Պատվաստանյութերի լայնածավալ կիրառմամբ կտրուկ նվազել են կառավարելի հիվանդությունների մակարդակը և դրանց պատճառով մահվան դեպքերը

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա» շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ Աղվերանում կազմակերպել էր քննարկում, որի ժամանակ բանախոս-մասնագետները ներկայացրեցին համաճարակաբանական վիճակը տարածաշրջանում և Հայաստանում, ինչպես նաև խոսեցին իմունիզացիայի գործընթացի մասին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն իր խոսքում նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանին աջակցում է ոչ միայն պատվաստումային գործընթացի և կառավարելի վարակիչ հիվանդությունների, այլև մի շարք այլ գործառույթների մասով, ինչպես նաև հայաստանյան գործընկերներին օգնում է խորհուրդներով՝ հիմքեր նախանշելով հետագա սերտ համագործակցության համար։

«Նման միջոցառման նպատակը պատվաստումային գործընթացի կարևորության մատնանշումն է, որն, իսկապես, տասնամյակներ շարունակ կյանքեր փրկող գործընթաց է դարձել։

Աշխատելով որպես պրակտիկ բժիշկ՝ հաճախ պացիենտների հետ շփման ժամանակ հասկանում ենք, որ իրականում կա իրազեկման պակաս, այսինքն՝ մարդիկ հաճախ խուսափում են որևէ բան անելուց, քանի որ պատշաճ կերպով իրազեկված չեն և չունեն համապատասխան գիտելիքներ այդ ուղղությամբ։

Բուժաշխատողների, առողջապահական համակարգի ներկայացուցիչների, հանրային առողջապահության մասնագետների նպատակը պետք է լինի մարդկանց հետ անմիջական շփումն ու երկխոսությունը, քանի որ պատշաճ իրազեկման պարագայում մարդիկ գիտակցված քայլ կկատարեն դեպի պատվաստումը»,- ասաց Աթոյանը։

Նա հավելեց, որ մարդկանց ստիպելու կամ պարտադրելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է վստահություն ներշնչել, բացատրել, համապատասխան տեղեկատվություն տալ։«Շատերը խուսափում են պատվաստումից՝ նշելով, որ իրենց շրջապատում կան բազմաթիվ պատվաստված մարդիկ, ուստի այդ պարագայում, երբ կա պատվաստվածության բարձր մակարդակ, բոլորն էլ կպաշտպանվեն:

Սակայն չմոռանանք, որ քաղաքացիներն այսօր շատ են ճանապարհորդում, շատ են շփվում արտասահմանցիների հետ, և հենց հիմա եվրոպական տարածաշրջանում շատ բարձր տոկոս է կազմում կարմրուկի հիվանդացությունը, ու չի բացառվում, որ մարդիկ պատվաստված չլինելով՝ մեկնեն արտերկիր և վարակվեն արտասահմանում:

Այնինչ, համապարփակ պատվաստումային գործընթացի շնորհիվ՝ բավականին հետընթաց է նկատվում այնպիսի վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների մասով, ինչպիսիք են կարմրուկը և կարմրախտը»,- ասաց ՀՎԿԱԿ տնօրենը։

Աթոյանի դիտարկմամբ՝ որոշ մարդիկ կարծես թե մոռացել են նշված հիվանդությունների ամբողջ բացասական ազդեցությունը՝ընդհուպ մինչև մահվան դեպքերը, ուստի բուժաշխատողների առաքելությունը մշտապես զգոն լինելն է և հասարակությանն իրազեկելը, որպեսզի շարունակվի այն ձեռքբերումը, որը գրանցվել է տարիների ընթացքում, այսինքն՝ պահպանվի պաստվաստվածության բարձր մակարդակը։ Անդրադառնալով նաև մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին՝ Աթոյանն ընդգծեց, որ դա բժշկության ուղղակի հեղաշրջումային քայլերից մեկն է, քանի որ իրապես փրկում է կյանքեր և կանխարգելում ավելի հասուն տարիքում արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը։

«Սա բոլոր առումներով շատ ավելի ձեռնտու է, քան չպատվաստվելն ու նման ծանրագույն հիվանդության հետ առերեսվելը։ Հանրային առողջապահության մեջ կա մի օրենք, որի համաձայն՝ շատ ավելի հեշտ է ինչ-որ բան կանխարգելել, քան հետո բուժել։ Այդ իսկ պատճառով մեր հիմնական առաքելությունը հենց կանխարգելման մեջ է։ Մեր կազմակերպությունը բաց կառույց է և շատ է կարևորում համագործակցությունը հատկապես ԶԼՄ-ների հետ, քանի որ վերջիններիս դերը նույնպես մեծ է հանրային իրազեկման գործում։ Պատրաստ ենք երկարաժամկետ գործընկերային համագործակցության, որպեսզի հնարավորինս ավելի իրազեկ և բարձր գիտակից հասարակություն ունենանք»,- եզրափակեց Աթոյանը։

Սկսած 2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը՝ իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով։ Այս տարի հիշյալ նախաձեռնությունը, որը կրում է «Պատվաստվե՛ք, պաշտպանվե՛ք, կանգխարգելե՛ք» կարգախոսը, մեկնարկել է ապրիլի 27-ից և կշարունակվի մինչև մայիսի 3-ը։

Յուրաքանչյուր տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը։ Այս նախաձեռնության շրջանակում հարյուրավոր միջոցառումների միջոցով՝ քաղաքային զբոսայգիներից մինչև խորհրդարաններ, սոցիալական կայքերից մինչև երեկոյան լուրեր, բարձրացվում է պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկումը։

Եվրոպական երկրներում շարունակում են մնալ ընկալ խմբեր, որոնք յուրաքանչյուր տարի բերում են երեխաների ու մեծահասակների շրջանում հիվանդությունների և նույնիսկ մահվան դեպքերի առաջացման, որոնք հնարավոր էր կանխել պատվաստումների միջոցով։ Այս օրերին կարմրուկի առումով լարված համաճարակային իրավիճակ է ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի երկրներում։

Ստեփան Աթոյանն իր խոսքում հիշատակեց 2023-24 թվականներին Հայաստանումն գրանցված դեպքերը, ինչը պայմանավորված էր ոչ միայն բերովի հանգամանքով, այլև այն իրողությամբ, որ մարդիկ կարմրուկի դեմ պատվաստումը բաց էին թողել, ուստի վարակվեցին հենց նրանք։ Ընդ որում՝ վարակվածների 30 տոկոսը կազմում էին մեծահասակները, ուստի նրանց համար նույնպես սկսվեց պատվաստումային գործընթաց։ Դա ևս ապացուցում է պատվաստումներ ընդունելու անհրաժեշտությունը, հետևաբար իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով ապահովում են մեծ արդյունքներ։

Մասնագետների պնդմամբ՝ պատվաստանյութերի լայնածավալ կիրառման արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը։ Այսօր արդեն փաստ է բնական ծաղիկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆտերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի։

Տեսանյութեր

Լրահոս