«Ճշմարտությունը երկկողմանի սուր է. եթե պատրաստ ես, ուրեմն ճշմարտությունը ծառայում է քեզ, եթե ոչ` այն կարող է սպանել». Վախթանգ Հարությունյան
Հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը հարյուրից ավելի երգերի և բանաստեղծությունների հեղինակ է: Հեղինակային երգի երեկոների ընթացքում հնչող նրա երգերը շատերի համար են հոգեհարազատ դարձել:
168.am-ը երգերի բովանդակության, Երևանի, քաղաքացիների և այլ թեմաների շուրջ զրուցել է երգահանի հետ:
– Վախթանգ, քո երգերից մեկը կրում է «Անթիվ ու անիմաստ օրեր» վերնագիրը: Կյանքում նման օրեր հաճա՞խ են լինում:
– Անիմաստ կամ իմաստավոր օրերն իրարից տարբերելու համար պետք է հաշվի առնել ժամանակի ընթացքի մեջ արձանագրված նրա պիտանելիության չափը կամ օգտակարության գործակցի չափաբաժինը: Կամ` երբ գիտակցում ենք, թե 24 ժամից որքա՞նն է գիտակցված անցնում, որքա՞նը` սիրո մեջ, որքա՞նն էլ` անիմաստ: Սրանից էլ պարզ է դառնում` օրն անիմա՞ստ է, թե՞ իմաստավոր:
– Ձեր կյանքում օգտակարության գործակցի չափաբաժինը մե՞ծ է:
– Ես, համենայնդեպս, պարբերաբար փորձում եմ այս վերլուծության արդյունքում օրս ավելի շատ խտացնել` հասկանալով, որ այն քիչ թե շատ սպառման է տանում, որովհետև օրերը խտացնելով` կյանքի ռիթմն է ավելանում, իսկ ռիթմերի մեջ էլ պիտի կարողանաս շատ ավելին տալ: Այնուամենայնիվ, սա իմ ապրելու ձևն է:
– «Ես հեռանում եմ ձեզանից» երգում ումի՞ց կամ ինչի՞ց էիք հեռանում:
– Երգը հիմնականում բիրտ բարքերին է վերաբերում: Ես ոչ թե իմ տեսակից եմ հեռանում, այլ այն տեսակից, որն ամեն քայլով իրեն կապված հասարակությանը մահվան է տանում: Մարդու խոսքը կարող է ապրեցնել, միևնույն ժամանակ` սպանել: Երգում «Ամեն բազուկ քանդում տներ» բառերն եմ արտասանում: Ես այն տեսակից եմ հեռանում, որը պատ շարելու, տուն և հարաբերություններ կառուցելու, հույս և լույս ներշնչելու և սփռելու փոխարեն՝ անում է հակառակը:
– «Սպանող կամ ապրեցնող բառեր» հաճա՞խ եք լսում:
– Ճշմարտությունը երկկողմանի սուր է: Եթե դու պատրաստ ես, ուրեմն ճշմարտությունը ծառայում է քեզ, եթե ոչ` այն կարող է սպանել: Քո մեջ, միանշանակ, մի բան սպանում է, որովհետև ճշմարտությանն էլ պետք է պատրաստվել: Դու երբեք կոշտ կերակուրը մանկանը չես տա, սպասում ես, մինչև նրա ատամները դուրս գան, հետո՝ փոքր-ինչ փափուկ սնունդից անցնում ես փոքր-ինչ պինդ սնունդի, հետո նոր` կոշտի: Նույնպես էլ մարդը կարող է մեծ ճշմարտության պատրաստ չլինել, այն կարող է իր համար վտանգավոր լինել:
– Ձեր երգերն ավելի շատ դեպի մարդու նե՞րս, թե՞ դուրս են ուղղված:
– Հարյուրից ավելի երգերից ընդամենը երկու տասնյակ երգերն են, որոնք ավելի շատ կոչեր են, թեպետ ներս ուղղված երգերի մեջ էլ կոչեր կան: Մարդը պետք է իր ներսը փորփրի: Երգերն ավելի շատ ուղղված են այն գաղափարին, որ նախ՝ պետք է ինքդ քեզ բացահայտես, հետո նոր ուրիշին կոչ անես:
– «Փորփրելու» գործընթացը շարունակակա՞ն է:
– Անընդհատ, ցավոք սրտի: Ճիշտ է` պարբերաբար դուրս ես գալիս, հետո նորից ներս մտնում: Որ պահին այս գործընթացը դադարեց՝ կարելի է համարել, որ այլևս անելիք չունես: Ցանկացած մարդու մեջ պետք է առկա լինի քննադատության տարրը: Ես կողքի հայացքով նայում եմ ինձ, և ինչը չի գոհացնում, նպատակ է դառնում՝ այն շտկել: Իսկ այն, ինչն արդեն գոհացրել է, ինձ համար այլևս ակտուալ չէ:
– Բավական երկար ժամանակ է, ստեղծագործում եք: Երգերի բառերի մեջ շա՞տ են փոփոխություններ եղել:
– Օր օրի վրա են փոփոխություններ լինում: Ինձ համար ակտուալ և ոչ ակտուալ երգերի մեծ շարան կա, որտեղ ոչ ակտուալն արդեն բավական մեծ քանակություն է կազմում: Ես դրանք չեմ երգում: Մի քանի տասնյակ երգեր են մնացել, որոնք այս պահին ինձ հետաքրքրում են: Պարբերաբար հին ձայնագրություններս եմ փորփրում, գտնում այն երգերը, որոնք այդ պահին կարող են ինձ հուզել: Եթե ինչ-որ բան հուզում է, գուցե անդրադառնամ: Այդպիսի երգեր կան, օրինակ՝ 1996-1998 թվականների երգերից մեկը տեղ է գտել վերջին՝ «Գիշեր է, գիշեր» ձայնասկավառակիս մեջ:
– Հիմա ո՞ր երգերն են Ձեզ հուզում:
– Ես անկեղծություն սիրող մարդ եմ, և ինչքան գնում է, այնքան վրայիցս այդ կեղևը պակասում է` համապատասխանաբար ցավոտ դառնալով: Իմ երգն ինձ այնքանով է հուզում, որքանով կարողանում է անկեղծությունն ավելի մերկացած ներկայացնել: Երգերիս մեջ գերիշխող մասն անկեղծությունն է:
– Հեղինակ-կատարողների ճանապարհն ինչո՞վ է դժվար:
– Բարդերը՝ խիստ, զգայուն, ուշադիր, միաժամանակ՝ շատ խղճով դիտորդ են: Ինչ-որ երևույթներ չհանդուրժելն այս ժանրում ստեղծագործողների դեպքում հանգեցնում է թվացյալ սուր քննադատության, որն իրականում քննադատություն էլ չէ: Ներկայացնում ես այն, ինչ զգացել ես: Երբ Տոլստոյն ինչ-որ մեկին հայհոյել էր, նրան հարցրել էին, թե ինչո՞ւ է հայհոյում, պատասխանել էր` «Ավելի դիպուկ բառեր չգտա՝ նկարագրեմ նրան»: Նույն դեպքն է. երբ ավելի դիպուկ բառեր չես գտնում, գտնում ես այն, ինչ գտնում ես, և բուն նյութն ես արտահայտում: Հիմա կարող եմ հայրենիքի մասին փաղաքշական երգեր գրել ու ասել` սիրում եմ իմ հայրենիքը:
Ոչ, ես սիրում եմ այն մարդուն, ով այս հայրենիքում պահում է հայրենասեր մարդու կերպարը: Այն մարդուն, ով չի թքում, աղբը չի շպրտում, բերանն այստեղ-այնտեղ չի բացում, չի պպզում, այլ գործով է զբաղվում, կառուցում է, արարում է: Այս տեսակն իմ հայրենասիրության տարրերը պարունակող մարդն է: Ես այս մարդուն եմ ուզում տեսնել:
– Այդ մարդը մեր օրերում կա՞:
– Այո, իհա՛րկե: Այդ մարդը մեր ամենամեծ հարստությունն է, բայց, ցավոք սրտի, դեռևս գնահատված չէ: Ես կուզենայի, որ այդ մարդիկ ավելի շատ գնահատված լինեին: Չգիտես ինչո՞ւ՝ պճնամոլ կերպարներն են մարդկանց համար խարսխային դարձել: Ես արհեստավորի մեջ, ով իր գործը սիրով է անում, ավելի շատ արարչագործություն եմ տեսնում, քան նրանց, ովքեր փորձում են ցանկալին իրականի տեղ ներկայացնել: Հասարակությունն այդպես բևեռանում է:
Կարծում եմ` այս բևեռացումը մեզ օգտակար է, քանի որ թացն ու չորը կճանաչենք ու իրարից կտարբերենք: Վաղուց գրված երգերից մեկում ասում եմ` «Դրսից բռնած ամեն մի շուն ազնվական է հռչակվում»: Այս ընթացքում շատ իշխանություններ են փոխվել, մտածում էի, որ այդ իշխանությունը կգնա, այդ տեսակն էլ՝ հետը, և արժեհամակարգի մեջ կարժևորվեն իրական տեսակները: Ինձ համար այն երևույթը, որը կոչում ենք հայրենասիրություն, ազնվություն, մի արմատ ունեցող երևույթ է:
Այսօր մարդը որքանո՞վ է կարողանում իր էգոիստական տեսակը մի կողմ դնելով` հասարակությանը ծառայել: Մեր հասարակության մեջ շատ փոքր զանգված կա, որը հասարակությանն է ծառայում: Գերմանացի փիլիսոփաներից մեկն ասում էր`«Ես միայնակ չեմ կարող երջանիկ լինել, որովհետև հասարակության մեջ շատ մարդիկ կան, ովքեր տառապում են»: Ես իրեն շատ լավ հասկանում եմ:
– Իսկ Ձեր ստեղծագործական կյանքում եղե՞լ են սև-սպիտակ շրջաններ:
– Իհարկե, ես պարբերաբար եմ այդ սև ու սպիտակին ձգտում: Սև ու սպիտակը յուրօրինակ դերակատարում ունեն: Երբ ինչ-որ գործ ես անում, այն իր մեջ ձգտում ունի և ձգտում է կա՛մ պլյուս անվերջության, կա՛մ մինուս անվերջության: Նույնպես էլ մեր բոլոր արարքներն են, նրանք իրենց մեջ պարունակում են ձգտման երկբևեռային մտածելակերպը: Ես ինքս ինձ համար իմ արարքներն եմ մերկացնում` հասկանալու՝ այն սևի՞, թե՞ սպիտակի է ձգտում: Այդ վերլուծությունն ամենօրյա գործընթաց է:
– Երևանի տեսքը Ձեզ բավարարո՞ւմ է:
– Վերջին շրջանում Երևանում ինչ-որ կանաչապատման և այլ կարգի փոփոխություններ եմ տեսնում, որոնք ինձ դուր են գալիս: Համենայնդեպս, փորձում են ինչ-որ բան անել: Երևանի ամբողջական պատկերն աղճատվել է: Եթե փոքրիկ-փոքրիկ լուծումներով կարողանանք գոնե մի փոքրիկ մասը քաղաքացուն հետ վերադարձնել՝ լավ կլինի: Այլ խնդիր է` որքա՞ն կզարգանա քաղաքացու դերը, որքա՞ն նրան հնարավորություն կտան օգտվել այն ամենից, ինչն իրենն է: Քաղաքն առանց քաղաքացու՝ իր իմաստը կորցնում է:
– Ի՞նչն է Երևանին պակասում:
– Պակասում է այն մարդկանց գնահատումը, ովքեր այսօր Երևանի շունչն են, պակասում է այն պետական այրերի վերաբերմունքը, ովքեր պետք է այդ տեսակին գնահատեն: Ժամանակին Երևանում քուչեք կային, և որևէ մեկը չէր նեղվում, երբ իրեն հարցնում էին` «Ո՞ր քուչից ես»: Հիմա կարող են նեղվել: Այդ քուչեքը կարևոր դեր էին խաղում` նրանք տվյալ տարածքի տեսակին էին բնութագրում: Այդ տարածքը նաև իր խիղճն ուներ, որին պաշտպանողներ կային: Այսօր այդ պաշտպանողները չկան:
– Իսկ այդ խիղճը սպանեցի՞ն:
– Ոչ, ուղղակի մարդը պայքարելուց հոգնում է, իր չափաբաժին կռիվը տալուց հետո հասկանում է, որ ի վիճակի չէ կռիվը միայնակ տանել: Միգուցե, դա էլ հիասթափեցնում է: Բայց կան համառ մարդիկ, ովքեր մինչև կյանքի վերջը համառորեն շարունակում են իրենց կռիվը:
– Ձեր երգերը Ձեր կյա՞նքն են արտացոլում:
– Իհարկե, ուրիշ ոչ մի կերպ չի կարող լինել: Նրանք միայն իմ կյանքն են արտացոլում, պարզապես՝ իմ սեփական պրիզմայով, միգուցե նաև՝ ուղղված են ինչ-որ մարդկանց:
– Ո՞վ է Ձեր հանդիսատեսը:
– Չգիտեմ… առաջին հերթին՝ անկեղծ մարդիկ են, որովհետև, եթե անկեղծ չլինեն, ապա այս միջավայրում չեն կարող իրենց լավ զգալ:
– Ի՞նչ եք կարծում` մենք հասարակական գիտակցություն ունե՞նք:
– Մենք ունենք արթնացող հասարակական գիտակցություն, որը դեռևս սաղմնային փուլում է: Մենք ունենք երիտասարդներ, ովքեր զարթոնքի շրջանի ծնունդ են: Ես ապավինում եմ նրանց տեսակին: Կգա մի ժամանակ, և այս տեսակն իր ձեռքը կվերցնի այն, ինչն իրեն է պատկանում: Նա ծնվել է այդ պոռթկման մեջ, և այն պետք է ազնվացած մինչև վերջ տանի:
– Իսկ առաջիկա նախագահական ընտրություններից որևէ հույս ունե՞ք:
– Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, և հույսերս քաղաքականության հետ չեմ կապում: Նրանց ձեռքերը պետք է սպիտակ ձեռնոցներում լինեն, բայց, ցավոք սրտի, այդ ձեռնոցները շատ հաճախ արյունոտ են, կեղտոտ և ցեխոտ: Ես հույսերս մարդու հետ եմ կապում: Մարդը որքան շատ ինքնամաքրման ճանապարհով գնա, այնքան նրան կարելի է ապավինել:
– Ի՞նչ երազանք կամ ցանկություն ունի Վախթանգ Հարությունյանը:
– Ես առհասարակ երազանքներ չունեմ: Ունեմ ցանկություններ… Ցանկանում եմ քաղաքում ժպտացող մարդկանց տեսնել, տեսնել մարդկանց, ովքեր «Ինչպե՞ս ես» հարցին պատասխանեն՝ «լավ», ցանկանում եմ մարդկանց աչքերում լույս տեսնել, վաղվա օրվա նկատմամբ հստակ որոշում, որ Հայաստանում են մնալու և չեն հեռանալու այս երկրից, ամեն պահին տիրոջ հայացք եմ ցանկանում տեսնել: Այն մարդը, ով ծխախոտը պատուհանից դուրս է նետում, այս երկրի տերը չէ: Նա, եթե իրեն իր տանը զգար, այդպես չէր անի: Կուզենայի մեր իրականության մեջ բոլորս և՛ պատասխանատվության, և՛ ազատությունների, և՛ իրավունքների չափն ունենանք:
– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
– Շատ ու շատ բաներ: Անկեղծ հայացքներն են ոգեշնչում և անշահախնդիր սիրող մարդիկ…