«Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս»
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձից ժամեր անց նրա հիվանդասենյակում ասեղ գցելու տեղ չկար: Բոլոր պաշտոնյաները` խալաթներն ուսերին, տեսախցիկների առաջ, առողջություն էին մաղթում Հայրիկյանին: Անգամ Սերժ Սարգսյանն էր այցելել նրան:
Հայրիկյանից կախված էր Սահմանադրական դատարան դիմելու-չդիմելու հարցը` կհետաձգե՞ր երկու շաբաթով ընտրությունները, թե՞ ոչ: Երկու շաբաթ. այդ ընթացքում կսպառվեր ՀՀԿ թեկնածուի համեստ ասելիքն ընտրողներին, ու անհրաժեշտություն կառաջանար ֆինանսական նոր միջոցներ դնել շրջանառության մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանը կհասցներ անձամբ բարևել Հայաստանում բնակվող բոլոր քաղաքացիներին, ներկա լինել երկու շաբաթվա ընթացքում մահացածների հոգեհանգստյան և հարսանյաց արարողություններին: Հրանտ Բագրատյանն ավելի մանրամասն կներկայացներ իր «100 քայլը»: Անդրիաս Ղուկասյանը կհյուծվեր ևս երկու շաբաթ: Հայրիկյանն ինքն էլ ընդդիմության միասնական թեկնածուի մասին ինչ-ինչ գաղափարներ ուներ:
Պարույր Հայրիկյանը դիմեց ՍԴ, սակայն հաջորդ օրը ետ վերցրեց դիմումը: Եվ վերջ. նրա հանդեպ քաղաքական վերնախավի (ու ոչ միայն) հետաքրքրությունը վերջնականորեն սպառվեց: Սրամիտ և ոչ այնքան սրամիտ ստատուսները հեղեղեցին ֆեյսբուքը: Ու դա էլ մարեց:
Եվ օրերս Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումն ահավոր ցավալի հնչեց . «Եվս մեկ տհաճ օր… Մոտ երեք ժամ ստուգելուց յետոյ մասնագետնէրն արձանագրեցին, որ դէպի վատն են գնում առողջական գործերս: Ուրախացե՛ք, տականքնե՛ր, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու… Մէկ է, ես վերականգնուելու եմ: Իսկ եթե ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու, ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ միակ մարդուն այդպէս միահամուռ դաւաճանեցիք…»:
Ո՞րն է, ի վերջո, մարդուն գնահատելու, նրա հանդեպ մարդկային ուշադրություն ցուցաբերելու առիթը. որքանո՞վ է նա քաղաքական գործոն, որքա՞ն է մեծ կամ փոքր նրա սխալվելու հավանականությունը: Թե որքանո՞վ է նա մեկը` մեզնից, որն ունի մարդկային պարզ ուշադրության, հոգատարության կարիք:
Այն մարդիկ, ովքեր դուրս չէին գալիս նրա հիվանդասենյակից, քանի դեռ ԱԻՄ առաջնորդն իր որոշմամբ կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների տրամաբանության վրա, այսօր այլևս նրա առողջությամբ չեն հետաքրքրվում: Անհրաժեշտություն չկա…
Մարդուն մոռանալն ամենածանր հարվածն է: Արշակ Չոպանյանի բանաստեղծությունը հիշո՞ւմ եք. «Ատե՛, բայց մի՛ մոռնար զիս»: