«Նիկոլ Փաշինյանն էլ է ստում, Գեղամ Նազարյանն էլ. 2 սահմանապահ որ 2 ինքնաձիգով կանգնած են սահմանին, համարում են՝ անվտա՞նգ է». Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին և պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ ասելով, որ Կիրանցն անվտանգ չէ, ինչպես հայտարարում են նրանք։

«Նիկոլ Փաշինյանն էլ է ստում, Գեղամ Նազարյանն էլ, այսինքն՝ 2 սահմանապահ որ 2 ինքնաձիգով կանգնած են սահմանին, նրանք դա համարում են անվտա՞նգ։ Ամրացված դիրքերը, շրջանները դրեցին-քանդեցին, փշալար քաշեցին ու մտածում են, թե անվտանգ սահմա՞ն են սարքել։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ու իր նման տգետների համար կարող է անվտանգ է»,- 168.am հետ զրույցում նշեց Միհրան Մախսուդյանը՝ խոսելով Տավուշում տիրող ընդհանուր իրավիճակի և իշխանությունների հայտարարությունների մասին, թե սահմանազատումից հետո Կիրանցն ավելի անվտանգ է դարձել։

Նրա խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին գնացել էր Կիրանց և նկարվում էր այնտեղ գյուղն ադրբեջանական սահմանի հետ բաժանող հայտնի պատի մոտ, մեջքով էր կանգնել թշնամու կողմը, իսկ ինքը չի կարող մեջքով կանգնել թշնամուն, որովհետև վստահ է՝ կկրակեն։

«Ի տարբերություն իրեն, ես այդ պատի մոտ մեջքով դեպի իմ ժողովուրդն եմ կանգնում, իսկ ինքը մեջքով դեպի թշնամին էր կանգնել՝ իր միակ թիկունքը, հույսն Ադրբեջանն է։ Ինքն իր սեփական ժողովրդից վախենում է, վախենում է նրան մեջքով կանգնի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Խոսելով վերջին 1 ամսվա ընթացքում Սյունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, պահեստազորի գնդապետը ցավով արձանագրեց՝ Ադրբեջանի նպատակը լայնածավալ սադրանքներն են, ինչին նա գնում է։

«Սյունիքի կրակոցները բոլորիս համար մտահոգիչ է, սա պետք է Սուրեն Պապիկյանը գիտակցի, նաև մյուսները՝ ԳՇ պետի հետ միասին։ Պետք է հասկանան, որ հակառակորդը նոր պատերազմ է հրահրում, գնում է նոր սադրանքների։ Վաղուց եմ ասել, որ Ադրբեջանը հենց այնպես չի կրակում, պետք է պատրաստ լինենք ադրբեջանական նոր սադրանքների։ Եթե խաղաղություն են ուզում, պետք է պատրաստվեն այդ պատերազմին, իսկ եթե ուզում են խաղաղություն կնքեն վերջնականապես, պետք է դա կնքեն հակառակորդի հողի վրա, ոչ թե սեփական հողի։

Եթե Սյունիքում որևէ ռազմական գործողություն սկսվեց, այն անմիջապես տեղափոխվելու է  Տավուշ»,- շեշտեց Միհրան Մախսուդյանը։

Ինչ վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, պետք է շարունակվեին Տավուշի մարզից, Միհրան Մախսուդյանն ասաց՝ ժողովուրդը թող չշտապի։

«Նիկոլը հիմա փորձում է Ալիևի ու իր թուրք մեծերի հետ խոսի, համոզի, որ պատերազմ չսկսեն, որպեսզի 2026 թվականին իշխանությունում նորից վերարտադրվի ու դրանից հետո տարածքները կհանձնի։ Սակայն Ալիևը չի ուզում դրան գնա, պահանջում է, որ մինչև  2026 թվականն ավարտեն ամեն ինչ։ Եթե կարողացավ Ալիևին համոզել, որ ինչ տվել է Տավուշում՝ դրանով բավարարվի, մնացածն էլ 2026 թվականին կտա, ապա մինչև 2026 թվականը սահմանազատում չի լինելու։ Բայց Ալիևը վստահ չէ, որ Նիկոլը 2026 թվականին ընտրվելու է, Նիկոլն էլ հիմա ժողովրդին փորձում է համոզել, թե վերջ՝ որևէ զիջում էլ չի լինելու Ադրբեջանին»,- ընդգծեց Միհրան Մախսուդյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին գնացել էր Կիրանց, որի վերաբերյալ ֆեսյբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, թե «Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է»։

«Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է ևս 43-ը։ Սա՛ է Իրական Հայաստանը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք նաև, որ Կիրանցում կառուցված պատից այն կողմն Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներն են, իսկ պատից այս կողմ Կիրանցի նորակառույց դպրոցն է։ Ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանին ասում էին, որ Կիրանցի դպրոց գնացող երեխան ամեն օր ստիպված պետք է տեսնի ադրբեջանցի զինվորներին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե չեն ցանկանում տեսնել ադրբեջանցիներին, կարող են ծառ տնկել դիմացը։

Նշենք նաև, 2024 թվականի ապրիլի 23-ին Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը, ինչի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, քանի որ առաջին անգամ հայ-ադրբեջանական սահմանին սահմանային սյուն է տեղադրվել։

Տեսանյութեր

Լրահոս