում 1 մլրդ դոլարից ավելի պարտք են վերցրել

Հայաստանի պետական պարտքը տիեզերական արագությամբ ավելանում է։ Վեց ամսում 1 մլրդ դոլարից ավելի պարտք են դրել պետության վրա։
Եթե նախկինում գոնե 1 տարում էին 1 մլրդ դոլար կամ 1 միլիարդին մոտ պարտք վերցնում, այժմ արդեն դրանով էլ չեն բավարարվում։ Տարին նոր է կիսվել, բայց արդեն հասցրել են պարտքի հերթական խոշոր բեռը դնել քաղաքացիների ուսերին։
ՔՊ-ական իշխանությունների համար պարտք վերցնելը դարձել է օրինաչափություն։ Պարտք վերցնելու համար ոչնչի առաջ կանգ չեն առնում, նույնիսկ պարտքի էժան ու թանկ լինելուն չեն նայում։ Հայաստանը վերածել են պարտքերով ապրող երկրի։ Պարտքերով են ժողովրդին կերակրում։ Իրենց ճոխ ծախսերին չեն ուզում կպնել, անընդհատ նոր պարտքեր են վերցնում՝ պարտքերով ժողովրդի աչքերին թոզ փչելու համար։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հատել է 13 մլրդ 852 մլն դոլարի սահմանը։
Անցած տարվա վերջին դեռևս 12 մլրդ 842 մլն դոլար էր։
Ընդամենը 6 ամսում պետական պարտքն ավելացրել են 1 մլրդ 10 մլն դոլարով։
Միջին ամսական 168.3 մլն դոլարի կամ միջին օրական 561.000 դոլարի պարտք են կուտակել։
Այսպիսի տեմպերով պարտքերի ավելացումը չլսված բան է նորանկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում։ Երբևէ պարտքը նման բարձր տեմպերով չի ավելացել, ինչպես հիմա է ավելանում։
Նույնիսկ վերջին տարիներին, երբ էլի չէին զլանում մեծաքանակ պարտքերով ծանրաբեռնել երկրի բյուջեն, այսպիսի բան չէր եղել։ Բոլոր հնարավոր ու անհնարին սահմանները գերազանցել են։ Պարտքերն ավելացնելու իրենց նկրտումների մեջ ոչ մի սահմանափակում չեն դնում։ Առանց վարանելու՝ երկիրը թաղում են պարտքերի մեջ։ Հաշվի չեն առնում նույնիսկ այն հանգամանքը, որ պարտքի սպասարկումը հասցրել են ահռելի չափերի։ Արդեն նույնիսկ իրենց ֆինանսների նախարարն է խոստովանում, որ բյուջեի հաշվին պարտքերը փակելու ծախսերը հասել են մտահոգիչ չափերի։
Բայց դա էլ վարչախմբին չի կանգնեցնում՝ պարտքերով մեծ քանակությամբ գումարներ են ներգրավում, որպեսզի սպասվող ընտրություններից առաջ ժողովրդին «կաշառելու» ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Զարմանալի չէ, որ պարտքերն ավելացել են գերազանցապես կառավարության պարտավորությունների հաշվին։ Կառավարության պարտքն անցել է 13 մլրդ 343 մլն դոլարից։ Անցած տարվա վերջին 12 մլրդ 338 մլն դոլար էր։
Վեց ամսում ավելացել է 1 մլրդ 5 մլն դոլարով։
Ավելացել է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքի աճի հաշվին։
Տարվա առաջին կեսին 484.5 մլն դոլարով միայն արտաքին պարտքն են ավելացրել։ Դա արել են՝ ինչպես նոր վարկեր վերցնելով, այնպես էլ՝ հատկապես պարտատոմսեր թողարկելով։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին կառավարությունը պարտատոմսերի խոշոր տեղաբաշխում արեց ու 750 մլն դոլարի պարտք ներգրավեց։
Այդ գումարի մի մասով փակեցին նախկին թողարկման պարտավորությունները, իսկ մյուս մասը պահեցին բյուջեի ազատ միջոցների հաշվի վրա, որպեսզի առանց սահմանափակումների կարողանան ուզած ծախսերն ու բյուջեի հաշվին իրենց նախընտրած ծրագրերն անել։ Հաշվի չառան անգամ այն, որ պարտատոմսերի հերթական թողարկումն իրականացվեց անհավանական բարձր գնով՝ տարեկան 7.1 տոկոս տոկոսադրույքով։ Եվ դրա ազդեցությունն այսօր արդեն պարտքի վրա ակնառու է։
Եթե մինչ այդ թողարկումը եվրոբոնդերի գծով կուտակված պարտքի միջին տոկոսադրույքը 4.7 էր, այդ թողարկումից հետո դարձել է 5.2 տոկոս։
Թանկացել է 0.5 տոկոսային կետով, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաև կառավարության ընդհանուր պարտքի տոկոսադրույքների վրա։ Այն նույնիսկ ավելի բարձր է, քան եվրոպարտատոմսերի պարտքի գինն է։
Այս պահին կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը հասել է 7.3 տոկոսադրույքի։ Տարվա ընթացքում 0.1 տոկոսային կետով ավելացել է։
Սա ամենաբարձր գինն է, որը եղել է պարտքի ամբողջ պատմության ընթացքում։
Եվրոպարտատոմսերի վերջին թողարկումից ներգրավված 750 մլն դոլարից կառավարությունը 276 մլն դոլարն արդեն վճարել է՝ նախորդ թողարկումների պարտքերը փակելու համար։ Այս պահին եվրոպարտատոմսերի գծով կառավարության պարտքը կազմում է 1.480 մլրդ դոլար։ Նախորդ տարվա վերջի համեմատ՝ ավելացել է գրեթե 474 մլն դոլարով։
Ոչ պակաս բարձր տեմպերով ավելացրել են նաև ներքին պարտքը։ Չնայած վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ խոսել ներքին տնտեսության հաշվին պարտքի կուտակման տեմպերը դադաղեցնելու մասին, դա գոնե այս պահին նկատելի չէ պարտքի ցուցանիշներում։ Վեց ամսում գրեթե 521 մլն դոլարի ներքին պարտք են վերցրել։
Թե՛ արտաքին, և թե՛ ներքին պարտքը կուտակել են գերազանցապես պարտատոմսերի թողարկման հաշվին։ Խոսքը գրեթե 995 մլն դոլարի մասին է։
Երկու դեպքում էլ գործ ունենք թանկ փողերի հետ, որի պատճառով էլ այսօր Հայաստանի պարտքի տոկոսադրույքն աննախադեպ բարձր է։
Մինչև իշխանության զավթումը միջին տոկոսադրույքը 4.5 տոկոսի սահմաններում էր, հիմա հասել է 7.3 տոկոսի։
Այսպիսի բարձր տոկոսադրույքն է պատճառներից մեկը, որ վերջին տարիներին պարտքի սպասարկումը հասցրել է մեծապես ծանրանալ պետական բյուջեի վրա։ Բայց, իհարկե, խնդիրը միայն պարտքի թանկացման մեջ չէ։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների իշխանության տարիներին կառավարության պարտքը 6.157 մլրդ դոլարից հասել է 13.343 միլիարդի։
Ավելացել է 7.186 մլրդ դոլարով՝ 1.029 միլիարդով ավելի շատ, քան նախորդ ամբողջ շրջանում։
Կարճ ժամանակում անհավանական բարձր տեմպերով պարտքեր են կուտակել, բայց էլի կանգ չեն առնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ