Սերգեյ Կուրղինյան. Եվրոպան դառնում է միասեռական ամուսնությունների, ինցեստի արգելքի վերացման Եվրոպա

«Ամենագլխավոր խնդիրը բոլոր հետսովետական երկրներում հակասովետական կոնսենսուսը կոտրելն է»,- այսօր Հայաստանի Քաղաքագետների միությունում հրավիրված քննարկմանը` «Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում» թեմայով, ասաց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, ով իր ելույթի մեծ մասը նվիրեց «հակասովետականության» խնդիրներին, խորհրդային, ռուսական և  արևմտյան, եվրոպական քաղաքակրթություններին:

«Իմ կարծիքով` ռազմավարական տեսանկյունից, խնդիրն այն է, որ բոլոր հետսովետական երկրներում` այդ թվում Ռուսաստանում, այս կամ այն չափով ձևավորվել է հակասովետական էլիտաների կոնսենսուս: Էլիտաները, որոնք փլուզում էին Խոհրդային Միությունը, բնականաբար, ամեն ինչ կառուցեցին հակասովետականության վրա, սա բնական է, այլ կերպ նրանք չէին կարող»,- ասաց Կուրղինյանը: Իսկ դրանից հետո, ըստ նրա, այդ «հակասովետականությունը» ստացել է տարբեր ձևեր` ազատական, ազգայնական, ուլտրածայրահեղական և այլն:

Մոսկվայից ժամանած քաղաքագետ Կուրղինյանը նշեց, որ եթե այդ «հակասովետականությունը» չկոտրվի դեպի սեփական անցյալը, միևնույն է` դա տեղի կունենա, և գործընթացը մի  «հակասովետականությունից» կգնա դեպի մեկ այլ` ավելի վատ «հակասովետականություն», ինչը «լավ բանի չի բերի»:

Իր հայացքներն ավելի դիպուկ նկարագրելու համար Սերգեյ Կուրղինյանը հաճախակիորեն մեջբերումներ էր կատարում այս կամ այն գեղարվեստական ստեղծագործությունից և նույնիսկ անեկդոտներից, և այս առումով հիշեցրեց խորհրդային գրող Ալեքսանդր Զինովևի խոստովանությունը. «Մենք նշան էին բռնել  կոմունիզմի վրա, բայց կպանք Ռուսաստանին»:

Կարդացեք նաև

Ելնելով վերոնշյալից` Կուրղինյանը կարծիք հայտնեց, որ խորհրդային ժամանակաշրջանը կարևորագույններից մեկն է նախկին խորհրդային պետությունների պատմության մեջ, և նրանց ընդհանուր շահը կայանում է նրանում, որ այդ երկրների ազգային պատմությունը լինի միասնական: Որպես խորհրդային ժառանգության կարևորության օրինակ՝ Կուրղինյանն ընգծեց ֆաշիզմի դեմ հաղթանակը և մայիսի 9-ի տոնը, որը, իր խոսքերով, սուրբ ամսաթիվ է հետսովետական երկրների համար:

Իսկ մյուս կարևոր խնդիրը, ըստ Սերգեյ Կուրղինյանի, եվրոպական ընտրության հարցն է: Այս հարցը վերլուծելու համար Սերգեյ Կուրղինյանը կրկին դիմեց պատկերավոր օրինակներին:

«Բոլորն են խոսում եվրոպական ընտրության մասին…Ես ելույթ ունեցա արևմտյան Ուկրաինայում` այնպիսի լսարանում, որտեղ տիրում էր շատ ուժեղ հակասովետականություն, եվրոպական- ոչ եվրոպական ընտրության հարցի շուրջ, և հանկարծ հիշեցի մի արտահայտություն, որը շատ ռեզոնանսային էր իմ զրուցակիցների համար, ովքեր շատ ուժգին հակասովետական տրամադրություններ ունեին: Ես ասացի` ենթադրենք, թե կա երկու ընտրության հնարավորություն, առաջին ընտրության դեպքում ձեր դուստրը կդառնա հավաքարարուհի, իսկ մյուս ընտրության դեպքում նա կդառնա ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ո՞րը կընտրեք: Եթե դրված է այսպիսի ընտրություն է, ես չեմ ասում, թե այն դրված է, դուք պետք է որոշեք, թե ինչ աստիճանով է այդ հարցը դրված,- ասաց Սերգեյ Կուրղինյանը,- Եթե մի ընտրությունը` եվրոպականը, ենթադրում է հյուրանոցի հավաքարարի դերը, իսկ մյուս ընտրությունը մի փոքր ավելի լավ բան է ենթադրում, ուրեմն ո՞ր ընտրությունն է ավելի լավ»:

Ներկայացնելով իր կարծիքն այս հարցի վերաբերյալ` Կուրղինյանն ասաց, որ երբեք չի եղել արևմտամետ, և իր երկիրը` Ռուսաստանը, զարգացել է ոչ այնպես, ինչպես Արևմուտքը, ինչն էլ Ռուսաստանի պատմական իմաստն է, բայց միաժամանակ նշեց, որ հարգում է Արևմուտքը և միշտ համարել է, որ արևմտյան գաղափարախոսությունը բարձրագույն արժեք է:

«Բայց եկեք տեսնենք, թե ինչ է այժմ տեղի ունենում: Արդյոք այստեղ ամբողջովին գիտակցո՞ւմ են, որ մոտակա 3-4 տարիներին մի շարք եվրոպական, պիոներական եվրոպական երկրներ կընդունեն օրենք, որը կհանի ինցեստի արգելքը, այսինքն արգելքը հոր և դստեր մերձեցման վրա: Բայց չէ՞ որ դուք հասկանում եք, որ այդպես է լինելու: Դա մոտակա տարիներին տեղի կունենա, և կլինի պիոներական փորձարկում` եվրոպական երկրների համար: Դուք տեսնո՞ւմ եք Ֆրանսիայում տեղի ունեցող միլիոնանոց հանրահավաքները, դրանք ֆրանսիացի ժողովրդի ցույցերն են, որն ասում է, որ ինքը չի ուզում միասեռական ամուսնություններ…

Եվրոպան այս ամենի վրա թքած ունի, այսպիսով` Եվրոպան դառնում է միասեռական ամուսնությունների, ինցեստի արգելքի վերացման Եվրոպա: Իսկ ի՞նչ կլինի հետո, follow up (հասցնել մինչև վերջ,-խմբ.), հաջորդ քայլը: Արդյոք սա Հյուգոյի՞, Դիկենսի՞ և մյուսների՞ Եվրոպան է, թե՞ սա արդեն այլ Եվրոպա է»,- նշեց Ս.Կուրղինյանը:

Բացի այդ` Եվրոպայում այսօր ընթացող գործընթացների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար` Ս.Կուրղինյանը խոսեց ընտանիքի վերաբերյալ կատարվող այն օրենսդրական բարեփոխումների մասին, որի արդյունքում, ըստ նրա, ընտանիքը դառնում է «քրեականացված»:

«Որոշ անհասկանալի, երբեմն էլ ոչ ազգային բյուրոկրատիան կարող է մտնել ձեր տուն, պարզել, որ, օրինակ, ձեր սառնարանում անհրաժեշտ պարունակության սնունդ չկա, կամ որ ձեր երեխան կոտրել է ոտքը, կամ նրան վերցնել և նրան տեղավորել մի անհասկանալի կառույցում` մանկատուն անվանումով, և ոչ ոք չի կարողանա նրան այնտեղից ետ վերցնել:

Ֆրանսիան, որն ամենից շատն է փորձարկումներ կատարում այդ ոլորտում, արդեն ստացել է այդպիսի 2 միլիոն ընտանիքներ: Այժմ Ֆրանսիան պաշտոնապես է հայտարարել, որ միլիոնավոր ընտանիքներ զրկվել են իրենց երեխաներից սխալմունքով: Իսկ արդյոք սա չի՞ կարելի անվանել բռնաճնշում,- պատմեց ռուսաստանցի քաղաքագետը` ավելացնելով,- Սա արդեն մոդեռն Եվրոպան չէ, այն մեծ, դասական Եվրոպան չէ, որը գոյություն ուներ 500 տարի, սա ինչ-որ այլ Եվրոպա է»:

Տեսանյութեր

Լրահոս