Մեր հիմնական նպատակն է՝ ուսանողին սովորեցնել սովորել. Արմեն Տեր-Կյուրեղյան

Մեր զրուցակիցն է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:

– Հայաստանի Ամերիկյան համալսարանը տարածաշրջանում ԱՄՆ կրթական ոլորտի միակ ներկայացուցիչն է: Սա ի՞նչ նշանակություն ունի, և ի՞նչ նոր զարգացումներ կան՝ համալսարանի հետ կապված:

– Ամենակարևոր զարգացումն այն է, որ վերջերս համալսարանը վերահավատարմագրվեց: Մենք ունենք նույն տեսակի հավատարմագիր, ինչ ունեն ԱՄՆ արևմտյան նահանգների համալսարանները, ինչպես Կալիֆոռնիայի Բերքլին, կամ Ստենֆորդը, և այլն: Նրանք էլ, մենք էլ ունենք WASC-ի կողմից հավատարմագրություն: Կազմակերպության ներկայացուցիչները վերջին անգամ այստեղ էին անցած տարի սեպտեմբերին, դրանից առաջ շուրջ 2 տարի քննեցին, ու այս տարի մարտի սկզբին իրենց որոշումը եղավ: WASC-ն ընդհանրապես տալիս է 7 հազվագյուտ դեպքում՝ 10 տարով հավատարմագիր, մեզ տվեցին 9 տարով, որ նշանակում է, թե ինչքան գոհ էին մեր աշխատանքից ու կրթական մակարդակից: Այսինքն՝ մինչև 2024-ը ՀԱՀ-ի հավատարմագիրը երկարաձգվեց: Հավատարմագրման հիմնական խնդիրն այն է, որ միշտ մենք ինքներս մեզ պետք է քննենք, նպատակ դնենք ու իրագործենք, սխալները ճշտենք, ու օղակը միշտ շարունակվի: 2020թ. մոտ կրկին կպատրաստվենք հաջորդ հավատարմագրման ստուգումների համար:

– «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան 1 միլիոն դոլար է նվիրաբերել ՀԱՀ-ին: Ինչպե՞ս է այն օգտագործվելու, ի՞նչ ազդեցություն կունենա:

Կարդացեք նաև

– Ազդեցությունն այն կլինի, որ ամեն տարի մեր ուսանողներից նրանց, ովքեր տնտեսապես կարիք ունեն օգնության, որպեսզի իրենց ուսումը շարունակեն, կկարողանանք օգնել, և ամենաքիչը 20-40 հոգու համար ուսման վարձ կվճարվի: Դա կախված է նրանից, թե ինչ չափով օգնության կարիք կունենան՝ կիսո՞վ չափ, թե՞ ամբողջությամբ: Ամեն տարի մոտ 40 հոգի կստանան Մարիո Մացոլա և Լուչիանա Քավալեթ անունով կրթաթոշակ. արդեն ինքն այդ անունը պետք է պատիվ բերի ուսանողի համար: Եվ պետք է ավելի առաջնություն տանք այն ուսանողներին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում են սովորում, դա Մացոլայի պահանջն է: Այդ ոլորտի մասնագետները, իրոք, Հայաստանում շատ մեծ պահանջարկ ունեն, և այդ ուսանողները, կարծում եմ, շատ լավ ապագա պետք է ունենան: Եվ դա պետք է ընդմիշտ լինի, որովհետև դրամը մենք չենք ծախսում, մենք դրամի հասույթն ենք ծախսում և այնպես ենք ծախսում, որ դրամագլուխը ժամանակի ընթացքում կշատանա: Հիմա 1 մլն դոլար է, 10 տարի հետո կարող է 2 մլն դոլար լինի: Այսինքն՝ մենք միշտ կկարողանանք ուսանողներին այդ անվան տակ օգտակար լինել:

– Գործարար աշխարհը հաճախ դժգոհում է, որ շրջանավարտների մակարդակը բավարար չէ, բուհն ավարտելուց հետո դեռ պատրաստ չեն աշխատելու, պետք է պրակտիկա անցնեն, վերապատրաստվեն: Այդ խզումը՝ արդյունաբերության և կրթության միջև, ինչպե՞ս կարելի է վերացնել:

– Չգիտեմ՝ արդյոք այդ ասվածը վերաբերո՞ւմ է նաև մեր շրջանավարտներին, թե՞ ոչ: Մենք գոնե բակալավրիատի բաժնից շրջանավարտներ դեռ չենք ունեցել, քանի որ 2 տարի առաջ սկսեցինք, և 4 տարի է տևում այդտեղ ուսումը: Մեր առաջին շրջանավարտները կլինեն 2017-ին: Տեսնենք, նորից այդպե՞ս կգնահատեն, թե՞ ոչ: Բայց պետք է ասեմ, որ այդ խնդրի լուծումն այն է, որ ուսանողներին գործուղեն հատուկ պրակտիկաների, որ, օրինակ՝ ամռանը մի քանի ամսով գործատեղում աշխատեն, ծանոթանան, և եթե 2-3 ամառ այդպես լինի, կարծում եմ, բավականին կսովորեն: Բայց գիտեք, ամբողջ աշխարհում է այդպես, որ ուսանողն ավելի հիմնավոր գիտելիքներ պետք է ստանա, և ոչ թե այն անմիջական կարիքը, որ գործատերն ունի: Ուսանողն այնքան լայն և խոր ուսում պետք է ունենա, որ երբ գնում է գործի, շատ արագ կարողանա գործատուի մեթոդներին սովորել: Ինչո՞ւ է դա կարևոր:

Դա կարևոր է, որովհետև մենք չենք ուզում ուսանող կրթել միայն այս կամ այն ոլորտի նեղ կարիքի համար, այլ ուզում ենք մասնագետ պատրաստել, որ վաղը եթե այդ մի ոլորտը խոստումնալից չլինի, մեկ այլ ոլորտում կարողանան անմիջապես հարմարվել, այսինքն՝ ուսանողին պետք է պատրաստենք այնպես, որ տարբեր ուղղություններով կարողանա աշխատել, ոչ թե պատրաստենք նեղ մասնագետ: Դա է մեր մոտեցումը: Գիտեք, ժամանակները փոխվում են, գործի առիթները փոխվում են, չպետք է ուսանողին պատրաստել շատ նեղ մասնագիտությամբ, որովհետև, երբ ժամանակը փոխվեց, հետո այդ մարդն անօգուտ կդառնա: Պետք է այնպես պատրաստել, որ միշտ կարողանան կողմնորոշվել, որ կարողանան նորությունների հետևից գնալ: Այստեղ մենք միշտ ասում ենք՝ մեր հիմնական նպատակն է՝ ուսանողին սովորեցնել սովորել: Եթե կարողանանք դա անել, ուրեմն հաջողել ենք, մեր պարտականությունն ուսանողի առջև կատարել ենք, որովհետև, եթե ուսանողը սովորում է՝ ինչպես սովորել, ուրեմն հետո աշխատանքի ընթացքում որևէ նոր հարց կամ խնդիր իր առջև դնելու դեպքում կկարողանա կարճ ժամանակում լուծում գտնել:

– Արևմտյան տարբեր ծրագրերով ուսանած շատ քաղաքացիներ, որոշ ժամանակ փորձելով Հայաստանում համապատասխան աշխատանք գտնել, չեն բավարարվում, չեն կարողանում իրացվել, իրենց գիտելիքներին համապատասխան աշխատավարձ և պայմաններ գտնել, և մեկնում են երկրից: ՀԱՀ-ի շրջանավարտների դեպքում իրավիճակն ինչպիսի՞ն է:

– Մենք ունենք վիճակագրական տվյալներ, և մեր շրջանավարտների 71%-ը ՀՀ-ում է աշխատում, 29%-ը՝ դրսում, որոնց մեծ մասը, կարծում եմ, Ռուսաստանում է, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, բայց նրանք շատերն այնպիսի աշխատանքի մեջ են, որ օգտակար են լինում Հայաստանին, հաճախ վերադառնում են այստեղ դասավանդելու: Օրինակ՝ ՀՀ-ից 5-6 հոգի աշխատում են ՄԱԿ-ում, որոնցից 4-ը մեր շրջանավարտներն են, այսինքն՝ իրենք աշխատում են՝ որպես ՀՀ քաղաքացիներ: Հայաստանում գտնվողներից շատերը շատ լավ պաշտոնների են, քանի որ իրենք ծանոթ են արևմտյան մոտեցումներին, կարող են աշխատել հ/կ-ներում, արևմտյան կազմակերպություններում, և ինձ թվում է, որ շատերը կարողանում են հաջողել այստեղ:

Բայց այդ խնդրի՝ երկրից մեկնողների լուծումը Հայաստանում բավարար գործ ստեղծելն է: Լուծումն այն չէ, որ մենք լավ որակի ուսում չտանք, որովհետև կարող է երկիրը թողնեն-գնան, այլ պետք է ստեղծել գործի լավ պայմաններ, որ այդ մարդն այստեղ կարողանա մնալ ու աշխատել: Երկրորդը՝ հիմա ՀՀ-ում պայմաններն այնպես են, որ շատ ընտանիքներ ուզում են, որ իրենց երեխաները ստանան արևմտյան թեքումով ուսում: Եթե ՀԱՀ-ը չլիներ, ես կարծում եմ, շատ ավելի մեծ թվով ուսանողներ դուրս կգնային նման ուսում ստանալու համար: Նաև պետք է ավելացնեմ, որ մեր դասախոսներից շատերը, որ գնացել են ՀՀ-ից, ստացել են բարձրագույն դիպլոմներ՝ PHD և այլն, և հիմա վերադարձել ու աշխատում են մեզ մոտ: Եվ եթե ՀԱՀ-ը չլիներ, ես վստահ չեմ, որ այդ մարդիկ կվերադառնային: Մենք կարողանում ենք իրենց տալ մի ասպարեզ, որ կարող են լավ որակի գիտական գործ ունենալ: Շատ տարբեր տեսանկյուններից եթե նայում եք, ՀԱՀ-ն օգտակար է լինում երիտասարդներին Հայաստանում պահելու գործում՝ տալով այնպիսի ուսում, որ բավարար գործ գտնեն Հայաստանում և չլքեն հայրենիքը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս