Պարզապես պետք է սկսել գործել

Հայաստանում նոր ստեղծված տեխնոլոգիական ընկերություններն այսուհետ իրենց շահերը կարող են միասնական պաշտպանել: Արդեն մի քանի ամիս է` ստեղծվել է «Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիա»: 168.am-ի զրուցակիցը նոր ստեղծված ասոցիացիայի տնօրեն Արիկ Շահումյանն է:

– Կպատմե՞ք ասոցիացիայի մասին, ե՞րբ է այն ստեղծվել և ի՞նչ է անում:

– Ասոցիացիան գրանցվել է այս տարի ամռանը, միավորում է ՏՏ ոլորտի 9 նորաստեղծ ընկերություններ: Ասոցիացիան նպատակ ունի ընդհանրապես զարգացնել  StartUp շարժումը Հայաստանում: Մինչ այս IT(ՏՏ) ակումբ էինք անում, սակայն հետո հասկացանք, որ անհրաժեշտ է լուրջ և ինստիտուցիոնալ կառույց ստեղծել, որը կմիավորի նորաստեղծ ՏՏ ընկերություններին, որոնք ունեն տարբեր խնդիրներ՝ թե՛ կազմակերպչական, թե; ֆինանսական, և այլն:

– Մենք ունենք բազմաթիվ ՏՏ ընկերություններ, ինչո՞ւ են ընդամենը 9-ը գրանցված:

Կարդացեք նաև

– Գիտեք, գոյություն ունի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը միավորում է շուրջ 60 ՏՏ ոլորտի կայացած ընկերությունների: Մենք նպատակ ունենք օգնել և համախմբել այն ընկերություններին, որոնք նոր են ստեղծվել և իրենց StartUp են համարում: Ասոցիացիայում գրանցված ընկերությունների թիվը քիչ է, քանի որ ասոցիացիան նոր է ստեղծվել, ընդամենը 2 ամիս է, սակայն պիտի նշեմ, որ 20-ից ավելի ընկերություններ արդեն անդամագրվելու ցանկություն են հայտնել: Հայաստանում ՏՏ ոլորտում մոտ 300 ընկերություն կա, կարծում եմ, որ եթե 20 ընկերություն անդամագրվի, դա բավական լուրջ թիվ է: Այսինքն՝ նորաստեղծ ասոցիացիային անդամագրված ընկերությունների թիվն առաջիկայում կավելանա:

– Ի՞նչ աջակցություն եք ցուցաբերելու նորաստեղծ ընկերություններին:

– Ասոցիացիան հիմնականում պետք է հանդիսանա այն միջին օղակը, որը նորաստեղծ թիմերին կկապի արդեն իսկ կայացած ընկերությունների հետ: Նորաստեղծ ընկերություններն ուղղորդում և խորհրդատվություն կստանան այդ մարդկանցից, նրանք կհասկանան, թե հայկական շուկայում ինչպես պետք է վարվել հաջողության հասնելու համար: Մի շարք նոր ստեղծված ընկերությունների համար, որոնք փորձ և ֆինանսավորում չունեն, ասոցիացիան միջոցառումներ է նախատեսում, որտեղ նոր ստեղծված ընկերությունները կարող են գտնել համապատասխան ներդրողների, որոնք գումար կներդնեն իրենց ընկերություններում: Փաստորեն, Հայաստանում չկա այնպիսի միջավայր, չկան ենթակառուցվածքներ, որտեղ դու կարող ես ներկայացնել գաղափարը և ասել` ինձ այսքան գումար է պետք, որ սկսեմ: Մենք փորձելու ենք այդ տեսակ ներդրողներին և արդեն կայացած թիմերին ինչ-որ ձևով միմյանց կապել:

– ԻՏՁՄ-ն աջակցում է արդեն կայացած ընկերություններին` նրանց խնդիրների լուծման համար, իսկ դուք, փաստորեն, նոր ստեղծված ընկերություններին եք աջակցելու, ի՞նչ խնդիրներ ունեն  նորաստեղծ ընկերությունները, ինչի՞ համար եք պայքարելու:

– Կառավարության հետ կապված հարցեր կան, դրանցից ամենապարզերից մեկն այն է, որ Հայաստանում շատ դժվար է ինչ-որ ընկերությունում գումար ներդնելը: Հիմնականում ՍՊԸ-ներում գումար ներդնելու և բաժնետեր դառնալու հարցերում օրենսդրական խնդիրներ կան, մինչդեռ ամբողջ աշխարհում նորաստեղծ ընկերությունները շատ հեշտ են կարողանում գումարներ ներգրավել, որովհետև իրավաբանորեն դա շատ հեշտ է ձևակերպվում, իսկ Հայաստանում դա լուրջ խնդիր է: Այսինքն՝ եթե ես ընկերություն բացեմ և հետո ցանկանամ վաճառել, օրինակ, իմ ընկերության 5 տոկոսը, ապա այդ ամբողջ պրոցեսը բավականին բարդ է  փաստաթղթային մասով:

Երկրորդ խնդիրը ֆինանսավորման հարցն է: Հայաստանում բանկերը բավական դժվար են գումար տալիս նորաստեղծ ընկերություններին, առավել ևս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, քանի որ ՏՏ ընկերության մինչև 90 տոկոս կապիտալ համարվում են մարդիկ՝ ինժեներներն ու ծրագրավորողները, մինչդեռ, երբ գնում ես բանկ, քեզ առաջին հերթին ասում են` ի՞նչ ես գրավ տալիս: Շատ դեպքերում նույնիսկ պարտադրում են, որպեսզի բիզնեսն առնվազն 3 ամիս գործունեություն ծավալած լինի, որը նորաստեղծ ընկերության համար… : Հասկանո՞ւմ եք` դու գումար ես ուզում բիզնես բացելու համար, իսկ քեզ ասում են, որ քո բիզնեսը պետք է գրանցված լինի, դա աբսուրդ է:

Կան մի քանի կառույցներ, որոնք գումար են հատկացնում նորաստեղծ ընկերություններին, դրանցից մեկը ՓՄՁ ԶԱԿ-ն է, որը մինչև 3 մլն դրամ է հատկացնում, սակայն ՏՏ ուղղվածությունը շատ քիչ է: Վերջերս մի քանի ֆոնդեր ստեղծվեցին, բայց նրանց պարագայում խոսքը գնում է շատ մեծ գումարների մասին` տասնյակ կամ 100 հազար դոլարների, ինչը, կարծում եմ, հայկական շուկայի համար շատ մեծ է, և շատ թիմեր խնդիրներ կունենան, եթե միանգամից նման կարգի մեծ գումարներ ստանան, քանի որ չգիտեն` այդ ամենն ինչպե՞ս տնօրինել: Մենք փորձելու ենք աշխատել թե բանկային կառույցների, թե ֆոնդերի հետ, ինչը կօգնի նորաստեղծ ընկերություններին փոքր չափերի վարկ վերցնել` բիզնես սկսելու համար:

Իրավաբանական փաստաթղթաշրջանառություն, ֆինանսների հայտնաբերում, բացի այդ, մենք կօգնենք մեր նորաստեղծ ընկերություններին, հայկական շուկա դուրս գալուց բացի, դուրս գալ նաև արտասահմանյան շուկաներ, որովհետև հայկական շուկան այդքան էլ մեծ չէ, մենք կօգնենք նորաստեղծ ընկերություններին իրենց ապրանքը/արտադրանքը ներկայացնել նաև արտասահմանյան շուկայում:

Մենք փորձելու ենք մարդկանց ոչ թե ցուցահանդեսների և սեմինարների տանել, այլ փորձելու ենք կապ հաստատել այլ երկրների գործարարների կամ կենտրոնների հետ, որպեսզի իրենք միանգամից հենց վաճառքի մասով համագործակցեն միմյանց հետ, և ոչ թե պարզապես այցելեն ցուցահանդես և հետ վերադառնան: Այս ամենը  փորձելու ենք սկսել նախևառաջ մեզ մոտ գտնվող շուկաներում՝ Վրաստան, Ռուսաստան, և այլն: Իրականում այդ շուկաներում էլ կարելի է լայն գործունեություն ծավալել, մինչդեռ մեր տեխնոլոգիական ընկերություններն այդ երկրներում շատ քիչ են ներկայացված:

Նոր ստեղծված ասոցիացիան նորաստեղծ ընկերությունների աշխատուժի հայթայթմանն ուղղված նաև դասընթացներ կանցկացնի, որպեսզի նորավարտ մասնագետները ցանկանան և շահագրգռված լինեն աշխատել հենց նորաստեղծ ընկերություններում՝ այն հույսով, որ սկզբում քիչ աշխատավարձ կլինի, սակայն հեռանկարային աշխատանք կարող են ունենալ:

Այսինքն՝ եթե մի ուսանող ցանկանում է տեխնոլոգիական ընկերություն ստեղծել, կարող է դիմել ձեզ և աջակցություն ստանալ ու ստեղծել իր ընկերությո՞ւնը:

– Միանշանակ, ինքը կարող է դիմել, և մենք իրեն կարող ենք շատ բաներով օգնել: Ֆինանսավորում, շուկա գտնել, շփում իր նման նորաստեղծ ընկերությունների ղեկավարների հետ, և այլն:

– Կա նաև մեկ այլ մտավախություն. կարող է՝ ինչոր մեկը շատ հետաքրքիր գաղափար ունենա, սակայն վախենա դիմել ձեզ` մտավախություն ունենալով, որ կգողանաք իր գաղափարը:

– Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ 95 տոկոսով էական է թիմը, այսինքն` ոչ մի ներդրող գումար չի ներդնում գաղափարի մեջ, այլ ներդրում է կատարում այդ մարդկանց մեջ, որովհետև հենց այդ մարդկանցից է կախված շատ բան: Քո թիմը և այն մարդիկ, ովքեր գիշերները չեն քնելու, ամեն ինչ անելու են, որ տարիներ հետո հաջողություն ունենա այդ գաղափարը: Նոր հեծանիվ հնարել շատ քիչ է ստացվում:

Օրինակ՝ կան տասնյակից ավելի իրար նման ծառայություններ, գաղափարը հիմնականում նույնն է, սակայն մեկի մոտ հաջողվում է, իսկ մյուսի մոտ չի հաջողվում: Իրականում գումարը ներդրվում է՝ թիմի և նրա ղեկավարի համար, որն առաջնորդում է թիմը և տանում է այդ գաղափարը մինչև վերջ՝ առանց հանձնվելու: Հայաստանում իրականում նման մտավախություն կա, թե իմ միտքն ասեմ` միանգամից կգողանան, բայց, կարծում եմ, գողանալու խնդիր չկա, նման մարդիկ իրականում ավելի հանգիստ են այդ հարցերին նայում, երբ շփվում են այլ մարդկանց հետ, ովքեր հաջողության են հասել և չեն վախենում իրենց մտքերն ու գաղափարները բարձրաձայնել:

Օրինակ, մենք` ասոցիացիայի անդամ շատ երիտասարդներս, հիմնականում մեր բիզնեսը սկսել ենք առանց գումարի, պարզապես որոշել ենք, որ պետք է սկսենք, և սկսել ենք: Այս ասոցիացիան էլ հենց այդպես որոշեցինք և ստեղծեցինք: Ուղղակի պետք է սկսել գործել:

 

Տեսանյութեր

Լրահոս