Բաժիններ՝

Ցուկերբերգ. «Մեր հասարակությունը գիտնական հերոսների կարիք ունի»

Տասնմեկ  գիտնականներ, որոնց մեծ մասն ամերիկացիներ են, դարձան աշխարհում բժշկության և կենսաբանության ոլորտում ամենահարուստ գիտական մրցանակի` «Breakthtough Prize»-ի առաջին դափնեկիրները: Նրանցից յուրաքանչյուրին հանձվեց 3 միլիոն դոլար՝ երկու անգամ ավելի, քան Նոբելյան մրցանակն է նախատեսում:

Մրցանակը սահմանել են համացանցի չորս հսկաներ. ռուս ձեռնարկատեր և բարերար Յուրի Միլները, ով մեծ աղմուկ բարձրացրեց՝ անցած տարվա օգոստոսին ֆիզիկոսներին 3 միլիոն դոլարի մրցանակներ տրամադրելով,  Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը,  նրա կինը՝ Աննա Վոջիսկին, ով «23andMe» կենսատեխնոլոգիական ընկերության  հիմնադիր է,  և Facebook  սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Վոջիսկու  կարծիքով՝  մրցանակը նախատեսված է նրանց համար, ով մտածում է, ռիսկի է դիմում և հրաշալի փոփոխություններ իրականացնում մեր կյանքում:  «Այս  գիտնականները  պետք է հասարակության  հերոսները լինեն», – նշել է  նա:

Ցուկերբերգը  ֆեյսբուքյան  իր  անձնական էջում  գրել է.  «Մեր հասարակությունը  գիտնական, հետազոտող հերոսների կարիք  ունի:  Այն  մարդիկ,  ովքեր  բուժում  են  հիվանդություններ,  ընդլայնում են  մեր  պատկերացումները  մարդկության վերաբերյալ  և   աշխատում են բարելավել   մարդկանց  կյանքը, պետք է պարգևատրվեն ու արժանանան մեծարման»:  Ցուկերբերգը  նշել է, որ  իր  համար   մեծ  պատիվ  է   աշխատել  այդպիսի  թիմի   հետ՝ հավելելով, որ   սահմանված 3  միլիոն  դոլարն  այս պահին ամենամեծ  մրցանակն  է   աշխարհում:

Մրցանակին արժանանալու համար տարիքային  կամ  այլ  սահմանափակումներ  չկան: Ավելին, պարոն  Միլների  խոսքով՝ նույն  անհատը կարող է մրցանակի արժանանալ մի քանի անգամ: «Եթե դու  Էյնշտեյն ես, ապա  կստանաս 3  մրցանակ»,-  ասել է  նա:

Հիմնադիրները հույս  հայտնեցին,  որ  կկարողանան ներառել  նոր  հովանավորների  և   ավելացնել  տարեկան  հաղթողների թիվը:

 

Նյութը պատրաստեց Անի Ավետիսյանը

www.armacad.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս