Անկախության հռչակագրի դեմ քայլերը վկայում են, որ Հայաստանում իշխանությունն ուզուրպացված և բռնազավթված է․ Արամ Օրբելյան

Անկախության հռչակագրին հղում պարունակող Սահմանադրության նախաբանն ու առաջինից երրորդ հոդվածներն անփոփոխելի են։ Տեխնիկապես, շատ տեսականորեն, իհարկե, կարելի է ունենալ ունենալ նոր սահմանադրության տեքստ, որը նման հղում չի պարունակի։ Բայց Անկախության հռչակագիրն ինքնին բովանդակում է մի պնդում, ըստ որի՝ այն հիմք է հետագայում սահմանադրություն ընդունելու համար։ Եթե անգամ հղումը հանվի, դա չի նշանակում, որ Հռչակագիրը դադարում է գոյություն ունենալուց։ Քանի կա ՀՀ-ն՝ որպես անկախ պետություն, Անկախության հռչակագիրը բազային, վերսահմանադրական փաստաթուղթ է, որը շարունակելու է գործել և լինելու է ՀՀ-ի իրավական առաջին փաստաթուղթը, այն բազան, որի հիման վրա ստեղծվել և գործում է իրավական համակարգը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը։

«Ինչ սահմանադրության տեքստ էլ մշակվի, այն պետք է համապատասխանի Անկախության հռչակագրին։ Եթե այդպես չէ, ուրեմն Հայաստանում իշխանությունն ուզուրպացվել և բռնազավթվել է։ Մարդիկ կարող են փոխել սահմանադրությունը, և որևէ մեկը կաշկանդված չէ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու։ Երեք սերունդ այն կողմ չպետք է կաշկանդված լինեն այն սահմանադրությամբ, որը մենք ենք կիրառում այսօր։ Միաժամանակ, պետք է հասկանանք, որ մենք ինչ-որ ձևով տարբերվում ենք մնացած բոլոր պետություններից, ինչպես յուրաքանչյուր այլ պետություն։ Դրա համար է, որ կան բազմաթիվ պետություններ, պետականությունները չեն վերացել, և չկա ինչ-որ համընդհանուր կառույց»,- ասաց փաստաբանը։

«Պետությունները յուրահատուկ են, դրանք փոփոխվում են, ժողովրդագրությունը, կրոնական պատկանելությունը, մոտեցումները, ընկալումները՝ ևս, բայց այն պետությունները, որոնք կարողանում են ընկալել, որ սահմանադրությունները պետք է լինեն երկարատև, անընդհատ չփոփոխվեն, կայուն լինեն՝ որոշակի ճկունություն ունենալով հանդերձ, ավելի հարատև ու հզոր են։ ՍԴ-ն Անկախության հռչակագրի հետ կապված որոշում կայացրեց, բայց միևնույն է՝ Սահմանադրությունն Անկախության հռչակագրի մաս է կազմում և պետք է մեկնաբանվի նրա լույսի ներքո։ Անկախության հռչակագրում նշված նպատակներն ու չափանիշները, որոնք վերաբերում են ՀՀ-ին, շատ կարևոր են։ Այստեղ կա մեծ շփոթմունք, որ խնդիրը միայն Հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելն է։ Իրականում այս ամբողջ գործընթացը, ըստ որի՝ Ադրբեջանի պահանջով Անկախության հռչակագրի հղումը պիտի հանվի, կեղծ օրակարգ է»,- նշեց Օրբելյանը։

Կարդացեք նաև

Փաստաբանի կարծիքով՝ գործող իշխանությունը նպատակ ունի վերարտադրվելու և դրա համար պատրաստ է ցանկացած գործողության, ընդհուպ՝ Հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելուն․

«Եթե հանկարծ զգան, որ վերարտադրվելու համար պետք է սահմանադրություն ընդունել, որի նախաբանի փոխարեն Արարատ լեռն է պատկերված, այդպիսի սահմանադրություն կփորձեն ընդունել, հետո աստիճանաբար կհանեն։ Իրականում խնդիրն այլ է՝ պետք է զգույշ լինենք զգայուն հոդվածների հարցում։ Հիմք կա պնդելու, որ իրականում փոփոխություններում Հայ Առաքելական եկեղեցուն, հայոց լեզվին, պետական խորհրդանշաններին վերաբերող դրույթներն են հանվելու։ Կառավարման համակարգում այնպիսի փոփոխություններ են փորձելու անել, որ վարչական ռեսուրսով և կեղծիքներով կարողանան փորձ անել վերընտրվելու»:

«Անկախության հռչակագրին հղումը շատ կարևոր է, բայց դրա բովանդակությունն ավելի կարևոր է։ ՍԴ որոշման լույսի ներքո՝ խնդիրը Հռչակագրում գրված արժեքների վերացումն է, այսինքն՝ Հայաստանը պետք է դառնա պատճենված պետություն, Հայաստան չպետք է լինի։ Չգիտես ինչու՝ անընդհատ ասվում է, թե մենք վատն ենք, պիտի լավը լինենք։ Իրականում մեր պատմությունը՝ և՛ հազարամյակների, և՛ վերջին հարյուրամյակի, մշտապես բացասական լույսի ներքո է ներկայացվում։ Պատմության դասագրքերում փոփոխություններ են անում, պատմությունը վերաշարադրում են, նոր հերոսներ են ձևավորում, իրական հերոսներին՝ նսեմացնում, արդյունքում գալիս ենք մի վիճակի, երբ մի նոր պետություն է սարքվում»,- ամփոփեց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս