
Էջմիածնի կինոթատրոնն այսօր վերածվել է պահեստի (լուսանկարներ)

Մարմարից, գեղեցիկ կամարներով ու խոյակներով այս շենքը տասնամյակներ առաջ քաղաքի հպարտություններից էր համարվում ու իր գեղեցկությամբ զարդարում էր հրապարակը: 80-ականների սերունդը երանությամբ է հիշում այն օրերը, երբ կինոթատրոնն աշխատում էր, երբ դահլիճը միշտ լիքն էր ու կինոթատրոնը համարվում էր քաղաքի ժամանցի լավագույն վայրերից մեկը: Այն Կոմիտասի անվան հրապարակի հարևանությամբ էր, շրջապատված՝ գեղեցիկ այգիով, կողքին Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցն ու սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցին էին ու տարածքը հոգևոր-մշակութային աուրա էր ստանում: Ցավոք, այսօր կինոթատրոնը տառապած ու վիրավոր մի շինություն է հիշեցնում:
1990-ականներին կինոթատրոնը թալանվեց: Գողացան գույքը, նստարաններն ու այն ամենը, ինչ հնարավոր էր տանել: Այժմ միայն պատերն են մնացել, ներսում փլատակներ են, պոկված առաստաղ, ջահերի կմախքն ու քանդված աստիճանները:
Կինոթատրոնի նորոգումը քաղաքապետարանի ծրագրերի մեջ չի մտնում: Հսկայական գումար է անհրաժեշտ նախկին «գեղեցկուհուն» տեսքի բերելու համար: Կինոթատրոնի առաջին հարկի մի հատվածը քաղաքապետարանը փակել է և այն օգտագործում է որպես պահեստ: Այդ հատվածում պահվում են կանաչապատման ու ձյուն մաքրելու համար անհրաժեշտ գործիքները: Մնացած հատվածում ամայություն է, դատարկություն: Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանները ջարդված են, տանիքին արդեն անտառ է գոյանում, իսկ պատերին քաղաքի երիտասարդների սիրո խոստովանություններն ու այլ խզբզանքներն են: