
Ջազի միջազգային օրը քաղաքային բյուջեին այս տարի արժեցել է 34 միլիոն 433.000 դրամ

Ապրիլի 30-ին Երևանում՝ Կասկադում, բացօթյա միջոցառմամբ նշվեց Ջազի միջազգային օրը․ դա Երևանի բյուջեի, հետևաբար՝ երևանցիների վրա արժեցել է 34 միլիոն 433.000 դրամ։ Այս միջոցառման կազմակերպման պայմանագիրը Երևանի քաղաքապետարանը կնքել է ապրիլի 29-ին, գնումը կատարվել մեկ անձ ընթացակարգով։
Մատակարար ընկերությունը «Ջազի հայկական ասոցիացիա»-ն է, որը մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր ունի կնքած Երևանի քաղաքապետարանի հետ։
Նախորդ տարի՝ 2024 թվականին, դարձյալ ապրիլի 29-ին կնքված պայմանագրով ու դարձյալ մեկ անձ գնման ընթացակարգով, այս ասոցիացիայի կողմից Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառման իրականացման ծառայություններն արժեցել էին 39 միլիոն 774.000 դրամ։
2024 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարանը նորից մեկ անձ ընթացակարգով դարձյալ գնում է կատարել «Ջազի հայկական ասոցիացիա»-ից՝ այս անգամ պատվիրակելով Երևանում միջազգային լուսանկարչական փառատոնի կազմակերպման վեհ առաքելությունը:
Ի դեպ, ցայսօր պարզ չէ, թե ինչո՞ւ է այս ասոցիացիան որոշել զբաղվել նաև լուսանկարչական փառատոներով։
Հիշեցնենք՝ նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանի ջրերը մեկ առվով չէին հոսում․ 2021 թվականին Ջազի փառատոնը քաղաքապետարանի կողմից չֆինանսավորելու հեռակա բանավեճից հետո հայտնի էր դարձել, որ Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից, Մովսեսյանն էլ իր հերթին էր պնդել՝ ինքն է հետ վերադարձրել այն։
Իսկ Երևանի քաղաքապետարանը, նկատել էր՝ նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված տարվա համերգը՝ կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված։