Վրաստանն ուղիղ սպառնալիք չի զգում Սև ծովում Ռուսաստանի զորավարժություններից. Ալասանիա
Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սև ծովում Ռուսաստանի անցկացրած վերջին մասշտաբային զորավարժություններին` ընդգծելով, որ դրանք վտանգ չեն սպառնում Վրաստանի համար.
«Վրաստանի օկուպացված տարածքներում գտնվող ռուսական զորքերը չեն մասնակցել Սև ծովի ջրատարածությունում անցկացված զորավարժություններին: Զորավարժությունների ընթացքում չի խախտվել Վրաստանի ծովային ջրատարածությունը:
Այն, որ այդ զորավարժությունները չեն համաձայնեցվել հարևան երկրների հետ, հանդիսանում է միջազգային պրակտիկայի խախտում: Վրաստանն ուղղակի սպառնալիք չի զգում այդ զորավարժություններից»:
Նշվում է, որ այդ զորավարժությունները վերջին երկու ամսում ռուսական բանակի չպլանավորած երկրորդ զորավարժություններն էին: Փետրվարին տագնապի հայտարարման միջոցով անսպասելիորեն ստուգել էին Կենտրոնական ու Հարավային ռազմական օկրուգների զորքերի մարտունակության աստիճանը, ինչն աննախադեպ է վերջին 20 տարվա համար: