
Գնացքից դուրս նետված 24-ամյա մեքենավարին տեղափոխել են Երևան. նրա վիճակը ծանր է

Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի արգելակների խափանման պատճառով տուժած երիտասարդ մեքենավար Արթուր Թամազյանին երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Արմավիրի» բ/կ-ից տեղափոխել են Երեւան՝ «Էրեբունի» հիվանդանոց:
Այս մասին NEWS.am-ին հայտնել են «Արմավիրի» հիվանդանոցից:
Հայտնել են նաև, որ մեքենավարը 24 տարեկան է, Ալավերդիից է: Նրա մոտ կան մի շարք վնասվածքներ՝ պոլիտրավմա, գանգուղեղային, ողնաշարի, թոքի վնասվածքներ: Երիտասարդը միացված է արհեստական շնչառության ապարատին եւ գիտակցություն չունի:
«Էրեբունի» բ/կ-ից էլ կայքին հայտնել են, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է:
Ինքնագնացի աշխատակիցներից մեկը, դիմելով անձնազոհության, մեքենայի հենց ընթացքից իրեն դուրս է նետել` փորձելով անիվների տակ արգելակող հարմարանք տեղադրելու միջոցով կասեցնել ինքնագնացի արագությունը: Աշխատակցի ջանքերը, սակայն, հաջողությամբ չեն ավարտվել: Ինքնագնացն աստիճանաբար էլ ավելի մեծ արագություն է հավաքել եւ սլացել դեպի ներքեւ:
Տեսնելով, որ մեքենայի արագությունը սանձել չի հաջողվում, կյանքը փրկելու համար, ինքնագնացից դուրս է նետվել երիտասարդ մեքենավար Արթուր Թամազյանը` ստանալով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: