
Արթուն և զգաստ լինելու մասին

Մի ծեր կար Սկյութիայում, որ խիստ տքնում էր մարմնով, սակայն մտքերով անհաստատ էր:
Գնալով հայր Հովհաննես Կարճահասակի մոտ` նրան հարցրեց մոռացկոտության մասին, և լսելով ծերի խոսքը` վերստին եկավ իր խուցը և դարձյալ մոռացավ, թե ինչ էր ասել իրեն ծերը: Դարձյալ գնաց այնտեղ, և ծերը դարձյալ խոսեց նույն բանը, սակայն վերադառնալով ծերի մոտից` դարձյալ մոռացավ: Եվ բազում անգամ այսպես անելով` մոռանում էր ասվածը:
Դրանից հետո հանդիպելով ծերին` ասաց. «Գիտեմ, հա՛յր, որ դարձյալ մոռացա` ինչ որ ասացիր. և քեզ չձանձրացնելու համար այլևս հաճախակի չեմ գալիս»: Հայր Հովհաննեսն ասաց. «Գնա՛ և վառի՛ր ճրագը»: Եվ նա վառեց: Հայրն ասաց. «Այստե՛ղ բեր մյուս ճրագները և վառի՛ր դրանք»:
Եվ նա վառեց բոլորը: Հայր Հովհաննեսն ասաց ծերին. «Մի՞թե վնասվեց այն ճրագը, որից վառեցիր մնացած ճրագները»: Եվ նա ասաց. «Ոչնչով չվնասվեց, տե՛ր»:
Ծերն ասաց նրան. «Այդպես էլ Հովհաննեսը. եթե անգամ ողջ Սկյութիան գա ինձ մոտ, ինձ չեն կտրի Քրիստոսի շնորհներից: Ուստի, դու երբ կամենաս, ե՛կ ինձ մոտ և մի՛ վհատվիր ամենևին»:
Եվ երկուսի համբերությամբ Աստված հեռացրեց նրանից մոռացկոտությունը: Որովհետև այս էր Սկյութիայում բնակվողների բուն գործը` հոժարամիտ լինել նրանց հանդեպ, ովքեր պատերազմում են թշնամու հետ, և իրենք իրենց բռնադատելով` շահել միմյանց ի բարին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016