
ԱՄՆ-ն նախատեսում է դադարեցնել SLS լուսնային հրթիռի և Orion տիեզերանավի ֆինանավորումը և կրճատել դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքների քանակը

Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել SLS գերծանր լուսնային կրող հրթիռի և Orion կառավարվող տիեզերանավի արձակումների ծրագրի ֆինանսավորումը՝ Artemis նախագծի շրջանակներում դրանց՝ 2027 թվականին նախատեսված երրորդ թռիչքից հետո։
Այս մասին նշված է 2026 թվականի դաշնային բյուջեի նախագծում։
Տիեզերական մեկնարկային համակարգի (Space Launch System, SLS) հրթիռի և Orion պարկուճի մշակման չափազանց թանկ և ձգձգված ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի դրանց երրորդ թռիչքից հետո, որը պետք է Լուսին հասցնի ամերիկացի տիեզերագնացներին։
Միայն SLS-ի մեկ անգամվա արձակումը գնահատվում է 4 միլիարդ դոլար, իսկ դրա մշակման ծախսերն արդեն գերազանցվել են 140 տոկոսով։
2024 թվականի տվյալներով՝ ծախսերն արդեն գերազանցել են 32 միլիարդ դոլարը։Բյուջեով կֆինանսավորի դեպի Լուսին SLS-ի և Orion-ի թռիչքների փոխարինումը ծախսերի տեսանկյունից ավելի արդյունավետ առևտրային համակարգերով, որոնք հետագայում աջակցելու են ավելի հավակնոտ լուսնային առաքելություններին։
Նախատեսվում է նաև դադարեցնել Gateway լուսնային ուղեծրային կայանի ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների հետ համատեղ և պետք է օգտագործվեին SLS հրթիռի և Orion տիեզերանավի միջոցով դեպի Լուսին կառավարվող թռիչքներին աջակցելու համար։
ԱՄՆ-ն մտադիր է կրճատել նաև դեպի Միջազգային տիեզերակայան կառավարվող և բեռնատար տիեզերանավերի թռիչքների քանակը՝ 2030 թվականին կայանի շահագործման դադարեցմամբ պայմանավորված։
Նշվում է, որ կրճատվելու են տիեզերակայանի անձնակազմը և այնտեղ իրականացվող հետազոտությունների քանակը։