24-ամյա մեքենավարի վիճակը շարունակում է մնալ ծանր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 1-ին Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար Ա. Թամազյանն իրեն դուրս էր նետել ընթացքի ժամանակ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնել էին, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել, դուրս է նետվել միայն մեքենավարը, մյուսները կարողացել են կանգնեցնել մեքենան:
Երիտասարդը սկզբում տեղափոխվել էր «Արմավիր», ապա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը հոկտեմբերի 2-ին 168.am-ին հայտնել էր, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով:
Երեկ Շ. Հունանյանը 168.am-ի հետ զրույցում այսօր ասաց, որ երիտասարդի առողջական վիճակում փոփոխություններ չկան. նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, հարաբերական կայուն: Ա. Թամազյանը ենթարկվում է հետազոտությունների, դեռևս վաղ է նրա՝ հիվանդանոցից դուրս գրվելու մասին խոսելու համար:
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ դժբախտ պատահարը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով: «Քննության արդյունքներով հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև` կմշակի երկաթուղում դժբախտ պատահարների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Կառույցի եզրակացության հիման վրա պատասխանատվության կենթարկվեն անվտանգության նորմերի խախտումներ թույլ տված անձինք: Ծառայողական քննության ավարտից հետո բոլոր նյութերը 3-օրյա ժամկետում ուղարկվելու են Աշխատանքի պետական տեսչություն և Դատախազություն»,- ասված էրև ՀԿԵ-ի հաղորդագրության մեջ: