Ռուսաստանը ևս Հայաստանի հետ հարաբերություններում շեշտը դրել է ԵԱՏՄ համագործակցության վրա․ վերլուծաբան

Նախօրեին Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել էր Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, թե Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու հարցում:

«Լսե՛ք, մենք չենք խոսում Փաշինյանի՝ ԵՄ-ին միանալու անսասան ցանկության մասին։ Իհարկե, մենք քննարկում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցեր։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում Հայաստանի Հանրապետությունում կարգավորող և իրավական ոլորտում կայացված որոշումներին։

Կան կառավարության որոշ ակտեր, որոնք մեզ համար հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, խոսքը Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների չափանիշներին համապատասխան հավաստագրված սննդամթերքի ընդունման մասին է, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության հավաստագրմանը։ Իհարկե, մենք խոսում ենք նման հարցերի վերաբերյալ մեր մտահոգությունների մասին։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և սա նույնպես քննարկվեց այսօր, վճռականորեն տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է Օվերչուկը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը։ Օվերչուկն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության հարցերը։ Նրա խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում է Երևանի հետ առևտրաշրջանառության կրճատումը։

Կարդացեք նաև

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կանգ առանք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա։ Իհարկե, մեզ մտահոգում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատումը։ Մենք քննարկել ենք, թե ինչ պետք է անել, որպեսզի իրավիճակը կարգավորվի»,- թեման շարունակել է Օվերչուկը՝ հավելելով, որ քննարկման հարցերի թվում եղել է նաև Հայաստանում ռուսական ներդրումների թեման։

Բացի այդ, ըստ Օվերչուկի, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին։ «Քննարկվել են Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր: Եվ ընդհանուր առմամբ զրույցը շատ օգտակար էր»,- ասել էր նա։

Դեռևս հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պանելային քննակման ժամանակ նշել էր, որ վերջին շրջանում առևտրաշրջանառությունը երկու երկրների և ԵԱՏՄ-ի հետ նվազել է։

Նա ասել էր, թե ռուսական բիզնեսը Հայաստանում ապագա չի տեսնում՝ հաշվի առնելով բարեկամ երկրի որոշումը՝ մտնել Եվրամիության կազմ։

«Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է»,- նշել էր նա, որին արձագանքել էր քննարկմանը ներկա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ասելով, թե ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ լավ է զգում։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Հայաստանն Ալթայի միջոցառմանը մասնակցել է Փաշինյանի մակարդակով, այնինչ մնացած երկրները մասնակցեցին վարչապետի մակարդակով, որոնց դեպքում, հաշվի առնելով կառավարման համակարգը, վարչապետը քաղաքական երկրորդ դեմքն է։

«Թեև սա առաջին անգամը չէր, որ հայկական կողմը վարչապետների մակարդակով ԵԱՏՄ միջոցառման էր մասնակցում։ Սա պարզապես, որպես փոքրիկ նրբություն էր հետաքրքիր»,- նկատեց նա։

Սիմոնովի կարծիքով, բուն խնդիրն այն է, որ կողմերը փորձում են երկխոսել ՀՀ եվրաինտեգրման օրակարգի և ԵԱՏՄ անդամակցությունը համադրելու պայմաններում։

«ՌԴ-ն ցույց է տալիս, որ թեև քաղաքական երկխոսության հարցերում խնդիրներ կան, խնդիր է տեսնում նաև տնտեսական համագործակցության հարցերում, կան տնտեսական, առևտրային կոնկրետ խնդիրներ, արտահանման հարցերում բարդություններ, անհանգստություններ, թե «վաղն» ինչ բարդությունների առջև կարող են կանգնել ԵԱՏՄ անդամ Հայաստանն ու Ռուսաստանը։ Կարծում եմ՝ բուն շփումների առանցքում այս հարցն է եղել, ինչպես նաև գուցե մասնակիորեն նաև Հարավային Կովկասում ընթացող բանակցությունները, սակայն ոչ խորությամբ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա տպավորությամբ, Հայաստանը ԵՄ-ի կողմից անդամակցության հարցում հստակ երաշխիքներ չունի, հետևաբար՝ ներկայումս չունի նաև ԵԱՏՄ-ն լքելու որոշում, իսկ Ռուսաստանն իր հերթին՝ ոչ թե քաղաքական հայտարարություններ է անում, այլ բարձրացնում է կոնկրետ ՀՀ տնտեսական շահերին առնչվող խնդիրներ, որոնք կարող են առաջանալ, շեշտը դնելով ԵԱՏՄ-ում ՀՀ շահերի վրա։

Սիմոնովն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ երբեմն պաշտոնական ձևակերպումներում խոսվում է փոխշահավետ գործընկերության մասին, ինչը թերևս պատահական չէ և խոսքն այստեղ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության մասին է։

«ՌԴ-ՀՀ քաղաքական երկխոսության որակն էականորեն տուժել է վերջին տարիներին, անվտանգային ոլորտում համագործակցությունը՝ թուլացել, իսկ տնտեսական համագործակցության ոլորտում ԵԱՏՄ-ի շնորհիվ իրավիճակը վատ չէ, բայց կարող է դա ևս տուժել՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին փորձելու է ներդնել ԵՄ ստանդարտներ, որոնք տարբեր են ԵԱՏՄ-ից։ Սակայն ռուսական կողմը հավաստիացումներ է ստացել, որ ԵԱՏՄ-ն լքելու որոշում չկա, թեև այն ապագայում կարող է փոխվել։

ՌԴ վարչապետը, փոխվարչապետը կենտրոնացած են տնտեսական պրակտիկ խնդիրների լուծման վրա, ուստի պատահական չէ, որ ընթանում է երկխոսություն հենց այս գծով։ ՌԴ-ն փորձում է խուսափել ավելի լայն ճգնաժամերից, հաշվի առնելով մարտահրավերները թե՛ Ուկրաինայում, թե՛ Հարավային Կովկասում, ներկայումս կենտրոնանալով ՀՀ շահերից բխող օրակարգի վրա։ Այսինքն՝ ՌԴ-ն ևս շեշտը դրել է Հայաստանի հետ ԵԱՏՄ-ում համագործակցության վրա, աշխարհաքաղաքական զարգացումների որոշ սցենարներ, կարծում եմ՝ կփոխեն այս օրակարգը»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս