Բաժիններ՝

Գրոսին հայտնել է, որ Իրանը պատրաստ է վերսկսել տեխնիկական մակարդակի բանակցությունները

Իրանը նշել է, որ պատրաստ կլինի վերսկսել տեխնիկական մակարդակի բանակցություններն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։

Սինգապուրում ելույթ ունենալով՝ Գրոսին նաև ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ ԱԷՄԳ-ն Իրանին առաջարկել է քննարկումեր սկսել տեսչական ստուգումներ սկսելու հարցի շուրջ։

Հուլիսի 23-ին Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ Թեհրանը համաձայն է ԱԷՄԳ-ի տեխնիկական թիմին թույլ տալ այցելել Իրան առաջիկա օրերին, սակայն նրանց չի թույլատրվի գնալ միջուկային օբյեկտներ։

Թեհրանը նշել է, որ ռմբակոծված միջուկային օբյեկտները անվտանգության ռիսկեր են ներկայացնում։ Գրոսին նշել է նաև, որ տեղեկություն չի ստացել Իրանի բարձր հարստացված 400 կգ ուրանի կարգավիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ։ 

«Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք հնարավորինս շուտ ներգրավվենք և կարողանանք սկսել մեր ստուգումները», – հավելել է նա։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Իրանը պատասխան հարվածներ ձեռնարկեց։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինն օր անց՝ հարվածելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։

Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածեց Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ավիաբազային՝ Կատարի ալ Ուդեյդի ռազմակայանին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնել են հրադադար հաստատել։ Այն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրեց օրենք ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս