Բաժիններ՝

«Գյուղոլորտը լավ մասնագետների կարիք ունի: Ցեցը, սիբիրախտը մասնագիտական բացթողնման արդյունք են»

Ասում է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը

Սիբիրախտ հիվանդության գլուխ բարձրացնելը մասնագիտական սխալ աշխատանքի բացահայտ արդյունք է: Այս մասին 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը:

Սիբիրախտ հիվանդությունը մարդկությանը հայտնի է դեռ հնագույն ժամանակներից: 19-րդ դարում այս հիվանդությանը զոհ են գնացել և մարդիկ, և խոշոր եղջերավոր անասունները: Հնում մարդիկ այս հիվանդությունը վերագրել են գերբնական ուժերին, սակայն, գիտության զարգացմանը զուգընթաց, գիտնականները պարզել են, որ հիվանդությամբ վարակվում են արածող կենդանիները, իսկ նրանցից էլ՝ մարդիկ:

Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի և  մսեղիքը կտրատելու ժամանակ և վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ, և այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։

Կարդացեք նաև

Հիվանդության հարուցիչը սիբիրախտի ցուպիկն է, որն արտաքին միջավայրում սպորավորվում է, իսկ օրգանիզմում՝ պատիճավորվում։ Սպորները քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ խիստ դիմացկուն են, հողում կենսունակ են մնում երկար տարիներ, դիմանում են մինչև  մեկ ժամ եռացնելուն։ Սիբիրախտով վարակված գիշակեր գազաններն ու թռչունները երկար ժամանակ վարակի աղբյուր են։ Վտանգավոր է հատկապես հիվանդ կենդանու դիակը, որը, ինչպես նաև վարակված հողը, ջուրը, կերերը՝ վարակի փոխանցման, իսկ վայրի կենդանիները, արյունածուծ միջատները՝ տարածման աղբյուր են։

Վարակվելուց 2-3 օր անց մաշկը սկսում է քորվել և կոշտանալ: Հիմնականում վարակը տեղակայվում է մարմնի բաց մասերում, առավելապես ախտահարվում են վերին վերջույթները, գլխի մաշկը, ինչպես նաև պարանոցը։ Ախտահարված հատվածում զարգանում է յուրահատուկ կարբունկուլ: Հիվանդի ջերմությունը բարձրանում է, նկատվում է սրտխառնոց, գլխացավ, երբեմն նաև` փսխում: 2-րդ շաբաթվա վերջում կարբունկուլի կենտրոնում առաջանում է կեղև, որի պոկվելուց հետո սպի է մնում:

Այսօր այդ հիվանդությամբ վարակվել են հիմնականում Գեղարքունիքի մարզի խոշոր եղջերավոր անասունները, ինչպես նաև 51 քաղաքացի, ովքեր ստացել են համապատասխան բուժօգնություն:  Հիվանդության ի հայտ գալուն պես, բոլոր լրատվամիջոցներն ահազանգեցին կատարվածին, ինչը ստիպեց պատկան մարմիններին սևեռել իրենց ուշադրությունն այս խնդրի վրա:

Այս հարցի շուրջ 168.am-ի՝ Գյուղնախարարության պատկան բաժինների հետ ունեցած բազմաթիվ զրույցների ընթացքում հնչում էր մի տեսակետ, թե վիճակը վերահսկվում է: Անգամ նշում էին, որ կատարվել է կրկնակի պատվաստում՝ առողջ կենդանիներին սիբիրախտ հիվանդությունից պաշտպանելու, իսկ հիվանդներին՝ բուժելու համար: Նշենք, որ  կենդանիները, որոնք հիվանդ են այս հիվանդությամբ, դարեր շարունակ այրվել են, ինչը կիրառվում է նաև այսօր:

Գեղարքունիքի մարզում, տեղի բնակավայրերից բավական հեռու, ևս փորվել է նման «գերեզմանոց», որտեղ այրում են հիվանդ  կենդանիներին:  «Շատ անասնաբույժներ կան, որ փորձում են իրենց մեղքն իրենց վրայից գցելու համար գյուղացուն համոզել, որ կենդանիները սիբիրախտով վարակված չեն, դա մեկ այլ հիվանդություն է: Ես կարծում եմ և պնդում եմ, որ այն մարդիկ, ովքեր գումար են ստանում, ովքեր պետության կողմից վարձատրվում են հսկողություն սահմանելու, ճիշտ ժամանակին բուժումներ իրականացնելու համար,  պետք է պատժվեն, ընդհուպ՝ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս բոլոր խնդիրները միմիայն  ոլորտի մասնագետների անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է:  Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, որը ցույց է տվել, որ անասնաբուժական միջամտությունը ժամանակին և ճիշտ չի արվել:

Դա է պատճառը, որ մենք այսօր նման խնդիրների առաջ ենք կանգնած: Այս ոլորտը լավ մասնագետների կարիք ունի, սա փորձադաշտ չէ: Իսկ նրանք, ովքեր լուրջ չեն վերաբերվում այս ամենին, ոլորտում տեղ չունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը:

Այն փաստը, որ գյուղացիներն անգամ իրենց հիվանդ կենդանիներից ազատվելու ցանկություն չունեն, անգամ պարտադրման պայմաններում չեն այրում իրենց կենդանիներին, Հ. Բերբերյանը օրինաչափ է համարում: Ըստ Հ. Բերբերյանի, այս պարագայում պետք է գործեր ապահովագրությունը, որի միջոցով գյուղացիները փոխհատուցում կստանային իրենց այրված կենդանիների համար: «Ապահովագրությունը պետք է լինի, և պետք է լինի կամավոր սկզբունքով, որպեսզի գյուղացին չմտածի, թե հերթական անգամ չինովնիկներն իրենց գրպաններն են լցնում: Այդ պարագայում գյուղացին կհասկանա իր շահն, ու ամեն բան փոքրիշատե իր տեղը կընկնի»,- ասաց Հ. Բերբերյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս