Ռուսաստանի ԱԳՆ-ը պատասխանել է Վրաստանի ԱԳՆ-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր մեկնաբանել է Սև ծովում ռուս զինվորականների անցկացրած մասշտաբային զորավարժությունների հետ կապված Վրաստանի ԱԳՆ-ի հայտնած մտահոգությունը.
«Սև ծովում անցկացված զորավարժությունների հետ կապված Վրաստանի արած հայտարարությունը, թե դրանք սպառնում են տարածաշրջանային համագործակցությանը, հնարանք են և չեն տեղավորվում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտում ունենալու մասին արտահայտություններում:
Վրացական կողմի համար նորույթ չէ ռուսական սպառնալիքի հրապարակավ ուռճացումը՝ սեփական հակամարտային քաղաքականությունը քողարկելու համար: Բավական է հիշել ամիսներ առաջ նրա բարձրացրած աղմուկը՝ կապված նախորդ տարվա (հոկտեմբերին 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին – 168.am) ռուսական պլանային զորավարժության հետ, որն իբրև թե մահացու սպառնալիք էր ներկայացնում Վրաստանի համար»:
Հիշեցնենք, որ թեև Վրաստանի ԱԳՆ-ն իր մտահոգություն էր հայտնել՝ կապված ռուսական սևծովյան զորավարժությունների հետ, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ այդ զորավարժություններն ուղղակիորեն չեն սպառնում Վրաստանի ազգային անվտանգությանը՝ ընդգծելով, որ զորավարժությունների ժամանակ չի խախտվել Վրաստանի ծովային ջրատարածությունը: