ԱՄՆ-ը Վրաստանում բացում է ծովային սահմանների անվտանգության ապահովման օբյեկտներ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Վրաստանում բացելու է մի շարք օբյեկտներ՝ ծովային սահմանների անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը ապրիլի 1-3-ին այցելելու է Բաթում և Փոթի, ուր մասնակցելու է մի շարք միջոցառումների և հանդիպումներ է ունենալու տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Դեսպանը Սուփսայում բացելու է ծովային օպերացիաների ղեկավարման կենտրոն: Տվյալ կենտրոնը Սևծովյան ավազանում կհանդիսանա եզակի օբյեկտ: Այն նախատեսված է միջգերատեսչական համագործակցության միջոցով թրաֆիքինգի ու հանցագործությունների դեմ պայքարի համար:
Ամերիկյան վարչակազմը սահմանների անվտանգության ու արտահանման վերահսկման ծրագրի շրջանակներում տվյալ նախագծին հատկացրել է 1.2 միլիոն դոլար: Ծովային օպերացիաների ղեկավարման կենտրոնի բացումը կնպաստի Վրաստանի՝ որպես տարանցիկ երկիր, սահմանների անվտանգության ամրապնդմանը:
Բացի այդ, Ռիչարդ Նորլանդն այցելելու է Փոթի՝ բեռնարկղերի մաքսային վերահսկողության գոտի և հանձնելու է Toyota Land Cruiser ավտոմեքենա: Դրանից հետո նա բացելու է առափնյա պաշտպանության նավերի վերանորոգման կետը, որի ստեղծմանն ԱՄՆ-ը հատկացրել է 6 միլիոն դոլար: Այդ արհեստանոցը գտնվում է Փոթիի առափնյա պաշտպանության բազայի տարածքում:
ԱՄՆ վարչակազմը 2006 թվականից Վրաստանի առափնյա պաշտպանության ու ծովային սահմանների ավտանգության ամրապնդմանը հատկացրել է 12 միլիոն դոլար: