Ռուսաստանի Սևծովյան նավատորմն անցկացրել է գիշերային խոշորամասշտաբ զորավարժություններ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմանավերի ջոկատն անցած գիշեր անցկացրել է զորավարժություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Վերջինիս խոսքերով՝ այդ զորավարժություններին մասնակցել է 36 տարբեր տիպի ռազմանավ, այդ թվում նաև խոշոր դեսանտանավեր, մոտ 7000 զինծառայող, մինչև 250 զրահամեքենա, տարբեր նշանակության ավելի քան 50 հրետանային սարքավորում, ավելի քան 20 մարտական ինքնաթիռ ու ուղղաթիռ:
Գիշերային զորավարժություններն անցկացվել են Նովոռոսիյսկի ջրատարածությունում: Զորավարժությունների ժամանակ կատարվել են համատեղ մանևրման առաջադրանքներ, ծովում կազմակերպվել է հակաօդային պաշտպանություն: Ուղեկցող նավերը ձեռնարկել են հակաականային պաշտպանություն, հետ են մղել վերջրյա ու օդային թիրախների հարձակումները, կատարվել է ափհանում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ, Ռուսաստանի զինված ուժերի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը երեկ անսպասելիորեն հրաման է արձակել այսօր Սև ծովում խոշորամասշտաբ զորավարժություններ սկսելու մասին:
Առավոտյան ժամը 04.00-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստացել է մի ծրար, որում գրված է եղել համապատասխան հրամանի մասին: Առավոտյան ժամը 04.00-ին Վլադիմիր Պուտինն ինքնաթիռով վերադառնալիս է եղել ՀԱՀ-ի Դուրբան քաղաքից, ուր մասնակցել է BRICS-ի գագաթաժողովին: