
«Քաղաքական օրթախության» նուրբ արվեստը

«Արթուն ենք» շարժման կողմից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի նախաձեռնությունը կրկին քաղաքական օրակարգ է բերել արդեն մի քանի տարի շարունակ ակտիվորեն քննարկվող իշխանափոխության տարբեր սցենարների իրատեսականության հարցը։
Պայմանականորեն՝ քաղաքական, փորձագիտական դաշտը բաժանված է երկու մասի. մի հատվածը միանգամայն արդարացիորեն գտնում է, որ եթե քաղաքական գործընթացները հասնեն մինչև 2026թ․ հերթական ընտրություններ, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով վերարտադրվելու է։ Հակադիր ճամբարի ներկայացուցիչները պնդում են, թե ընտրությունների միջոցով հնարավոր է Փաշինյանին հեռացնել իշխանությունից, և դա պնդելով ու, ի դեպ, դեռևս առարկայական որևէ քայլ չանելով, դիմադրում են իմպիչմենտի նախաձեռնությանը, որը, այո, ամենևին երաշխավորված չէ, սակայն առնվազն փորձ է՝ քաղաքական գործիքակազմով իշխանափոխության հասնելու համար։
«Ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն անել» թեզի հիմնական գեներացնողները Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն ու աջակիցներն են, որոնք այդ նարատիվն առաջ են մղում հատկապես Քոչարյանի վերջին ասուլիսից հետո, որում նա ազդարարեց 2026թ. ընտրություններին որևէ ձևաչափով մասնակցելու մասին՝ այն շեշտադրմամբ, որ միայն այդպես է տեսնում իշխանափոխության հնարավորությունը։
Այս շարքում առավել ակտիվ են «Մայր Հայաստան» կուսակցության և դաշինքի անդամները, որոնց ոչ համոզիչ փաստարկներին վերջերս ավելացել է Գյումրիի ավագանու ընտրությունների՝ արդարացի թվացող, բայց իրականում մոլորեցնող նախադեպը։ Գյումրիում ՔՊ-ի պարտությունը քոչարյանականները փորձում են ներկայացնել որպես ընտրությունների միջոցով իշխանությունից ազատվելու օրինակ՝ դա մեխանիկորեն տարածելով համապետական ընտրությունների վրա։
Այս փաստարկը, սակայն, շատ թույլ է մի քանի պատճառներով։
Նախ՝ Գյումրիի ընտրությունները, որքան էլ կարևոր, ամեն դեպքում, սոսկ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին, և ՔՊ-ի պարտությամբ Նիկոլ Փաշինյանը կորցրեց ոչ թե սեփական իշխանությունն ու անվտանգությունը, այլ ժամանակին ՀՀԿ-ական, ապա մարուքյանական որևէ Սարիկի քաղաքապետության շանսը, ինչը, որքան էլ անցանկալի, այդուհանդերձ տանելի ձախողում է իրենց համար։ Բացի այդ, Գյումրիի ավագանու նախօրեի նիստը ցույց տվեց, որ այդ թվում՝ «Մայր Հայաստանի» աջակցությամբ քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանի հաղթանակն ամեն դեպքում այդքան էլ ՔՊ-ի ջախջախիչ պարտությունը չէր, քանի որ ՔՊ-ականներն ընտրվեցին հանձնաժողովների ղեկավար պաշտոններում, իսկ Վարդան Ղուկասյանն ու ՔՊ-ի Սարիկն առաջին նիստն անցկացրեցին, մեղմ ասած, համերաշխության մթնոլորտում։ Սրանք ընդամենը տեղական առանձնահատկություններն են։
Շատ ավելի կարևոր է «ընտրություններով հնարավոր է» թեզն առաջ մղողների քաղաքական անհեռատեսությունը, որը հիմք է տալիս ենթադրելու, որ դրա հիմքում ոչ թե քաղաքական գիտելիքի բացակայությունն է, այլ ստվերային ինչ-ինչ նպատակներ։ Համենայնդեպս, երբ էլեկտորալ իշխանափոխության իրատեսականության մասին են խոսում իրապես քաղաքական միտք ու վերլուծական կարողություններ ունեցողները (օրինակ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը)՝ առանց հաշվարկելու մինչև 2026թ․ փաշինյանական իշխանության կողմից բռնաճնշումների, ընդդիմադիրներին շինծու գործերով ազատազրկելու ռիսկերը կամ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ռազմական էսկալացիայի շատ իրատեսական սպառնալիքներն ու դրանց միջոցով ընտրական գործընթացի վրա ազդելու Հայաստանի իշխանության հնարավորությունները, ողջամիտ կասկած է առաջանում, որ նման դատողություններն արվում են ոչ թե իրական իշխանափոխության, այլ իրական իշխանափոխության թեկուզ դժվարին, բայց արդեն եզակի թվացող շանսը կանխելու նպատակով։
Ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ի թիվս այլ անհրաժեշտ գործոնների՝ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը պարտության դեպքում պատրաստ է հանձնել իշխանությունը։
Անցած յոթ տարիները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել գործնականում ամեն ինչ՝ սկսած ազգային ինքնությունից ու սրբություններից, մինչև հազարամյա հայկական տարածքներ, բայց ոչ երբեք՝ իշխանությունը, ավելին՝ մնացյալ ամենայնը նա հանձնել է հենց հանուն իշխանությունը պահպանելու։
Հետևաբար, ցանկացած քաղաքական ռազմավարություն կամ մարտավարություն, որում թեկուզ փոքր չափով տեղ ունի Փաշինյանի կողմից իշխանությունը հանձնելու կանխավարկածը, մեղմ ձևակերպման դեպքում, մոլորություն է, իսկ որ ավելի հավանական է՝ ստվերային ծառայություն՝ նույն Փաշինյանի իշխանությանը։
Ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր է լավագույն դեպքում փայ ստանալ իշխանության մեջ, բայց ոչ երբեք՝ ամբողջական իշխանություն։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր առաջ են մղում «ընտրությունների միջոցով հնարավոր է» թեզը, շատ մեծ հավանականությամբ, պայքարում են ապագա իշխանության կազմում մասնաբաժին ունենալու համար՝ թքած ունենալով, որ դրա վերահսկիչ փաթեթը շարունակելու է պահպանել Նիկոլ Փաշինյանը։
ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ