Բաժիններ՝

Մեծ ողբերգություն չկա այն բանի մեջ, որ մարդիկ գնում են Հայաստանից

«Հայաստանում բոլորը, այդ թվում՝ Կառավարությունն է ասում, որ գիտությունը կարևոր է և պետք է զարգանա:  Իսկ թե ի՞նչ քայլեր են իրականացվում մեր երկրում գիտությունը զարգացնելու համար՝ բոլորովին այլ հարց է: Ես կառավարությանը հասկանում եմ, որն ասում է՝ եթե քեզ փող տամ, դու նույնկերպ պետք է շարունակես աշխատել ու նաև փող ուտել, ապա…: Նրանց հասկանալ կարելի է:

Նրանք մի կողմից՝ ճիշտ են, սակայն մյուս կողմից՝ սխալ են, որովհետև գիտնականի հեղինակությունը բարձրացնելու համար պետք է մարդն իմանա, որ գիտաշխատող դառնալով՝ ինքը համապատասխան աշխատավարձ կստանա և կարող է ապրել և զբաղվել իր գիտական գործունեությամբ: Եթե մարդը չի կարողանում ապրել՝ նա ինչպե՞ս պետք է գիտական գործով զբաղվի, դա ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, համակարգչային գիտության (computer science) մասնագետ Գուրգեն Խաչատրյանը:

Մեր զրուցակիցը ողբերգական չի գնահատում այն երևույթը, որ մասնագետները հեռանում են երկրից. «Կարծում եմ, որ մեծ տրագեդիա չկա նրա մեջ, որ մարդիկ գնում են: Իմ աղջիկն էլ է արտասահմանում, և մի օր նա էլ կարող է վերադառնալ Հայաստան: Հիմա էլ երբեմն հարցնում է, թե, եթե վերադառնա, այստեղ՝ հայրենիքում, լավ գործ կգտնվի՞ իր համար: Այսինքն՝ ոչինչ կորած չէ, նրանք բոլորը մեր երեխաներն են, մեր՝ Հայաստանի հարստությունն են և կարող են օրերից մի օր վերադառնալ դեպի մեզ: Ինձ թվում է, եթե բոլորը հավաքվեին այստեղ՝ իրար միս կուտեին: Հայերի համար լավ է, որ մի քիչ ցրված լինեն»:

Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, համակարգչային գիտության (computer science) մասնագետ Գուրգեն Խաչատրյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս