10-ից 6-ը բնակարանը վաճառում է` Հայաստանից հեռանալու նպատակով
Հայտարարությունների նման պատեր Էջմիածին քաղաքում շատ կտեսնեք: Այստեղ կգտնեք հայտարարություններ և՛ առաջարկվող ծառայությունների, և՛ աշխատանքի մասին, սակայն գերակշռողը՝ տների վաճառքի մասին հայտարարություններն են:
Որոշեցի պատահական այդ հայտարարություններից 10 հեռախոսահամար և հասցե վերցնել, և որպես գնորդ ներկայանալ, միաժամանակ նաև պարզել, թե բնակարաններն ինչո՞ւ են վաճառվում:
Պարզվեց, որ Էջմիածնի երկու բնակիչ բնակարանները վաճառում էին նույն քաղաքում առավել ընդարձակ բնակարան գնելու համար: Մյուսը վաճառում էր, որպեսզի երկու մեկ սենյականոց բնակարաններ գներ որդիների համար, չորրորդը տեղափոխվում էր Երևան, իսկ մնացած 6-ը բնակարանները վաճառում էին երկրից հեռանալու նպատակով:
Տիկին Ալլան պատմում է, որ իր երազանքը կատարվեց: Դուստրն արդեն 11 տարի է՝ Լոս Անջելեսում է ու իր համար կարողացել է «Գրին քարտ» շահել: Տիկին Ալլայի խոսքերով՝ իր մոտ ճամպրուկային տրամադրություն է, պատրաստ է անգամ տունը սահմանված գնից էժան վաճառել, միայն թե շուտ մեկնի ԱՄՆ:
Տիկին Ալլայի խանդավառությունը չկար Կարապետյանների ընտանիքում: Լավ կյանքից չէ, որ մեկնում են Ռուսաստան: Ընտանիքի հայրը՝ Ռուբենը շինարար է, բայց Էջմիածնում դժվարությամբ է գործ ճարում, երեք անչափահաս երեխա ունի, կինն էլ շուկայում հագուստ է վաճառում, բայց մի կերպ են ծերը-ծերին հասցնում: Ռուբենի եղբայրն արդեն 5 տարի է՝ Ռուսաստանում է, իրենց էլ է կանչում, ասում է՝ աշխատանք կա, հարմար գնով վարձով տուն էլ է ճարել: Կարապետյաններն էլ որոշել են բնակարանն ու կահույքը վաճառել և ստացված գումարով նոր կյանք սկսել Կալուգայում:
Մյուս չորս ընտանիքներն էլ, որոնց այցելեցինք, պատրաստվում էին մեկնել Ռուսաստան: Երկուսը՝ միգրացիոն ծրագրով, մյուս երկուսն էլ բարեկամների մոտ: Զրույցը նրանց հետ չստացվեց, հարցին, թե ինչո՞ւ եք մեկնում՝ կարճ ու գրեթե միանման պատասխան էին տալիս «Ստեղ ապագա չկա», ու ավելացնում՝ «Հիմա բնակարանը վերցնո՞ւմ եք, թե՞ ոչ»: