Կասկածում են, բայց չեն ասում

Ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանվել էր Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը: Նա Սիրիայից էր ներգաղթել Հայաստան, մեծ ավանդ ուներ Արցախյան ազատամարտում, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: 2005 թվականից ընտրվել էր գյուղապետի պաշտոնում: Գյուղում բոլորը նրա մասին շատ լավ էին արտահայտվում և նախկին ազատամարտիկի մասին խոսելիս նրան նկարագրում էին` որպես ազնիվ, անարդարության և ապօրինության դեմ պայքարող մարդ, ով գյուղի համար այս տարիների ընթացքում մեծ գործեր է արել: Գյուղացիները պատմել էին, որ 2008թ. էլ գյուղապետի ընտրություններից առաջ կրակել էին Հ. Մուրադյանի ավտոմեքենայի վրա: Որոշ միջադեպ էր տեղի ունեցել նաև 2012թ.: Սպանության կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվածից անմիջապես հետո հայտարարություն էր տարածել ՀՅԴ-ն. «Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է»:

Երեկ հայտարարություն էին տարածել նաև «Ժառանգությունը» և «Սարդարապատ» շարժումը: «Ինչպես մինչ օրս տեղի ունեցած շատ սպանություններ և բռնության այլ դրսևորումներ, Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ կերպով նվիրված ազատամարտիկի, հանրային պաշտոնյայի և ընտանիքի հոր այս սպանությունը ևս պետական կառավարման համակարգում ու վերնախավում գերիշխող քրեածին բարքերի, անպատժելիության և հանցավոր ամենաթողության հետևանք է»,- հայտարարել է «Սարդարապատը»: «Միայն երկրում առկա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում կարող էր նման քստմնելի հանցագործություն կատարվել, երբ իր աշխատավայրի առջև իր աշխատակիցների հետ զրուցող համայնքապետը անշնչացած գետին տապալվի դավադիր ու հեռահար կրակոցից: Ում պատվերով և ում իրացմամբ է կատարվել հանցագործությունը` պատկան մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել»,- հայտարարել է «Ժառանգությունը»: Ըստ Դաշնակցության՝ Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը, ինչը «հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրին այս վախճանին»:
Դեպքից անմիջապես հետո կատարված ողբերգությանը որոշ շրջանակներ փորձեցին քաղաքական ենթատեքստ տալ: Ցանկացած վարկած, իհարկե, գոյության իրավունք ունի, սակայն միգուցե վերջնական գնահատական տալու համար ճիշտ կլիներ սպասել գործի քննության ավարտի՞ն: Այս իմաստով՝ հանրության մեջ տեսակետները կիսվել են: Մի մասը կարծում է, որ ընդդիմությունը նախկին ազատամարտիկի մահը շահարկում է ներքաղաքական նպատակներով, մյուս մասի կարծիքով` դա կարող է լինել քաղաքական մրցակցությունից առաջացած անձնական վրեժխնդրության դրսևորում, և պետք չէ շահարկել «սպանվածի արյունը»: Երեկ, ի դեպ, ընդդիմության կողմից հայտարարություն տարածվեց, որ այսօր ժամը 19:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն` Հրաչ Մուրադյանի սպանության դեմ ցասումն արտահայտելու և նրա հիշատակը խնկարկելու համար: Իսկ ապրիլի 5-ին տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ` ազատամարտիկի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:
Հայաստանում գրեթե ամեն ամիս մարդ է սպանվում, և այդ առիթով որևէ քաղաքական կուսակցություն հայտարարություն չի տարածում, ամենաթողության, անվտանգության բացակայության կամ առկա քրեածին բարքերի առկայության մասին ոչ ոք չի բարձրաձայնում: Ստացվում է՝ կուսակցություններն արձագանքում և դատապարտում են միայն իրենց կուսակից ընկերների սպանությունները, նրանց դեմ կատարված ոտնձգությունները, իսկ երբ դա տեղի է ունենում շարքային քաղաքացու, ոչ կուսակցականի հետ, արդեն ոչ թե քաղաքական, այլ շարքային սպանություն է, որը հենց այդպես էլ պետք է լիներ: Եթե հայտարարվում է, որ սպանությունը քաղաքական է, ուրեմն պետք է նաև նշել այն քաղաքական ուժին կամ քաղաքական պատվիրատուին, որը կանգնած է սպանության ետևում: Հակառակ դեպքում դրանք դառնում են մերկապարանոց հայտարարություններ:
Ի դեպ, այսօր Ոստիկանությունը հայտարարեց, որ գործի շրջանակներում արդեն կան ձերբակալվածներ:

Տեսանյութեր

Լրահոս