«Եթե ամեն բան թեթև անցնի, Գոռը կմասնակցի ծննդաբերությանը». Մերի Ներսիսյան
Շատ շուտով «Մայրիկների ակումբի» գլխավոր մայրիկ Մերի Ներսիսյանը երկրորդ անգամ կմայրանա: Մեզ հետ զրույցում Մերին նշեց, որ երկրորդ աղջիկ երեխայի անվան ընտրությունն ամուսինը՝ Գոռն է կայացրել: Ի դեպ, վերջինս պատրաստվում է երկրորդ անգամ ներկա լինել կնոջ ծննդաբերության ընթացքին, քանի որ չի ցանկանում բաց թողնել իր բալիկի հետ առաջին հանդիպման կարևորագույն պահը:
– Մերի, Ձեր երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել: Որոշե՞լ եք՝ ինչպես եք անվանելու երեխային:
– Ամեն անգամ, երբ խոսում էինք աղջիկների գեղեցիկ անունների մասին, ամուսինս միշտ ասում էր, որ սկսել է հավանել Սառա անունը: Երբ արդեն պլանավորում էինք հղիությունը, հենց այդ ժամանակ էլ միասին որոշեցինք, որ, եթե աղջիկ ունենանք, ապա նրա անունը կլինի Սառա:
– Երբ առաջնեկը երկար ժամանակ միայնակ է վայելում ծնողների սերը և հանկարծ իմանում է, որ շուտով այդ սերը կիսվելու է, հաճախ խանդի տեսարաններ են ի հայտ են գալիս: Կարողացե՞լ եք Ձեր առաջնեկին՝ Էվային, նախապատրաստել գալիք հրաշքին:
– Էվային նախապատրաստելու առիթ չի եղել, քանի որ նա այնքան էր երազում քույրիկ ունենալ, որ պարզապես հայտնեցինք լուրն ու մի կողմ քաշվեցինք՝ թույլ տալով նրան վայելել երջանկությունը: Հիմա օրերն է հաշվում և անհամբեր սպասում է:
– Հայ՝ տղայապաշտ հասարակությունն ինչպե՞ս արձագանքեց երկրորդ աղջիկ ունենալու փաստին:
– Թե ես, թե ամուսինս երբեք երեխայի սեռի նախապատվություն չենք ունեցել: Բայց մի կարևոր պայման է եղել, որ Էվան պետք է քույրիկ ունենա. թերևս, սրանով է պայմանավորված եղել ցանկությունը, որ 2-րդ բալիկն էլ աղջիկ ծնվի: Գաղտնիք չէ, որ հայ հասարակությունը տղայապաշտ է, սա է պատճառը, որ նույնիսկ առաջին հղիությանս ժամանակ, սեռն իմանալուն պես, հաճախ էին ինձ ասում՝ ոչինչ, մյուսը տղա կլինի: Դե, պատկերացրեք, երկրորդի պարագայում ինչպիսի՞ արտահայտություններ եմ լսել ու դեռ կլսեմ՝ «Մի հուսահատվեք, մյուսը տղա կլինի», «Վայ, ափսոս», «Գոնե դրա պատճառով՝ երրորդն էլ կունենաք»: Սկզբում մեծ ոգևորությամբ բոլորին պատասխանում էի, որ երջանիկ ենք, որ աղջիկ ենք ունենալու, թեկուզ 10 աղջիկ… Հիմա արդեն հոգնել եմ մարդկանց «սփոփելուց»: Կարծես չեն էլ հավատում, որ կարող է ուրախ լինենք, որ էլի աղջիկ ենք ունենալու: Մեր հասարակության մեջ սարսափելի կարծրատիպային մոտեցումներ կան այս հարցի շուրջ:
– Սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների սարսափազդու թվերից հաճախ ենք խոսում, քննադատում… Բայց, ի վերջո, հղիության արհեստական ընդհատման դիմած յուրաքանչյուր կին այդ քայլին դիմելու իր պատճառն ու մեղքի զգացումն ունի: Իրավունք ունե՞նք արդյոք որևէ մեկին քննադատելու:
– Չեմ սիրում մեղադրել, դատել մարդկանց: Յուրաքանչյուր կին իրավունք ունի որոշում կայացնելու: Ամեն տարի մեր երկրում, դեռ չծնված, սպանվում է մոտ 1400 աղջիկ: Նրանք չեն ծնվում, քանի որ ծնողները, իմանալով սեռի մասին, որոշում են զրկել նրանց կյանքից: Ինձ համար սա սարսափեցնող է, ամոթ, անընդունելի: Ինչո՞ւ չեն ցանկանում աղջիկ ունենալ: Որովհետև հայ կնոջ կերպարին, ցավոք, մեր հասարակությունը լուրջ չի մոտենում, չեն վստահում, չեն հավատում, բայց այս դաշտում էլ լուրջ առաջխաղացումներ կան: Այնուամենայնիվ, ոչ մի կարծրատիպ, ոչ մի արդարացում ու պատճառաբանություն չի կարող հայտնվել կշեռքի մի նժարին, որի մյուս կողմում դեռ չծնված երեխայի սպանությունն է: Այդ նժարը չպիտի երբեք ավելի ծանր լինի:
– Առաջարկում եմ շարունակել հետևյալ արտահայտությունները. «Առաջնեկին սպասող մայրը…»
– Վայելում է երջանկությունը՝ չիմանալով դրա ուժի ամբողջ հզորությունը:
– «Երկրորդ երեխային սպասող մայրը…»
– Վայելում է երջանկությունը՝ արդեն իմանալով, թե ինչ անծայրածիր, շնչահեղձ անող ապրումներ են իրեն սպասում: Այդ դեպքում սպասման հաճույքը քառապատիկ է դառնում:
– Ինչո՞ւ են շատ կանայք իրենց հղիությանը վերաբերվում՝ իբրև հիվանդություն: Կարգավիճակ, որը, իրենց համոզմամբ, պետք է կրել դեմքի վախեցած արտահայտությամբ և տատական խորհուրդներն ականջին օղ արած:
– Հղիությունն ինն ամիս շարունակվող տոն է, իմ տոնին մնաց շատ կարճ ժամանակ, ու ես տխրում եմ՝ մտածելով, որ այլևս չեմ վայելելու այս հրաշք կարգավիճակը: Զարմանում եմ՝ տեսնելով կանանց, ովքեր իրենց կարգավիճակին վերաբերվում են՝ որպես հիվանդություն: Հղիությունը հիվանդություն չէ: Բնականաբար, հղիությունը ենթադրում է բարդություններ, խնդիրներ, բայց երբ լավ ես տրամադրվում՝ ամեն բան երկրորդ պլան է մղվում, իսկ մենք գիտենք, որ ներարգանդային կյանքում մեր ապագա փոքրիկն ամեն բան զգում է, այնպես որ, պետք է աշխատենք նրան փոխանցել միայն դրականն ու լուսավորը:
– Ձեր հեղինակած՝ «Մայրիկների ակումբ» հաղորդման ժամանակ բազմիցս է խոսվել երեխային կրծքի կաթով կերակրելու անհրաժեշտության մասին: Անձամբ Դուք՝ որպես մայր, ինչպե՞ս եք կերակրել և ինչպե՞ս եք կերակրելու մոտ ապագայում:
– Կրծքով կերակրման կարևորությունն ինձ համար բացահայտեցի, երբ հղի էի առաջնեկովս: Այդ շրջանում վարում էի «Հայ մայրիկ» հաղորդումը, դրա շրջանակներում բազմաթիվ անդրադարձներ եմ ունեցել թեմային: Աղջկաս ծնվելուն պես գիտեի, որ պետք է տամ նրան լավագույն պարգևը, և արեցի դա: «Մայրիկների ակումբի» շրջանակներում ևս մշտապես խոսում ենք կրծքի կաթի կարևորության, առավելությունների մասին: Ինձ համար երկրորդ տարբերակ գոյություն չունի, իմ բալիկները պետք է սնվեն կրծքի կաթով ու առողջ մեծանան:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնու ներկայությանը ծննդաբերությանը:
– Առաջին ծննդաբերությանս ժամանակ որոշել էինք, որ, եթե ամեն բան հեշտ ու թեթև անցնի, Գոռը կմասնակցի: Այդպես էլ եղավ, ես շատ ուրախ ու թեթև ծննդաբերություն եմ ունեցել, ուստի համաձայնեցի, որ ամուսինս ներկա լինի: Հիմա էլ, եթե ընթացքում հասկանանք, որ ամեն բան այդքան լավ է, Գոռը կմիանա մեզ: Նա ինքն է պնդում և նշում, որ չի ցանկանում բաց թողնել աշխարհի ամենահաճելի առաջին հանդիպումն իր հրաշքի հետ:
– «Տատիկական խորհուրդներին» ինչպե՞ս եք վերաբերվում՝ քառասուն օր երեխային «աշխարհից թաքցնել», նախքան երեխայի լույս աշխարհ գալը շատ հագուստ չգնել.…
– Ես քրիստոնյա մարդ եմ և դեմ եմ բոլոր տեսակի սնահավատություններին: Առաջին բալիկիս ժամանակ ընդամենը 22 տարեկան էի, բայց կարողացել եմ մերժել ամեն տեսակի սնահավատություն: Հագուստները գնել եմ հղիության ամենավաղ ժամկետից սկսած, մերժել եմ աչքի ուլունքները, քառասունք պահելը ու նմանատիպ շատ սովորույթներ: Ես հավատում եմ Աստծուն և, նման անիմաստ բաների վրա ժամանակ կորցնելու փոխարեն՝ միշտ աղոթում եմ բալիկներիս առողջության համար: Իհարկե, կան ժողովրդական սովորույթներ, որոնք լուրջ իմաստ ու խորհուրդ ունեն: Նույն քառասունք պահելուն բժշկության տեսանկյունից եմ մոտենում. մայրիկն այդ շրջանում հոգեպես ու ֆիզիկապես նոր-նոր կարողանում է վերականգնվել, երեխան այդ շրջանում շատ ավելի խոցելի է, ուստի ցանկալի է նվազագույնի հասցնել տնայցերը, շփումը մարդկանց հետ: Դա չի նշանակում, որ այդ շրջանում չպետք է լողացնել փոքրիկին, զբոսանքի տանել և այլն…