Եվրամիության փորձը՝ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար. սեմինար
Այսօր ‹‹Արմենիա Մարիոթ›› հյուրանոցում աշխատանքն սկսեց ‹‹ ԵՄ փորձի միջոցով Հայաստանում գյուղատնտեսության մրցունակության բարելավում›› թեմայով սեմինարը:
Եվրոպական միության TAIEX ծրագրի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված սեմինարին գյուղատնտեսության ոլորտի տեղի պատասխանատուներից և մասնագետներից բացի, մասնակցում են նաև փորձագետներ ԵՄ անդամ երկրներից՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից, Լեհաստանից:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին և կազմակերպիչներին, բացման խոսքում, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության ցուցանիշներն ու ներուժը, կարևորելով Եվրոպական միության հետ վերջինիս ինտեգրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին՝ կապված առկա ռեսուրսային ներուժի , հատկապես հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսության ճյուղերի ինտեսիվացման և արդյունավետության բարձրացման, արտադրանքի իրացման, մատչելի վարկային ռեսուրսների ապահովվածության, ճյուղում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության ու տեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման և այլ գործոնների հետ, նա մասնավորապես նշեց.
‹‹Վերը հիշատակված խնդիրների լուծման գործընթացում չափազանց կարևորվում է Եվրամիության փորձի ուսումնասիրումը և դրանց կիրառման հնարավորությունների գնահատումն ու լավագույն փորձի ներդրումը, որը անշուշտ կնպաստի գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների աստիճանական լուծմանը և ոլորտի մրցունակության բարձրացմանը: Հիշատակվածի առնչությամբ կարևորվում է Եվրոպական միության փորձը գյուղատնտեսության և գյուղի զարգացման քաղաքականության մշակման, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման, ագրարային ոլորտում ծրագրերի ներդրման , այդ գործընթացում շահագրգիռ կառույցների ներգրավման, գյուղատնտեսության խորհրդատվական համակարգի զարգացման, մարքեթինգի ներդրման, օրգանական գյուղատնտեսության զարգացման , ապահովագրական համակարգի ներդրման և այլ ուղղություններով: Հայաստանի համագործակցությունն Եվրոպական միության հետ մշտապես եղել է միջազգային ինտեգրման առանցքային ուղղություններից և այն ի թիվս այլ ուղղությունների ծառայում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացման, տնտեսության բարելավման և կատարելագործման նպատակին››:
Երկու օրվա ընթացքում սեմինարի մասնակիցները կքնարկեն գյուղական զարգացման քաղաքականության և ազգային ռազմավարության հիմնական բաղադրիչների մշակման, վարչական կառուցվածքների և ընթացակարգերի բարելավման նպատակով գյուղական զարգացման ծրագրերի մշակման, իրականացման և կառավարման, ինչպես նաև, ագրարային համակարգի համաչափ զարգացմանն անհրաժեշտ այլ կարևոր հարցեր ու առաջարկներ: