Անկախությունը մսխողների ու նրանց մեծարողների մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի Քաղաքագետների միությունում տեղի ունեցավ բավական ուշագրավ քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի քաղաքական դաշտի, գիտական, դիվանագիտական և այլ ոլորտների մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Սակայն, ինչպես ասում են, երեկոյի գլխավոր աստղը հայաստանցի չէր, թեև ունի հայկական ազգանուն: Խոսքը մոսկվաբնակ քաղաքագետ, շատերին ռուսական «Ռոսիա» (РТР) հեռուստաալիքում ունեցած ելույթներից ծանոթ Սերգեյ Կուրղինյանի մասին է, ով հայտնի է իր ակնհայտ ընդգծված խորհրդային, կոմունիստական հայացքներով և Երևան էր ժամանել, բնականաբար, Հայաստանին խորհրդային անցյալը հիշեցնելու և «հակասովետականության» դեմ պայքարելու համար:
Իհարկե, երևույթը նոր չէ, և Հայաստանում նույնպես կան նման բազմաթիվ ականավոր դեմքեր, ովքեր մոռանալով, որ ապրում են անկախ, ինքնիշխան հանրապետությունում, զբաղված են այս կամ այն գերտերության քարոզչությունը Հայաստանում իրականացնելով: Պարզապես տարածաշրջանում տեղի ունեցող բուռն իրադարձությունների և Հայաստանի շուրջ գնալով սրվող աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին նման երևույթները գնալով ավելի են կարևորվում:
Ի՞նչ էր քարոզում Կուրղինյանը Երևանում: Նա խոսեց հետխորհրդային երկրներում խորհրդային ժառանգության կարևորության և այդ երկրներում «հակասովետականությունը» կոտրելու անհրաժեշտության մասին և, բնականաբար, անդրադարձավ տվյալ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի եվրոպական ընտրության հարցին՝ նշելով, որ «Եվրոպան դառնում է նույնասեռականների ամուսնությունների և ինցեստի արգելքի վերացման Եվրոպա»: Հարցի քաղաքակրթական ասպեկտը դիտարկելուց հետո Ս.Կուրղինյանը, ով թողեց չափազանց լավատեղյակ մարդու տպավորություն, բավական լայն անդրադարձ կատարեց տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներին, այսինքն՝ «թե ուր է գնում աշխարհը»:
Չխորանալով այսօր Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում և այլուր ընթացող հայտնի իրադարձությունների և դրանցում Արևմուտքի դերակատարության վերաբերյալ Ս.Կուրղինյանի գնահատականների մեջ՝ պարզապես նշենք, որ, ըստ Ս.Կուրղինյանի՝ Արևմուտքն այսօր ստրատեգիական դաշինք է կնքել սուննիական կամ ծայրահեղական իսլամիզմի հետ, ինչի նպատակն ամբողջ աշխարհում ոչ թե համաշխարհային նոր կարգ, այլ «համաշխարհային նոր անկարգություն» հաստատելն է:
Ռուսաստանցի քաղաքագետը չմոռացավ հիշատակել նաև Թուրքիան, որն, ըստ նրա, վաղուց արդեն հեռացել է քեմալականությունից և գնում է դեպի նոր խալիֆայություն՝ նույն սուննիզմի շրջանակներում: Բնականաբար, Ս.Կուրղինյանն այս ամենը պատահականորեն չնշեց և այդ մարտահրավերների հասցեատեր դարձրեց նաև Հայաստանին:
«Ինչպե՞ս այս մարտահրավերներին կդիմակայեն պետությունները, որոնք ունեն փառավոր պատմություն, բայց փոքր տարածք և ոչ մեծ բնակչություն, թե՞ որևէ մեկը կարծում է, որ աշխարհիկ վարչակարգերը, որոնք կդիմակայեն իսլամիզմի առաջխաղացմանը, աջակցություն կստանան Արևմուտքից,- հարցրեց նա և պատասխանեց ինքն իրեն,- Բացեք ձեր աչքերը, Արևմուտքն անողոք կերպով ստրատեգիական դաշինքի մեջ է մտել այդ ռեժիմների հետ… Չի կարելի կրկնել Ասադի, Մուբարաքի սխալները»:
Ակնարկը բավական պարզ է: Այն, որ Արևմուտքը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում (իհարկե, իր ռազմավարական դաշնակիցներ Թուրքիայի և Պարսից Ծոցի երկրների հետ) համագործակցում է ծայրահեղ իսլամիստական ուժերի հետ և զինում է նրանց, հայտնի է գրեթե բոլորին: Բայց փաստ է նաև այն, որ Ռուսաստանն իր խոսնակների միջոցով չի դադարում մեզ դրանով վախեցնել՝ անընդհատ հիշեցնելով Թուրքիայի և Ադրբեջանի վտանգի մասին:
Նույնը կարելի է ասել Եվրոպայի՝ «միասեռականների երկիր» լինելու մտքի վերաբերյալ. այն, որ այսօր ավանդական ընտանիքը քայքայող այդպիսի օրենքները պարտադրվում են Եվրոպայի ղեկավար մարմինների կողմից, և բուն Եվրոպայում ժողովուրդները պայքարում են այդ արատավոր երևույթի դեմ, մենք տեսնում ենք ամեն օր: Եվ այս առումով պետք է նշել, որ կայսրությունների համար, հատկապես՝ ժամանակակից աշխարհում, բնականաբար, ավելի հեշտ է իր ազդեցությունը տարածել մարդկային բնազդների, այլ ոչ թե բարոյականության վրա հիմնված արժեքների միջոցով: Իսկ եթե այդ կայսրությունն ուզում է ծավալվել իր սահմաններից դուրս, բնականաբար, այդ նույն կանոնները պետք է պարտադրի այն ժողովուրդներին, ովքեր ուզում են միանալ իրեն:
Իհարկե, շատերը գտնում են, որ Եվրոպան համասեռամոլների հետ ասոցիացնելը չափազանց պարզունակ պատկերացում է այդ աշխարհամասի և քաղաքակրթության մասին, և սրա մեջ կա ռացիոնալ հատիկ, բայց այն, որ այսօրվա Եվրոպան՝ իր քաղաքականացված եվրատեսիլներով, քարոզվող մասսայական, պարզունակ մշակույթով կամ թեկուզ ավտորիտար, ոչ օրինակարգ իշխանությունների հանդեպ վարած իր երկակի քաղաքականությամբ, հեռացել է, ինչպես ասում են, դասական, ֆունդամենտալ Եվրոպայից, դա նույնպես դժվար է հերքել: Այսինքն՝ այսօրվա Եվրոպան նույնքան կապ չունի Մոցարտի, Հեգելի, Կանտի, Միքելանջելոյի և մյուս հանճարների Եվրոպայի հետ, որքան այսօրվա՝ օլիգարխիկ ու գողական Ռուսաստանը հեռացել է Չայկովսկու, Պուշկինի, Դոստոևսկու և Վիսոցկու Ռուսաստանից:
Իրականում խնդիրը շատ պարզ է. յուրաքանչյուր ժողովուրդ, որը ձգտում է ձևավորել սեփական ազգային հայեցակարգը և զարգացնել իր պետությունը, եթե այն, իհարկե, ինքնիշխան է, ամեն մի քաղաքակրթությունից վերցնում է այն արժեքները, որ ինքը համարում է անհրաժեշտ իր հասարակության բարօրության և առաջընթացի համար: Եվ ամենևին պարտադիր չէ ընկնել երկընտրանքի մեջ:
Իսկ ո՞վ է ընդհանրապես Հայաստանին դրել Արևմուտքի և Հյուսիսի միջև պարտադիր երկընտրանքի առաջ, արդյո՞ք սա բխում է հայ ժողովրդի շահերից: Միգուցե Հայաստանի արտաքին գերատեսչությունը, որն առայժմ չի ծնել առաջին դիվանագետին, ով կհամարձակվի պատասխանել Հյուսիսից եկող սպառնալիքներին, ա’յս հարցի մասին պետք է առաջին հերթին մտահոգվի: Ինչո՞ւ է ազգային ու անկախ համարվող Հայաստանը բաժանվել արևմտամետների և ռուսամետների:
Եվ այս առումով ոչ պակաս կայսերական են եվրոպական կառույցներից արդեն մի քանի տարի հնչող վերջնագրերը՝ «կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ»:
Վերադառնանք Սերգեյ Կուրղինյանին, ում երեկ երեկոյան հարցրեցին նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ գերակայության՝ ղարաբաղյան հիմնախնդրի մասին: «Եթե Հայաստանը դավաճանի Ռուսաստանին, ապա դա նշանակում է՝ Հայաստանը դավաճանել է Արցախին»,- ասաց Կուրղինյանը, որից ակնհայտ դարձավ, որ Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո մենք ստանում ենք երկրորդ սպառնալիքը Ռուսաստանից: Այսինքն՝ «կամ դու մեզ հետ ես, կամ մենք քեզ մեն-մենակ կթողնենք իսլամիզմի և թուրքերի դեմ»:
Այս ամենն, իհարկե, նորություն չէ, բայց ամենացավալին այն է, որ մեկ այլ պետության, ավելի ճիշտ՝ կայսրության կայսերապաշտ խոսնակը գալիս է մի երկիր, որին մասին խոսում է այնպես, ինչպես իր կայսրության որևէ մարզի մասին, նրան ներկայացնում է վերջնագիր, և անկախ համարվող Հայաստանի Հանրապետության ներկա քաղաքացիներից գրեթե ոչ ոք, բացառությամբ մեկ-երկուսի, չի ըմբոստանում դրա դեմ: Երևի թե խորհրդանշական էր, որ փորձեց ընդվզել միայն Հայաստանի նորագույն պատմության ամենահզոր ու համաժողովրդական շարժումը գլխավորած «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի ղեկավարներից մեկը՝ քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
«Ի՞նչ դժգոհություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վարած քաղաքականության վերաբերյալ, և էլ ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի հավատարիմ համարվենք: Այստեղ կա ռուսական բազա, ներդրումներ, ավելի քան 100 պայմանագրեր, անդամակցություն ՀԱՊԿ-ին, մենք շատ կարգապահ անդամ ենք ՀԱՊԿ-ում… ուրիշ ի՞նչ մենք պետք է անենք այն իրավիճակում, երբ Ռուսաստանը զանգվածային կերպով ժամանակակից զինամթերք է վաճառում Ադրբեջանին, որը սպանում է մեր երեխաներին…»,- հարցրեց Ի.Մուրադյանը:
Պատասխանը, բնականաբար, կայսերական էր և միաժամանակ՝ բավական պրագմատիկ:
«Հայերը հարցնում են՝ ինչո՞ւ եք զենք վաճառում Ադրբեջանին: Մենք բոլորին ենք վաճառում, որովհետև դա բխում է մեր շահերից: Որպեսզի այդ տրամաբանությունը փոխվի, երկու բան պետք է տեղի ունենա. առաջինը՝ մարդիկ պետք է շահերից վերադառնան ինչ-որ մի բանի, որն առաջացնում է վստահություն… Եթե մենք նրանց մեջ տեսնում ենք մերոնց, այդ ժամանակ մերոնց կարելի է զենքը տալ ավելի էժան գնով, գազը՝ անվճար, կամ հրաժարվել մյուս կողմի հետ շահավետ գործարքներից: Բայց եթե պարզվի, որ դրանք օտարներ են (խոսքը, բնականաբար, հայերի մասին է.- Ա.Ս.), և մենք պարզապես բանակցություններ ենք վարում, ապա բոլոր օտարներն էլ հավասար են…»,- ասաց հայկական ազգանունով ռուսասեր քաղաքագետը, ինչին ի պատասխան՝ Իգոր Մուրադյանն ընդգծեց, որ Կուրղինյանը չխոսեց Ռուսաստանի «ոչ եղբայրական» վերաբերմունքի մասին:
«Ձևակերպեք «եղբայրություն» բառի իմաստը, այդպես չի կարելի, սկզբից դուք խոսում եք պրագմատիզմի լեզվով, հետո՝ եղբայրության մասին»,- պատասխանեց Կուրղինյանը:
Այս ամենից հետո մնում է անդրադառնալ միայն մեկ բառի կամ հասկացության՝ «եղբայրություն». այս բառը շատ ծանոթ է հատկապես խորհրդային, կեղծված պատմագեղարվեստական ֆիլմերից և շատ է հանդիպում նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայացման ժամանակ: Միգուցե այդ մասին տեղին ու անտեղի խոսելը նույնպես փոքր ազգերին բնորոշ ավելորդ ռոմանտիզմ է:
Ինչևէ, այսօր մայիսի 28-ն է՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը, երբ կոտորածի ենթարկված, Եղեռնից փրկված ժողովուրդը, ով, ի դեպ, միայնակ էր մնացել իր դաշնակցի կողմից՝ թուրք նվաճողների դիմաց, իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում կարողացավ հերոսաբար դիմակայել և կերտել իր անկախությունը՝ շուրջ 600-ամյա ընդմիջումից հետո վերականգնելով իր պետականությունը: Դրանից շատ չանցած՝ 1920-ին, կրկին այն կորցրեցինք, իսկ թե երբ Հայաստանը կրկին դարձավ անկախ պետություն, գիտեն բոլորը, պարզապես խնդիրն այն է, թե որքանով է այսօր իրական այդ անկախությունը՝ հատկապես գերտերությունների ահագնացող մրցավազքի պայմաններում:
Ռուսաստանի նորագույն պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը՝ Բորիս Ելցինը, ով՝ որպես դեմոկրատական շարժման առաջնորդ, պայքարել է խորհրդային ամբողջատիրության դեմ, պատմության մեջ մտել է ոչ միայն՝ որպես երկրի առաջին նախագահ, այլ նաև՝ որպես հետևյալ խոսքերի հեղինակ. «Տարեք ձեր ուսերին այնքան անկախություն, որքան կարող եք»: Իսկ որքա՞ն անկախություն ենք մենք այսօր տանում մեր ուսերին: