Ախալքալաքցի աղջիկը` Miss Junior Armenia 2025 մրցույթի հաղթող

Ախալքալաքից 12-ամյա Կարոլինա Այվազյանը՝ Miss Junior Armenia 2025 մրցույթի հաղթող. «Ես հավատում եմ, որ ամեն ինչի կարելի է հասնել, եթե ցանկություն կա»։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ախալքալաքի Մայակովսկու անվան 2-րդ դպրոցում սովորող 12-ամյա աղջիկը վերջերս արժանացել է «Miss Junior Armenia 2025» մրցույթի հաղթողի տիտղոսին։ Կարոլինան մրցույթի ընթացքում ժպտում էր, ոգևորված էր և, ինչպես ինքն է ասում՝ իրեն բեմում զգում էր ինչպես հեքիաթում։

Նա ոչ միայն հաղթել է մրցույթում, այլ նաև ոգեշնչել է շատերին իր ինքնավստահությամբ ու կենսախնդությամբ։ Իր հաղթանակի գրավականը նա համարում է իր ընտանիքը. «Իմ հաղթանակի խթանն իմ ընտանիքն է։ Նրանք ինձ հետ էին ամբողջ սրտով։ Երբ բեմում էի, զգում էի իրենց ուժն ու հավատը իմ նկատմամբ»։

Գեղեցկության մրցույթներին մասնակցելը Կարոլինայի համար նորություն չէ։ Մի քանի տարի առաջ նա մասնակցել է նաև Թուրքիայում կայացած միջազգային մրցույթին, որտեղ նվաճել է միանգամից երեք տիտղոս՝ «Միսս Արքայադուստր», «Ֆոտոմոդել» և «Միսս Տաղանդ»։

«Երբ հայրս ինձ ասաց, որ պետք է մասնակցեմ այս մրցույթին, ես միանգամից համաձայնեցի։ Նա միշտ հավատում է ինձ։ Իսկ մրցույթի ժամանակ ինձ վստահ էի զգում։ Բարդ բան չկար, ամեն ինչ արեցի սիրով», — պատմեց աղջնակը։

Նրա հետաքրքրությունները բազմազան են։ Դպրոցից հետո նկարում է պարում է, մարզվում է, մասնակցում է տարբեր դասընթացների և, ինչպես ինքն ասաց՝ մշտապես փորձում է իր հմտությունները զարգացնել։

Հաղթանակի պահը նա նկարագրում է որպես երազանքի իրականացում․ «Երբ ասացին իմ անունը՝ քարացա։ Դա աննկարագրելի պահ էր։ Ես հավատում էի, բայց նաև հուզվում էի. չգիտեի՝ լացեմ, թե ուրախությունից թռչկոտեմ»։

Կարոլինայի ամենամեծ երազանքն է՝ լինել մոդել, մասնակցել նորաձևության ցուցադրությունների, ներկայացնել իր երկիրը միջազգային մրցույթներում։ Բայց նա նաև մտածում է բժիշկ դառնալու մասին։ «Ուզում եմ, որ բոլորը՝ իմ հարազատները, լինեն առողջ ու երջանիկ։ Իսկ ես կփորձեմ օգտակար լինել նրանց և իմ համայնքին»։

Աղջիկը վստահ է՝ բոլորի մեջ կա մի փայլ, որը պետք է բացահայտել․ «Ուզում եմ բոլոր աղջիկներին ասել՝ եղեք ինքներդ ձեզ նման։ Մի՛ փորձեք նմանվել ինչ–որ մեկին։ Ձեր քայլվածքը, ձեր ժպիտը, ձեր ուժը՝ հենց դա է ձեզ դարձնում առանձնահատուկ»։

Այս հաջողությունից հետո նա էլ ավելի մեծ ոգևորությամբ է նայում ապագային։ Նրա ցանկությունն է մարզի մյուս երեխաներին նույնպես ոգեշնչել, որպեսզի նրանք տեսնեն, որ ցանկացած երեխա՝ անկախ իր բնակության վայրից կամ պայմաններից, կարող է երազել, նպատակ դնել և հասնել դրան։

«Եղեք համարձակ, սիրեք ձեր արածը ու երբեք մի հրաժարվեք ձեր երազանքներից», — եզրափակեց Կարոլինան։

Տեսանյութեր

Լրահոս