
Սպերցյանի գոլն ու արդյունավետ փոխանցումն օգնեցին «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը հյուրընկալեց Կազանի «Ռուբին»-ին:
«Կրասնոդար»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ մեկնարկից 5 րոպե անց:
Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը:
Խաղակեսի վերջնամասում` 40-րդ րոպեին, Սպերցյանը նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ․ աչքի ընկավ Տորմենան:
Երկրորդ կեսի ավարտին` 83-րդ րոպեին, «Ռուբին»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռոզկովը:
«Կրասնոդար»-«Ռուբին»` 2:1:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է՝ 61 միավորով:
Երկրորդ հորիզոնականում՝ 54 միավորով «Զենիթ»-ն է, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: