Ի՞նչն է պատճառը, որ պետությունը դաժան մրցակցության մեջ է մասնավոր սեկտորի հետ․ փողը քաշում է՝ բյուջեի դեֆիցիտը փակում․ տնտեսագետ

Մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում. սա ֆինանսների լավատես նախարար Վահե Հովհաննիսյանի տեսակետն է մեր պարտքային բեռի ու դրա սպասարկման հեռանկարի մասին։

Տեղին է հիշեցնել, որ ՀՀ պետական պարտքը մարտի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 318 մլրդ կամ 13 միլիարդ 581 միլիոն դոլար, բայց նախարարը պնդում է․ «Պարտքի բացարձակ մեծությունն էական չէ։ Տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացող երկրներ են, որևէ խնդիր չկա։ Երկրներ կան, որոնք պարտքի ճգնաժամ են ունեցել նույնիսկ փոքր պարտքի հետ կապված։ Մեկ ընդհանուր ֆորմուլա գոյություն չունի, բայց գոյություն ունի ընդհանուր մոտեցումներ. սովորաբար պարտքը հաշվարկում են ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ»։

Էական չէ՞ արդյոք, պարտքի բացարձակ՝ հատկապես 2018 թվականից հետո փաստացի կրկնապատկված մեծությունը, 168am-ը հետաքրքրվեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանից։

Տնտեսագետը նկատեց՝ ֆորմալ առումով նախարարի նկատառումը ճիշտ է, սակայն բովանդակային առումով՝ մեր իրողությունների համատեքստում, համընկնումներ չկան։

Կարդացեք նաև

«Եթե պարտքի մեծությունը ֆիքսում ենք՝ որպես ստատիկ իրողություն, ցուցանիշ, և եթե կան տնտեսական աճեր, հնարավորություններ․ այդ պարագայում պարտքը սպասարկելը որևէ խնդիր չէ, բայց պրոբլեմը հենց նրանում է, որ վերջին տարիներին հատկապես կատաստրոֆիկ աճել է ներքին պարտքը,- նշեց Ատոմ Մարգարյանը՝ մանրամասնելով,- Այսինքն՝ շատ ավելի թանկ տոկոսներով և սպասարկման ծանր հեռանկարով մասն ավելացել է, և դա պետք է առանձնացնել այս ամբողջ պատմությունից։

Պետք է ֆիքսել՝ ի՞նչն է պատճառը, որ պետությունը դաժան մրցակցության մեջ է մասնավոր սեկտորի հետ․ փողը քաշում է, բյուջեի դեֆիցիտը փակում, իրականացնում ծախսային քաղաքականությունը, մինչդեռ այդ գումարները պոտենցիալ աշխատատեղեր են։ Հաջորդը՝ այդ միջոցների մի զգալի մասը, որն ըստ էության ֆորմալ ներքին պարտք է, օրինակ, վերջին՝ 750 միլիոն դոլարի եվրոբոնդի տեղաբաշխումը, դարձյալ բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոց է։ Սա ևս խնդրահարույց է, թանկ և պրոբլեմային՝ պարտքի սպասարկման տեսանկյունից»։

Ավելի վաղ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ 2025թ. մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1 տոկոս եկամտաբերությամբ:
Տնտեսագետը նաև ցավով արձանագրեց՝ կառավարությունը գերարագ տեմպերով պարտք է կուտակում, իսկ դրա սպասարկում-փակումը հեռանկարի առումով ծանր է։

«Սա պետք է մտահոգի առաջին հերթին նրանց, որոնք պատասխանատու են բյուջեի հետ կապված քաղաքական որոշումներ ընդունելու համար․ նկատի ունեմ իշխող խմբակցությանը և, ինչո՞ւ ոչ՝ նաև պառլամենտական ընդդիմությանը։

Նրանք ինչպե՞ս են հանդուրժում այսպիսի բյուջետային օրակարգը, պարտքային և ծախսային դիզայնը, բայց ինչպես երևում է՝ այդ մարդկանց դա չի հետաքրքրում։ Իսկ կառավարությունը գործադիր մարմին է․ ինչքան շատ հավաքի, քերի, ինչքան շատ ծախսի, իր համար լավ է, քանի որ դա ինչ-որ տեղ նաև կորպորատիվ շահ է»,- հավելեց նա։

Նկատենք, որ 2018 թվականից հետո Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է՝ 6,7 մլրդ դոլարից հասնելով 13,5 մլրդ դոլարի։ Պետական պարտքի կառավարելիության ու կայունության երաշխավորումն ամրագրված է գործող կառավարության ծրագրում։ ՀՀ պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարությունում նշված է, որ պետական պարտքը պետք է ունենա նվազման միտում, բայց իրականությունն այլ բան է ասում․ եթե 2018 թվականի հայտնի իրադարձություններից առաջ պետական պարտքն ավելանում էր տարեկան միջինում 271 մլն դոլարով, ապա հաջորդիվ՝ գրեթե եռապատիկ ավելի։

Տեսանյութեր

Լրահոս