Բաժիններ՝

«Արցախ» կամերային նվագախմբի երևանյան համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը. մենակատարը ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է

Միջազգային լայն ճանաչում ունեցող երաժիշտները՝ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, թավջութակահար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանը, ջութակահար  Սերգեյ Խաչատրյանը համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ նոր շունչ տալ «Արցախ» կամերային նվագախմբին։

Հենց այդ նպատակով նրանց նախաձեռնությամբ մայիսի 5-ին նվագախումբը համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը, որպես մենակատար ելույթ կունենա Սերգեյ Խաչատրյանը։ Երեկոյին հնչելու են Բելա Բարտոկի «Ռումինական ժողովրդական պարեր»-ը, Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար» գործը (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ»-ը և Դմիտրի Շոստակովիչի «Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա»-ն։

Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Հախնազարյանն ասաց՝ նվագախումբը վերածնվել է Հայաստանում։ «2004-ին Արցախում ստեղծվեց  Արցախի պետական կամերային նվագախումբը, սակայն բռնի տեղահանումից հետո այն դադարեցրեց գործունեությունը։ Հասմիկ Պապյանի գաղափարն էր վերականգնել նվագախումբը։ 2024-ի ամռանը կարողացանք իրագործել գաղափարը։ Փակ համերգ-շնորհանդես կազմակերպեցինք նվագախմբի նախնական կազմով։ Երաժիշտները 11-ն էին, իսկ հետո լսումների երկու փուլ անցկացրինք և նվագախումբը մեծացրինք՝  երաժիշտների թիվը հասցնելով 17-ի, իսկ հետո՝ 25-ի։ Հենց այդ կազմով ելույթ ենք ունենալու մայիսի 5-ին»,- պատմեց Հախնազարյանն ու հավելեց՝ նվագախմբում ընդգրկված են երաժիշտներ Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից։

Հախնազարյանի խոսքով՝ իրենց նպատակն է դառնալ միջազգային մակարդակի նվագախումբ, քանի որ հայերը մեծ ներուժ և տաղանդ ունեն։ «Ակտիվ աշխատում ենք, և շատ մեծ տարբերություն կա մեր առաջին համերգի և կայանալիք համերգի միջև։ Անգամ հյուրախաղերի հրավերներ ենք ստացել։ Պատրաստվում ենք հանդես գալ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Կանադայի հրավերն այս աշնանն էր, սակայն խնդրեցի հետաձգել հյուրախաղերը մինչև գարուն, որպեսզի ավելի լավ պատրաստվենք և ամբողջ պոտենցիալով ներկայանանք»,- նշեց Հախնազարյանը։

Հասմիկ Պապյանը, որն «Արցախ» նվագախմբի խորհրդի նախագահն է, նշեց, որ մի քանի անգամ Արցախում երգել է նվագախմբի հետ։ «Այդ ժամանակ նվագախմբում չկային փողային գործիքներ, որոշ գործիքներ փոխարինվում էին դաշնամուրով։ Վերջին անգամ 2022 թվականին եմ եղել Արցախում։ Պատերազմից հետո երկու անգամ գնացել եմ այնտեղ։ Գաղտնիք չէ, որ դասական երաժշտությունն Արցախում առաջնահերթություն չի եղել, և մարդիկ զարմանում են, թե ինչու են նվագախմբում երաժիշտներն այդքան քիչ, բայց զարմանալի չէ։ Տարիներ շարունակ նրանք  չեն ունեցել ջութակ, թավջութակ, կոնտրաբաս, ալտ նվագելու հնարավորություն։ Այժմ վիճակը շատ բարվոք է, և հույս ունենք, որ առաջ ենք գնալու»,-ասաց Պապյանը։

Նարեկ Հախնազարյանն ու Սերգեյ Խաչատրյանը` որպես թավջութակահար և ջութակահար հաճախ են նվագել միասին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, բայց առաջին անգամ են հանդես գալու որպես ջութակահար և դիրիժոր։  Հախնազարյանը Խաչատրյանին համարում է հիանալի երաժիշտ, լավ մարդ և մեծ հայ։ Ուրախ է, որ նա միացել է իրենց նախաձեռնությանը։

Սերգեյ Խաչատրյանը ևս հանդես եկել է Լեռնային Ղարաբաղում։ Նա կարևորում է, որ յուրաքանչյուր երաժիշտ աջակցի նվագախմբի վերածննդին։ Տարիներ առաջ կամերային նվագախումբ են ստեղծել և շրջագայության շրջանակում նվագել են նաև Ստեփանակերտում, իսկ առաջիկայում Խաչատրյանը համերգներով կներկայանա արտերկրում՝ Վալենսիայում, Մոնրեալում, Մոնտե Կառլոյում և այլուր։ Ելույթներ են նախատեսվում նաև Հայաստանում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Գյումրիում, Երևանում։

«Շատ ցանկանայի հանդիպումներ ունենալ մարզերի երաժշտական դպրոցների, ուսումնարանների սաների հետ, ծանոթանալ երիտասարդների հետ։ Ջութակահար ընկերներիցս մեկի հետ, որը դասավանդում է Գերմանիայում, նպատակ ունենք փորձել ակադեմիա ստեղծել,  ինչը շատ բարդ է, բայց արդեն ուրվագիծը կա։ Շատ լավ է երկրում նվագախմբեր ունենալ, բայց կարևոր է նաև լավ մասնագետների առկայությունը, որոնք կարող են բարձրակարգ կրթություն տալ երեխաներին։ Այդ բացը Հայաստանում կա»,-ընդգծեց Խաչատրյանն ու հավելեց՝ մասնագետները քչանում են, նրանց տեղը բաց է մնում։

Մայիսի 5-ին նախատեսված համերգի կայացմանն աջակցում են «ԱրարատԲանկ»-ը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։  Երաժիշտները շնորհակալություն հայտնեցին  իրենց կողքին կանգնելու համար։ «Վստահ եմ, որ օրը կգա, և մարդիկ պատիվ կհամարեն նվագախմբին աջակցելը»,-ասաց Հասմիկ Պապյանը, իսկ Նարեկ Հախնազարյանը հավելեց. «Այս համերգը հնարավոր չէր լինի առանց «ԱրարատԲանկ»-ի։ Շատ կարևոր է, երբ ֆինանսական կազմակերպությունը գնահատում և հասկանում է դասական երաժշտության կարևորությունը։ Այդ ֆինանսական  ազատությունը մեզ ստեղծագործելու, առաջ շարժվելու հնարավորություն է տալիս»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս