
Բա մարդուն ուղղակի ճանաչելու համար տանեն 2 ամսով փակե՞ն, այն էլ ում՝ հերոսի հո՞րը. նույնիսկ Աֆրիկայի ամենահեռավոր գյուղերում այսպիսի բան չի կարող լինել. Վիգեն Ազատյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, հույսը չի կորցնում, որ 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանի և նրա հետ կալանավորված մյուս անձանց նկատմամբ, ի վերջո, տեղի կունենա արդարադատություն։
«Մեր հույսը չենք կարող կորցնել, դա անհնար է, որովհետև եթե մեր հույսը կորցրեցինք՝ հայտնվելու ենք աբսուրդ վիճակում։
Չգիտեմ, սրանք գուցե աշխարհից վախենալով, նույն իրենց այդ սիրելի Եվրոպայից վախենալով՝ տղաներին արդարացնեն, որովհետև բոլորն էլ գիտեն, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած երևույթները, որ այս ամենը աբսուրդ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիգեն Ազատյանը՝ խոսելով Արա Ռոստոմյանի վերաբերյալ արդարադատությունից ունեցած ակնկալիքներից։
Նրա խոսքով՝ Արա Ռոստոմյանը կալանավորված է, քանի որ շփում է ունեցել ու ճանաչել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
«Նույնիսկ Աֆրիկայի ամենահեռավոր գյուղերում այսպիսի բան չի կարող լինել, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանում։ Բա մարդուն ուղղակի ճանաչելու համար տանեն 2 ամսով փակե՞ն, այն էլ ում՝ հերոսի հո՞րը։
Ի՞նչ ասեմ սրանց՝ սրբապիղծ են ու թուրք, բայց շնորհակալ լինենք Աստծուն, որ հերոսի հորը թուրքին չեն հանձնել։
Սրանք այս քայլերին նաև գնում են որդեկորույս ծնողների ձայնը լռեցնելու համար, բոլորի հետևից են ընկած՝ փորձում են ամեն ձևով վախեցնել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Չնայած իշխանությունների ռեպրեսիաներին ու գործողություներին, Վիգեն Ազատյանն ասաց, որ դրանք իրեն որևէ կերպ չեն կաշկանդում, արդարության հասնելու համար պայքարելու է այնպես, ինչպես վերջին 5 տարիներին պայքարում է։
«Ես անձամբ իմ անունից եմ ասում, որ որևէ բան չի կաշկանդում՝ մեր պայքարն արդար է, մենք պատասխանի ենք սպասում մեր տղաների համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։ Մինչ կալանավորելը, իրավապահները խուզարկություն էին կատարել Արա Ռոստոմյանի բնակարանում և մեքենայում, սակայն, ինչպես փաստաբան Վահան Հովհաննիսյան էր հայտնել՝ կասկածելի որևէ բան չէին հայտնաբերել։
Իշխանություններն Արա Ռոստոմյանին և նրա հետ կալանավորված 15 անձանց, այդ թվում՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, մեղադրում են երկրում «ահաբեկչություն և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ նախապատրաստելու» մեջ։