
Ներդրված նոր պատվաստանյութերի ազդեցությունը մեծ է նաև մանկական մահացության ցուցանիշների նվազման գործում. մասնագետ

Հայաստանում բարենպաստ համաճարակային իրավիճակի ապահովման հիմնական պատճառը պատվաստումների գործընթացում ընդգրկվածության թիրախային ցուցանիշների ապահովումն է։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ տեսակետն Աղվերանում կազմակերպված «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ 2025» միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։
«Երբ Հայաստանն անկախացավ, նրա առջև ծառացավ իմունականխարգելման ծրագիր ունենալու խնդիրը, որպեսզի բնակչությունը պատվաստվեր և այդ կերպ պայքար տարվեր այնպիսի վարակիչ հիվանդությունների դեմ, ինչպիսին էր, օրինակ, դիվթերիան։
1990-ական թվականների սկզբին ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային բոլոր հանրապետություններում, գրանցվեցին նշված հիվանդության բռնկումներ, ինչը հաղթահարվեց միայն պատվաստումների մեծածավալ կիրառման արդյունքում։ Նորանկախ պետությունը, որն ուներ սահմանափակ ֆինանսական միջոցներ, այդուհանդերձ կարևորեց պատվաստումների դերն ու սկսեց իմունականխարգելման ծրագրի իրականացումը»,- ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ առաջին ծրագիրը հաստատվել էր ՀՀ առողջապահության նախարարի հրամանագրով, քանզի կար պատկերացում, որ դա միայն տվյալ գերատեսչության գործն է։ Հաջորդիվ, սակայն, գիտակցվեց, որ դա համապարփակ ծրագիր է, որտեղ ներգրավված են մի շարք պետական մարմիններ, ուստի 2005 թվականից սկսած՝ Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր հինգ տարվա համար հաստատվում է տվյալ ժամանակահատվածի կտրվածքով իմունականխարգելման ազգային ծրագիր։
Ներկայումս գործում է 2021-2025 թվականների ծրագիրը, այս տարի պետք է աշխատանքներ իրականացվեն հաջորդ հնգամյակի ռազմավարության մշակման համար։
«Պատվաստումները Հայաստանում իրականացվում են պլանային կարգով՝ ըստ պատվաստումների ազգային օրացույցի, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով՝ ըստ անհրաժեշտության։ Ներկայումս ներգրավված պատվաստանյութերով կանխարգելվում է 20 վարակիչ հիվանդություն։ Վերջին վարակիչ հիվանդությունը, որը Հայաստանում դարձավ կառավարելի, ջրծաղիկն է, որի դեմ համապատասխան պատվաստանյութը մեր երկրում կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից։ Իրականացվելու է փուլային ներդրում, երկրորդ դեղաչափը նախատեսվում է ներդնել 2027 թվականին՝ 4-6 տարեկանների համար»,- նշեց մասնագետը։
Սվետլանա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ պատվաստումների բարեհաջող կիրառման արդյունքում ՀՀ-ում ունենք բարենպաստ համաճարակային իրավիճակ՝ կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով, և հանրապետությունում չեն գրանցվում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պոլիոմիելիտը, դիվթերիան, փայտացումը, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվում են եզակի դեպքերի տեսքով։
2002 թվականից Հայաստանը ստացել է պոլիոմիելիտից ազատ կարգավիճակ։ Դիվթերիայի վերջին դեպքը մեզանում գրանցվել է 2000 թվականին։ «Պատվաստումների ազգային օրացույցում ներդնելով վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութը՝ 1999 թվականից հետո արձանագրվեց վիրուսային հեպատիտի սուր դեպքերի կտրուկ նվազում՝ 140 անգամ։ Սա այն պատվաստանյութն է, որը կանխարգելում է նաև լյարդի առաջնային քաղցկեղը։
Պատվաստումների ազգային օրացույցով ներդրված մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը նույնպես հնարավորություն է տալիս խուսափել քաղցկեղից։ 2007 թվականից մեր երկրում չէին գրանցվում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, և Հայաստանն այդ առումով համարվում էր էլիմինացված երկիր, սակայն 2023 թվականին բերովի դեպքերի պատճառով գրանցվեց կարմրուկի 554 դեպք, իսկ 2024 թվականին՝ 561 դեպք։ Բռնկմանը նպաստեց այն հանգամանքը, որ բնակչության որոշ մասը պատվաստված չէր կարմրուկի դեմ։
Այդուհանդերձ, մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը, և այժմ տարածվածություն չկա, արձանագրվում են միայն եզակի դեպքեր»,- պարզաբանեց բանախոսը։Նրա պնդմամբ՝ կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար անհրաժեշտ է պատվաստումների գործընթացում առնվազն 95 տոկոս և բարձր ընդգրկվածության ցուցանիշ։ Կառավարությունը համապատասխան միջոցառումների շնորհիվ 2025 թվականի վերջին մեկ տարեկանների համար պետք է ունենա ընդգրկվածության 95 տոկոս ցուցանիշ։ «Ինչ վերաբերում է մարդու պապիլոմավիրուսին, ապա դրա դեմ պատվաստումները Հայաստանում ներդրվել են 2017 թվականից։ Արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությունը հանրապետությունում տարեկան կազմում է 2500-3000 դեպք։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տվյալ վարակով պայմանավորված քաղցկեղների 71 տոկոսը բնորոշվում է 16-18 շրջատիպերով, որոնք ներառված են ՀՀ-ում կիրառվող քառավալենտ պատվաստանյութի բաղադրության մեջ։
Վերջին տարիներին իրականացված իրազեկման միջոցառումներն ու անհատական աշխատանքը նպաստեցին ցուցանիշների բարելավմանը։ 2022 թվականի համեմատ՝ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը բարելավվել է 2,4 անգամ»,- տեղեկացրեց Գրիգորյանը։ Նա հավելեց, որ ներդրված նոր պատվաստանյութերի ազդեցությունը մեծ է նաև մանկական մահացության ցուցանիշների նվազման գործում։ Եթե 2006 թվականին մանկական մահացությունը 13,9 պրոմիլ էր, ապա 2023 թվականին ցուցանիշն արդեն կազմեց 6,8 պրոմիլ։
«Այդուհանդերձ, ոմանց պարագայում պատվաստումներից հրաժարումը, դրանց հանդեպ երկմտանքը տակավին մնում են մարտահրավերներ։ Հաջորդ մարտահրավերը պատվաստումների համահավասար հասանելիության ապահովումն է բոլոր համայնքներում, բոլոր անձանց համար։ Մյուս մարտահրավերը կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված որոշակի բռնկումների կամ պարբերական բարդացումների առաջացումն է, հիվանդությունների մասին մոռացությունն է և իհարկե անվստահությունը։
Վերջինս ունի տարբեր բաղադրիչներ, որոնցից առաջինը պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ կասկածներն են, հատկապես նոր պատվաստանյութերի, որի ակնառու օրինակն էր «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերի նկատմամբ ցուցաբերված երկմտանքը»,- ասաց ՀՎԿԱԿ ներկայացուցիչը։
Սվետլանա Գրիգորյանը վստահեցրեց, որ մարտահրավերների հաղթահարման գործում իսկապես մեծ նշանակություն ունի հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և իհարկե համացանցը, որը շատ մեծ ազդեցություն ունի հանրային առողջության բոլոր միջոցառումների, այդ թվում՝ պատվաստանյութերի ընկալման և ընդունման վրա։